կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-15 17:10
Առանց Կատեգորիա

Գողացված մանկություն

Գողացված մանկություն

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում մի փոքրիկ տղայի նկարողը, ենթադրում եմ՝ հայրը, գուցե քեռին, հորեղբայրը կամ մեծ «ախպերը», որոշ հարցեր են տալիս, օրինակ՝ դու ո՞վ ես: Երեխան պատասխանում է՝ ես օրենքով գող եմ: Իսկ որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու: «Զակոննի գող»,- պատասխանում է երեխան:

Երեկ մի տեսագրություն ուղարկեցի քրոջս, որում իմ փոքրիկ դուստրն էր, որը, հեքիաթի գիրքը ձեռքին ,կարդում էր: Ես նրան հարցնում էի` իսկ շունիկն ո՞ւր է, նա ցույց էր տալիս, իսկ հավի՞կը, նա ցույց էր տալիս: Իմ նկարած տեսանյութը համացանցում չի տարածվել, իմաստը ո՞րն է: Հայրը դստեր հետ հեքիաթ է կարդում, շունիկ-հավիկ են ճանաչում: Այ, եթե խոսեին «օրենքով գողերից» եւ գող դառնալուց…

Ես չգիտեմ, թե ինչպես է քնում տեսանյութի հերոս փոքրիկը, երազում ի՞նչ է տեսնում, ո՞ւմ հետ է խաղում, գուցե էլ չի՞ խաղում, հո փոքր բալիկ չէ՞, որ խաղա: Ես չգիտեմ, թե ո՞ր մանկապարտեզն է նա գնում կամ գնալու, գնալո՞ւ է, արդյոք: Ո՞ր դպրոցը, ես չգիտեմ, ու դա ինձ սարսափեցնում է, որովհետեւ իմ աղջիկն ու այդ տղան մի քաղաքում են ապրում, փոքրիկ քաղաքում: Ես սարսափում են նաեւ, որ մեր միջից, իմ ու այդ տղայի հոր միջից, սարսափողը ես եմ, ոչ թե նա, այնինչ` նա ավելի մեծ սարսափներ պետք է ունենա:

Ես սարսափում եմ, որ մեր քաղաքում, փաստորեն, կա առնվազն մի երեխա, որը չգիտի, թե շունիկն ինչ է, հավիկն ինչ է, հեքիաթն ինչ է, ու քանի որ դրանք նա հիմա չգիտի, էլ երբեք չի իմանալու: Ես սարսափում են այն մարդկանցից, այն մեծ մարդկանցից, ովքեր չգիտեն, թե շունիկն ինչ է, հավիկն ինչ է, հեքիաթն ինչ է… Ես ճանաչում եմ այդպիսի մարդկանց եւ չեմ ուզում, որ իմ աղջիկն էլ ճանաչի այդպիսիներին:

Ես սարսափում եմ, որ դա իմ ուզելով չէ: Ու խնդիրն այն չէ, որ այդ տղան անպայման օրենքով գող է դառնալու, խնդիրն այն է, որ այդ տղան մեծանում է մի տանը, մի շրջապատում, որտեղ ողջունվում է օրենքով գող դառնալը: Խնդիրն այն է, որ այդպիսի ընտանիքներ շատ կան եւ մեր կողքին կան:

Երբ երեխաներին սովորեցնում են հայհոյել, դա նկարում են ու ծիծաղում, երբ երեխային սովորեցնում են ծեծել, նկարում են ու ծիծաղում են, ինչու` ոչ՝ երբ երեխային սովորեցնում են ծխել ու հպարտանում են դրանով… Դրանով երեխայից գողություն են անում, մանկությունն են գողանում, ու հետո, երբ նա այլեւս մանուկ չլինի, նա մեզ չի ներելու այդ գողությունը, եւ գնդկահարության կանգնած` մենք հիշելու ենք այն օրը, երբ առաջին անգամ նրան ասացինք՝ մի հատ քֆուր տուր հըլը, բալե\'ս:

Այսօր ես իմ աղջկան պատմելու եմ «Կեռնեխ թագավորը» հեքիաթը: Գիրքը միակ բանն է, որից նա չի ձանձրանում: Ու ես վախենում եմ դրա համար, ես վախենում եմ նրա համար, որովհետեւ գիտեմ, որ կյանքում շնիկներին եւ հավիկներին ճանաչողներն ավելի քիչ են շներից եւ հավերից: Ես վախենում եմ նրա համար, բայց ես նրա կողքին եմ:

P.S Երբ նյութն արդեն պատրաստ էր, տեսանյութը հեռացվել էր համացանցից: Սա, իհարկե, լավ է, բայց վատ է, որ սրանով խնդիրը չի վերանում:

Հովիկ Աֆյան