Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց կառավարությանը` «օդում առկախված լուրերի համաձայն» շարքին հավատարիմ մնալով: Նա այս անգամ անդրադարձավ ԱԺ պատգամավոր, մի քանի ոլորտներում մենաշնորհներ ունեցող Սամվել Ալեքսանյանին: Մասնավորապես, ըստ պատգամավորի, օդում կախված լուրերի համաձայն, Սամվել Ալեքսանյանը քիչ հարկեր է վճարում` դա քողարկելով բարեգործության անվան տակ: Նաև` Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանը ոչ թե շաքար է արտադրում, այլ այնտեղ իսկական «կանտրաբանդա» է գործում, որովհետև նա պատրաստի շաքարի անվան տակ Հայաստան է ներմուծում շաքարի հումք, ինչը հնարավորություն է տալիս նրան խուսափելու մաքսատուրքերից: Փաշինյանն առաջարկեց կառավարությանը` ստուգել այդ ամենը:
«Արդյո՞ք Սերժ Սարգսյանն արգելել է օգտագործել Լֆիկ Սամո մականունը»,- նաև հարցրեց պատգամավորը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ասելով, որ իրեն անձամբ հասկանալի է Փաշինյանի նպատակը, պատասխանեց. «Իրական նպատակն այն է, որ Դուք ուզում եք այդ ձևով հերքել այն տարածված լուրերը, որ ինչ-որ ձևով շաղկապված եք իշխանությունների հետ, արհեստական ընդդիմություն եք և այլն: Եթե դա է նպատակը, ինձ համոզելու կարիք չկա: Դուք շաղկապված չեք իշխանությունների հետ, այնպես որ` ավելորդ ճիգեր մի\' թափեք»:
Փաշինյանն արձագանքեց, որ ապացուցելու բան չունի, ապացուցելու բան ունի իշխանությունը: Նա վստահեցրեց, որ ինքը շարունակելու է այս ֆորմատով անդրադառնալ կառավարության բոլոր անդամներին, այնպես որ` թող նրանք նախապատրաստվեն, թե ինչ են պատասխանելու այդ հարցումներին: