կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-27 15:00
Հասարակություն

Հայաստանի տասը լավագույն բուհերը

Հայաստանի տասը լավագույն բուհերը

2013-ից մեկնարկել է բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը` ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով:

Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, խոսելով վարկանիշավորման արդյունքների մասին, նշեց, որ  փորձել են ներկայացնել համընդհանուր վարկանիշ, որովհետև մինչ այդ աշխատում էին բացառապես հատվածական սկզբունքով` դասակարգելով բուհերը ըստ մատուցած կրթական ծրագրերի և մասնագիտությունների: Այս տարի, ըստ նախարարի, ներկայացվելու է նաև միասնական վարկանիշ, քանի որ մշակել են մեթոդաբանություն, որը հիմնված է միջազգային փորձի վրա և համադրելիության սկզբունքով թույլ է տալիս համեմատել նաև տարբեր բուհեր` ելնելով մի խումբ ընդհանուր ցուցանիշներից ` անկախ բուհերի մասնագիտական կամ կրթական ծառայությունների ուղղություններից:

«Նպատակները մի քանիսն են, առաջին հերթին` հասարակությանը, կրթական ծառայությունների սպառողին տալ հնարավորինս օբյեկտիվ ինֆորմացիա, թե ինչպիսի կրթական որակ, առաջնահերթություններ ունենք մեր բուհական համակարգում, թույլ տալ դիմորդներին` կատարել համապատասխան մասնագիտական ընտրություն` ելնելով այս կամ այն ցուցանիշից, ինչպես նաև խթանել մրցակցությանը` նպաստելով բուհական համակարգում որակի բարձրացմանը»,- ասաց Աշոտյանը:

Ըստ նրա` չկա որևէ վարկանիշ, որից բոլորը գոհ կլինեն, բացառություն չէ նաև հայկական վարկանիշավորման համակարգը, որից նույնպես եղել են որոշակի դժգոհություններ: «Մենք չենք հավակնել բանաձևել վերջին ատյանի ճշմարտություն, մենք տալիս ենք 60-ից ավել չափորոշիչների վրա հաշվարկված, որոշակի մեթոդաբանությամբ կիրառված տվյալներ: Բացի այդ` մեթոդաբանությունները միշտ փոխվել են, փոխվելու է նաև գալիք տարի, քանի որ փոխվում է հանրային և տնտեսական ակնկալիքը բուհական համակարգից»,- ասաց նախարարը:

Այսպիսով` 2015-ին Հայաստանի լավագույն բուհերի տասնյակը գլխավորում է ԵՊՀ-ն, որին հաջորդում են հայ-ռուսական սլավոնական համալսարանը, բժշկական համալսարանը, ամերիկյանը, պոլիտեխնիկը, ֆրանսիականը, ճարտարապետաշինարարականը, մանկավարժականը, Բրյուսովը և տնտեսագիտական համալսարանը: Ի դեպ, ԵՊՀ-ն նաև անցյալ տարվա առաջատարն է:

Աշոտյանը նշեց, որ իրենք մեծ ուշադրություն են դարձրել գիտական գործունեությանը, քանի որ ժամանակակից բուհական համակարգում չկա հաջողված համալսարան, որը չունի զարգացած գիտական կամ հետազոտական ներուժ, իսկ ԵՊՀ-ն տալիս է ՀՀ գիտական պրոդուկտի 1/3-ը: