|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵՏՄ անդամակցությանը և ԵՄ բանակցությունները շարունակելու խնդիրներին:
Նա նշեց, որ ԵՏՄ անդամակցությունը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից` նոր հնարավորություններ բացելով երկրի տնտեսական զարգացման համար: Ըստ նախարարի` ԵՏՄ-ն բարենպաստ պայմաններ է ստեղծում ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժի տեսանկյունից:
«Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահի պաշտոնում արդեն երեկվանից, չորս տարի ժամկետով, կնախագահի Հայաստանի կողմից ներկայացված Տիգրան Սարգսյանը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Լրագրողների հարցին, թե ԵՏՄ անդամակցությունն արդյո՞ք չի կաշկանդում Հայաստանին այլ ինտեգրացիոն ուղղություններում, նա պատասխանեց, որ ի սկզբանե` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, Հայաստանը միշտ հայտարարել է, որ շահագրգռված է համագործակցությամբ նաև այլ ինտեգրացիոն կառույցներում:
«Հոռետեսներին կասեի, որ 2015-ը բավական խոսուն էր Հայաստանի հարաբերությունների զարգացման տեսանկյունից ոչ ԵՏՄ անդամ երկրների, կառույցների հետ: 2015-ին էր, որ Հայաստանի նախագահը պետական այցելություն ունեցավ Չինաստան, որտեղ տասնյակ պայմանագրեր կնքվեցին, նաև համատեղ հռչակագիր ընդունվեց երկու նախագահների կողմից: ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք ներդրումների խրախուսման, առևտրի շրջանակային համաձայնագիր, հունվարից ուժի մեջ մտան վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրերը և այլն: Եվրամիության հետ մեկնարկեցին բանակցություններ նոր շրջանակային փաստաթղթի ստորագրման նպատակով։ Ընդլայնվեցին հարաբերություններն այլ պետությունների հետ: Իրանից հնչեց հայտարարություն, եթե հիշում եք, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր հեռանկարներ է բացում հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար: Հոռետեսությունը, որը կար, հիմնավորված չէ: Մենք կարծում ենք, որ համագործակցության զարգացումը բոլոր նրանց հետ, ովքեր շահագրգիռ են, այլընտրանք չունի: Մենք այս ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկելու»,- մանրամասնեց նախարարը:
Ինչ վերաբերում է ԵՄ բանակցությունները շարունակելուն, Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն համագործակցության իրավական շրջանակը հստակեցնելուն միտված բանակցությունների հետագա փուլերի վերաբերյալ:
«Մեկ բան ակնհայտ է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ պատրաստ է շարունակել ընթանալ առաջ, ամրապնդել, խորացնել մեր համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով, բոլոր հնարավոր ձևաչափերով՝ նկատի ունենալով մեր հանձնառություններն այլ ինտեգրացիոն պրոցեսներում»,- շեշտեց նա: