կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-27 18:11
Տնտեսական

Աչքակապություն

Աչքակապություն

Մեկ շաբաթ առաջ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավար անձնակազմը` գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլինի գլխավորությամբ, քննարկվել են երկաթուղուն վերաբերող մի շարք հարցերի, բացի այդ` ներկայացվել է նաեւ ընկերության ներդրումային ծրագրի առաջին կիսամյակի կատարողականը:

«Երկիր»-ի տեղեկություններով` կատարողականից նախարարը դժգոհ է եղել, սակայն Շայդուլինը հավաստիացրել է, որ ներդրումային պարտավորությունները կկատարվեն հաջորդ կիսամյակում:

Մեր հավաստի տեղեկություններով` անցած շաբաթվա վերջում «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենն իր մետ է հավաքել երկաթուղու աշխատակազմին, հանձնարարականներ տվել եւ հանդիպման ավարտից անմիջապես հետո մեկնել է Մոսկվա` զեկուցելու:

Դժգոհությունը` դժգոհություն, հանձնարարականը` հանձնարարական, սակայն ահա թե ինչպես է ներդրումներ կատարում ընկերությունը:

«Երկիր»-ի թղթակիցը վերջերս եղել է երկաթուղու մի քանի կայարաններում եւ, օրինակ` երկաթգծի «Էջմիածին» կայարանում նկատել է, որ միջոցներ խնայելու համար առաջին` երկար եւ լայն կառամատույցը դեռ չվերանորոգած` կառուցել են երկրորդ` փոքրը, ինչը դժվարություններ է ստեղծում կայարանից օգտվողների համար: Այսպես` երկրորդ կառամատույցը ընկերությունը կառուցել է գնացքի 3 վագոնի երկարությամբ, իսկ թե որտե՞ղ պետք է կանգնի էլեկտրագնացքի 4-րդ վագոնը, երեւի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն էլ պատասխան չի կարող տալ:

Մեր թղթակցի հետ զրուցած ուղեւորներից մեկը նաեւ հայտնել է, որ նորակառույց կառամատույցն այնքան նեղ է, որ եթե օրերից մի օր կառամատույցում սպասող ուղեւորները հայտնվեն երկու հանդիպակաց գնացքների միջեւ, վտանգավոր վիճակ կստեղծվի: