կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-02-02 18:51
Առանց Կատեգորիա

Հայ-վրացական աչքակապություն

Հայ-վրացական աչքակապություն

Թեև ԵԽԽՎ-ում հակահայկական երկու բանաձևերի քվեարկությունից ավելի քան մեկ շաբաթ է անցել, սակայն Հայաստանում չեն դադարում քննարկումներն այդ բանաձևերին վրացական պատվիրակության «կողմ» քվեարկելու մոտիվների շուրջ: Դրա վերաբերյալ հայաստանյան լրագրողները հարց էին ուղղվել նաև երկօրյա այցով Հայաստան ժամանած` Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին, ով նշել էր, թե քվեարկությունների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը և Վրաստանը չեն կարող գոհ լինել միմյանց որոշումներից:

Տարօրինակ է, որ Հայաստանում դեռ գտնվում են Վրաստանի նման պահվածքից զարմացողներ և զայրացողներ: Թե\' ԼՂ հարցի, թե\' տարածաշրջանային անվտանգության և թե\' արտաքին քաղաքական վեկտորների շրջանակներում այդ երկրի դիրքորոշումն ու վարքագիծը երբեք փոփոխության չեն ենթարկվել: Վրաստանը վաղուց է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ԼՂՀ-ով հանդերձ:

Վրաստանի նման պահվածքը պայմանավորված է ոչ թե կոնկերտ Հայաստանի նկատմամբ ընդգծված թշնամությամբ, այլ Ադրբեջանից` էներգետիկ, իսկ Թուրքիայից՝ հաղորդակցային և ներդրումային զգալի կախվածության մեջ լինելու, Ռուսաստանից ագրեսիայի ենթարկվելու մտավախությամբ և, ամենակարևորը, աբխազական ու հարավօսական չլուծված հիմնախնդիրներ ունենալու հանգամանքներով: Վերջին երկու գործոնները Վրաստանին և Ադրբեջանին դարձրել են «բախտակիցներ» և, կամա, թե ակամա, դաշնակիցներ` միջազգային հարաբերություններում և կոնֆլիկտներում միանշանակ տարածքային ամբողջականության դիրքերից հանդես գալու և միմյանց շահերը պաշտպանելու առումով: Վրաստան-Ադրբեջան առանցքը, թուրքական հովանավորությամբ, ունի ստրատեգիական համագործակցության բնույթ:

2005-07թթ. Վրաստանն Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ փորձում էր կյանքի կոչել էությամբ Հայաստանի շահերի դեմ ուղղված ռազմաքաղաքական ՎՈՒԱՄ նախագիծը, որի շրջանակում մի քանի անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում առաջ են մղել, այսպես կոչված, նախկին ԽՍՀՄ-ի տարածքի «սառեցված հակամարտությունների» մասին բանաձևի նախագծեր: Ըստ դրանց` հիշեցնենք, ՄԱԿ-ին առաջարկվում էր ճանաչել այն պետությունների տարածքային ամբողջականությունը, որոնց տարածքում ԽՍՀՄ-ից պահպանվել են «անջատողականորեն տրամադրված էթնիկ խմբեր»` Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան եւ Հր. Օսիան,  Մերձդնեստրը:

Իհարկե, երկրներն առաջնորդվում են իրենց շահերով, և Վրաստանն իր հերթին բավարարված կարող է չլինել տարբեր կառույցներում կա\'մ իրեն վերաբերող հարցերում, կա\'մ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը պաշտպանելուն ուղղված` Հայաստանի քվեարկություններից: Սակայն, կամա, թե ակամա, միմյանց վնասելու տրամադրվածության առումով Երևանն ու Թբիլիսին համեմատության որևէ եզր չունեն: Խոշոր հաշվով` վրացական կողմը Հայաստանից «նեղանալու» ընդամենը մեկ առիթ է ունեցել, երբ նախորդ տարվա ամռանը վերջինս ՄԱԿ-ում դեմ քվեարկեց Վրաստանի փախստականների վերադարձին վերաբերող բանաձևին: Մյուս վիճահարույց հարցերը, որոնցում այս կամ այն կերպ դրսևորվել է Երևանի կողմից իր կամ Ռուսաստանի շահերը պաշտպանելու մղումը, Վրաստանին չեն առնչվել: 

Ի տարբերություն Վրաստանի, որը, ՄԱԿ-ում տարբեր տարիներին Ադրբեջանի ներկայացրած նախագծերին, հիմա էլ` ԵԽԽՎ-ում երկու հակահայկական բանաձևերին կողմ քվեարկելով, ուղղակիորեն Հայաստանին ճանաչել է ագրեսոր, իսկ ԼՂ-ն՝ Ադրբեջանի մաս, Հայաստանը 2008թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո առ այսօր հրաժարվում է  Աբխազիայի և Հր. Օսիայի անկախությունն ու ինքնիշխանությունը ճանաչել՝ չնայած Ռռուսաստանի կողմից գործադրվող ջանքերին: Ճիշտ է՝ դրա հիմնական պատճառն այն է, որ Երևանը չէր կարող այդ քայլին դիմել՝ ԼՂՀ-ի անկախությունը չճանաչած, սակայն փաստը մնում է փաստ, որ այդ դիրքորոշումը համապատասխանում է Վրաստանի ակնկալիքներին: Այս իմաստով Վրաստանի և Հայաստանի միջև հավասարություն դնելու ջանքերը ծիծաղելի են և անհեթեթ:

Բայց խնդիրը սա չէ: Ի վերջո, կապ չունի՝ ով որքան է վնասում հարևան երկրին: Խնդիրն այն է, որ Վրաստանը, բայց հատկապես` Հայաստանը կարծես հարմարվել են նման խաբկանքային իրավիճակին և նրանց համար  ավելի հեշտ տարբերակ է դարձել ձև անելը, թե փոխադարձ այդ վնասարարությունը որևէ կերպ չի խանգարում իրենց «բարեկամական» կապերին: Հայաստանի համար սա լուրջ խնդիր էԱրևմուտքի աջակցության, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ստրատեգիական առանցքի միջոցով դիրքային առավելություն ունենալու պատճառով: Բայց Հայաստանի համար սա լուրջ խնդիր է: Արդեն մոտ մեկ տարի է՝ վրացական իշխանությունները, առանց որևէ հիմնավորման, հայաստանյան որոշ հասարակական-քաղաքական և անգամ մշակութային գործիչների արգելում են Վրաստան մտնել: Ըստ «Հետք»-ի տվյալների՝ վրացական «սև ցուցակում» են հայտնվել պատգամավոր Շիրակ Թորոսյանը, «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախագահի տեղակալ Վահե Սարգսյանը և այլք: Եվ չնայած դրան՝ պաշտոնական Երևանի համար, կարծես, նման խնդիր գոյություն չունի` առհասարակ: Եվ այս աչքակապությունն արվում է՝ ընդամենը Վրաստանի հետ խնդիրներ չստեղծելու մտավախությունից ելնելով:   

Բայց ինչո՞ւ համակերպվել նման իրողություններին, եթե կարելի է իրար երեսի ժպտալուց ու անբովանդակ, արարողակարգային հանդիպումների փոխարեն կոնկրետ օրակարգ ստեղծել, գոնե հասնել նրան, որ միջազգային հարթակներում երկու հարևան երկրների կենսական շահերին վերաբերող տարբեր նախաձեռնությունների ու բանաձևերի քվեարկության ժամանակ կողմերը փոխադարձ չեզոքություն պահպանեն, խուսափեն միմյանց դեմ նախաձեռնություններին մասնակցելուց: Թեև, մյուս կողմից, սրա մասին խոսելը դառնում է անիմաստ, քանի դեռ  վրացական դիվանագիտական վեկտորը գտնվում է ընդամենը ներկայիս «սպորտային» մակարդակի վրա:

Գևորգ Աղաբաբյան