կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-18 22:01
Իրավական

Նախկին քննիչը իր վարույթում քննվող քրեական գործով բարենպաստ պայմաններ ստեղծելու համար պահանջել է 300 հազար դրամ

Նախկին քննիչը  իր վարույթում քննվող քրեական գործով բարենպաստ պայմաններ ստեղծելու համար  պահանջել է 300 հազար դրամ

2015 թվականի հունիսի 15-ին  ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում զորամասի դասակի հրամանատարից հաղորդում է ստացվել, որ  2015 թվականի մայիսին  իրեն է զանգահարել նախկինում քննիչ աշխատած Ա.Սարուխանյանը և, ներկայանալով որպես քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազ, քրեական պատասխանատվությունից ազատելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, իրենից պահանջել զգալի չափի գումար:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում 15.06.2015թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խարդախությամբ, կաշառք ստանալու պատրվակով գումար հափշտակելու փորձ կատարելը)։

Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախկին քննիչ Ա.Սարուխանյանն իր վարույթում քննվող քրեական գործով դասակի հրամանատարից պահանջել է 300000 ՀՀ դրամ՝ գործով բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Աշխատանքից ազատվելուց հետո ներկայանալով որպես դատախազության աշխատակից՝ խաբեության եղանակով, կաշառք ստանալու պատրվակով՝ նույն անձից պահանջել է 500000 ՀՀ դրամ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել:

ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով Ա.Սարուխանյանը հունիսի 17-ին ձերբակալվել է: Քրեական գործով նախաքննությունը շարունակելու համար ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունն այն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ։