Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ռոսսելխոզնադզոր»-ը հունվարի 20-ից ժամանակավորապես արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծումը Ռուսաստան: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ`արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով։ Արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթնամթերքների, կաշվի, մորթիների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող մշակում չեն անցել:
Թեմայի վերաբերյալ ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչության տարածած պարզաբանման մեջ նշվում է, որ դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի`Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում գրանցվել է կենդանիների դաբաղ հիվանդության մեկ դեպք, որի մասին էլ Հայաստանը, որպես Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ, տեղյակ է պահել կառույցին, ինչպես նաև ԵՏՄ գործընկերներին:
Yerkir.am-ը սննդի անվտանգության պետական տեսչությունից փորձեց ճշտել, թե հայտնի՞ չէ` վերոնշյալ արգելքը որքան ժամանակ է տևելու: ՍԱՊՏ պետի մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարող ժամկետների մասին խոսել: «Պետք է կանխարգելիչ քայլեր լինեն, հստակ ժամկետ չեմ կարող ասել: Ռուսական պատվիրակությունն այստեղ է, պետք է իրավիճակը գնահատվի: Ժամկետի մասին միայն ենթադրություններ կարող ենք անել… Ամեն ինչ անում ենք, որ կանխարգելիչ միջոցառումներն արվեն, և պատվաստանյութը տեղ հասնի»,- ասաց մամուլի խոսնակը:
Նա հավելեց` քանի որ դաբաղ հիվանդության նոր տիպի մասին է խոսքը, նոր պատվաստանյութ է արտադրվում: «Նոր պատվաստանյութ պետք է արտադրել: Պատվերը տրված է, որ հնարավորինս արագ արտադրվի ու հասցվի Հայաստան: Այդ տեսակը տարածաշրջանում երբևէ չի եղել»,- նշեց Առաքելյանը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ավելի շատ պետք է կենտրոնանալ ոչ թե արգելանքի, այլ մեկ այլ հանգամանքի վրա: «Ռուսական կողմը գնահատականներ հնչեցնելիս հայտարարել է, որ մեզ մոտ դաբաղի վիճակն անկայուն է: Սա է լուրջ մտահոգությունը: «Անկայուն» գնահատականը լրիվ բավարար հիմք է, որ ոչ միայն այդ ապրանքների արտահանումը փակվի, այլև այլ ապրանքներինը ևս: Այս փուլում ինձ մտահոգում է հենց այդ հանգամանքը, որ անկայուն իրավիճակի մասին գնահատական ենք ստացել: Դրա հետևանքները կարող են լինել ավելի ծանր: Օրինակ` պանրի մասին: Մեր պանիրն այսօր ռուսական կողմին պետք է, և այդ մթերքի արտահանումը չեն փակել: Վաղը կարող է պետք չլինել: Հիմնական խնդիրը դա է»,- ընդգծեց Պիպոյանը:
Նա տարօրինակ է համարում նաև այն հանգամանքը, որ հայկական կողմն ասում է`արձանագրվել է դաբաղի միայն մեկ դեպք, սակայն թույլ է տալիս, որ ռուսական կողմը, միայն այդ մեկ դեպքից ելնելով, հայտարարի, որ Հայաստանում դաբաղ հիվանդության հետ կապված իրավիճակն անկայուն է: Պիպոյանի խոսքով` ռուսական կողմի այն հայտարարությունը, թե Հայաստանում այդ հիվանդության հետ կապված վիճակն անկայուն է, բավարար հիմք է, որ մեր երշիկեղենի արտահանումը ևս արգելվի: «Սա ապացույցն է այն բանի, որ մեր ապրանքն իրենց պետք է: Այս դաշտը ռուսական կողմն օգտագործում է` նաև քաղաքական նպատակներից ելնելով: Օրինակ` նրանք կարող են ասել` ես տեսա, որ դուք թուրքական ապրանք եք ներկրել, արտահանել եք, դրա համար եմ սանկցիա անում»,- նշեց ՀԿ-ի նախագահը:
Նա նաև ընդգծեց, որ մեր կողմից ճիշտ մոտեցում չէր նաև ուշ արձագանքելը: «Եթե, այնուամենայնիվ, ունենք մեկ դեպք, ինչո՞ւ է աշխարհը Հայաստանի մասին տեղեկությունը ստանում ռուսական լրատվամիջոցներից: Մենք Հայաստանում առկա հիվանդության մասին տեղեկություն ենք ստանում ռուսական կողմից: Սա ճի՞շտ է, արդյոք: Շատ կուզենայի, որ հայկական կողմի հաղորդագրություններն արժանահավատ լինեն, բայց կա վիճագրություն, որ ինֆորմացիայի առաջին աղբյուրն է արժանահավատ և ոչ թե` պաշտպանվողը: Հիմա մենք ինչո՞ւ հայտնվեցինք պաշտպանվողի կարգավիճակում: Այս հարցերի պատասխանները բաց մնացին: Մենք դեռևս հունվարի 15-ին Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել ենք, որ Հայաստանում կա դաբաղ, բայց մենք խոսում ենք այդ մասին միայն ռուսական կողմի արձագանքից հետո, երբ մեր լրատվադաշտում հայտնվում է ռուսական տեղեկությունը»,- նշեց Բաբկեն Պիպոյանը: