Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում` հունվարի 31-ին լինելով Չարենցավան քաղաքում՝ ՀՀ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ուշագրավ հայտարարություն արեց: Նա ընդգծեց, որ մարդիկ չեն ցանկանում ցածր աշխատավարձով աշխատատեղերում աշխատել, այլ նախընտրում են նպաստ ստանալ: Նախագահը հայտարարեց, որ Երեւանում հազարավոր աշխատատեղեր կան, բայց` ցածր վարձատրությամբ, եւ մարդիկ չեն ցանկանում աշխատել այդտեղ: «Երեւանցիները չեն ուզում 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերում աշխատել, որովհետեւ դրանով չեն կարողանա հոգալ իրենց հոգսերը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Նախագահից առաջ վարչապետն էր նման հայտարարություն արել՝ ասելով, թե մարդիկ գերադասում են 30-50 հազար դրամ նպաստ ստանալ, քան աշխատել եւ ստանալ 90-120 հազար դրամ աշխատավարձ: Սոցցանցերում նախագահին ու վարչապետին առաջարկ եղավ նշել այդ հասցեները, որպեսզի բազմահազար աշխատանք փնտրողները կամ ցածր աշխատավարձ ստացողները գնան այդ հազարավոր աշխատատեղերի հետքերով: Մենք եւս փորձեցինք փնտրել այդ աշխատատեղերը:
Եվ այսպես` աշխատանք չունեցող անձանց մի մասը գրանցված է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության ծառայություն» պետական գործակալությունում: Սովորաբար, գործատուները նաեւ այս գործակալության միջոցով են որոնում աշխատողների: Եվ հենց այս զբաղվածության կենտրոնների տվյալների հիման վրա են մեր երկրի ղեկավարները տեղեկանում՝ մարդիկ աշխատո՞ւմ են, թե՞ իրենք իրենց մատնում են հարկադիր պարապուրդի: Պետք է, որ նախագահի ու վարչապետի փաստարկները հենվեն սոցապնախարարության՝ «Զբաղվածության ծառայություն» պետական գործակալության տվյալների վրա:
Գործակալությունից տեղեկացանք, որ հունվարի 1-ի դրությամբ` հանրապետությունում հաշվառված գործազուրկների թիվը կազմում է 62,400, որոնցից 19,800-ը՝ Երեւանում: Թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը դրված է «Զբաղվածության ծառայություն» պետական գործակալության կայքում: Այն մանրակրկիտ ուսումնասիրելով, ցավոք, թե' վարչապետի, թե' առավել եւս՝ նախագահի նշած աշխատավարձի չափին գրեթե չհանդիպեցինք: Փետրվարի 4-ի դրությամբ` Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ ԶՏԿ-ում առաջարկվում է 204 աշխատատեղ, Էրեբունի, Նուբարաշեն ԶՏԿ-ում՝ 88, Արաբկիրում՝ 99, Մալաթիա-Սեբաստիայում՝ 94, Աջափնյակի ԶՏԿ-ում՝ 86, Դավիթաշենում՝ 15, Նոր Նորքում՝ 86, Ավանում՝ 33, Քանաքեռ-Զեյթունում՝ 36, Շենգավիթում՝ 59 աշխատատեղ: Փաստորեն, կառավարությունը զբաղվածության պետական գոծակալությունների միջոցով Երեւանում գրանցված 19,800 աշխատանք փնտրողներին առաջարկում է 800 աշխատատեղ: Դրանցից 3-ը նվազագույն աշխատավարձով է՝ հավաքարարներ: 40-ը 36-50 հազար դրամ ռոճիկով աշխատատեղերն են: 100 հազար դրամով՝ 20 աշխատատեղ կա:
Այժմ փնտրենք նախագահի ակնարկած` 130-140 հազար աշխատավարձով աշխատատեղերը: Պարզվում է, որ այդ 800 աշխատատեղից 14-ի դեպքում է գործատուն պատրաստ վճարել 100 հազար դրամից բարձր, եւս 11-ը օրավարձով են եւ կրկին բարձր 100 հազարից: Վերջ: Նախագահի նշած բազում աշխատատեղերը սահմանափակվում են 25-ով: Մոտ 100 աշխատատեղի դիմաց գրած է 0 թիվը: Սակայն դժվար թե գերազանցեն 100 հազար դրամը, մանավանդ` պահանջվում է հավաքարար, թռչուն պահող եւ այլն: Փոխարենը կա նվազագույնից ցածր աշխատավարձով աշխատողի պակաս՝ Աջափնյակում՝ հավաքարար 33 հազար դրամով եւ բակի հավաքարար՝ 30 հազար դրամով, Արաբկիրում՝ էլեկտրամոնտաժող, նամակատար եւ վաճառքի մենեջեր՝ 32,500 դրամով, Կենտրոնում՝ հարցազրուցավար՝ օրը 1000 դրամով:
Ստացվում է, որ «հազարավոր աշխատատեղեր» արտահայտությունը՝ ուղղված «թամբալ» երեւանցիներին, փուչիկ է, հանրությանը մոլորեցնելու ձեւ, թե՝ տեսեք, մենք հետեւողականորեն ստեղծում ենք ապահով Հայաստան, իսկ դուք ձգտում եք` ինքզինքը չքավորության մատնելու: Այստեղից հետեւություն` կա'մ մեր ղեկավարությունը տեղյակ չէ, թե ինչ աշխատաշուկա գոյություն ունի Երեւանում, կա'մ փորձում է ձեւավորել աշխատասեր կառավարության եւ նրան խանգարող ժողովրդի կերպար:
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ. Թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության ծառայություն» պետական գործակալության կայքում՝ http://employment.am/am/vacancy.html