կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-26 17:06
Մշակույթ

Գեղամ Գրիգորյանն առողջական խնդիրներ ունի, Կարեն Դուրգարյանի հարցով էլ դիմել են նախագահին

Գեղամ Գրիգորյանն առողջական խնդիրներ ունի, Կարեն Դուրգարյանի հարցով էլ դիմել են նախագահին

Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի մի խումբ երաժիշտներ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանք խնդրում են օգնել վերականգնել արդարությունը և նվագախմբի հետագա հաջող գործունեության համար թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնում վերանշանակել Կարեն Դուրգարյանին, որի հետ անցել են 15 տարիների երկար ճանապարհ:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշեց, որ եթե նամակը սահմանված կարգով հանձնել են նախագահականի նամակների բաժին, այն կուսումնասիրվի` ըստ գործող համապատասխան կարգի:

Ճշտող հարցին, թե ի՞նչ է լինում այն դեպքում, երբ նամակը չեն հանձնում  նախագահականի նամակների բաժին, այն բաց նամակի տեսքով է, պարզապես սահմանափակվում են այս կամ այն կայքում հրապարակմամբ, Հակոբյանը պատասխանեց, որ նման դեպքերում դրան վերաբերվում են որպես մամուլի հրապարակման: «Ի դեպ, Օպերայի հետ կապված հարցերը` նշանակում, ազատում, նախագահի լիազորությունների շրջանակում չեն, իսկ մշակույթի նախարարը հարցի վերաբերյալ պարզաբանումներ արդեն ներկայացրել է»,- ասաց նա:

 Yerkir.am-ի տեղեկություններով` մինչ Կարեն Դուրգարյանի` աշխատանքից ազատումը, թատրոնի ներսում պարբերաբար խնդիրներ են առաջացել, խլրտոց է եղել, սակայն ասել, թե գլխավոր դիրիժորի հաստիքի վերացումը կապված էր դրանց հետ, այնքան էլ ճիշտ չէ: Օրինակ` մեր տեղեկություններով` թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը նույնպես Դուրգարյանի հետ որոշ անհամաձայնություն է ունեցել:

Գալստյանը նշեց, որ, այո, ինչ-ինչ հարցեր եղել են, բայց դրանք աշխատանքային պրոցեսին վերաբերող հարցեր են եղել, որոնք անցել-գնացել են, պետք չէ սևեռվել դրանց վրա:

«Մեծ կոլեկտիվ է, ներսում քննարկումներ, հարցեր են առաջանում, ի՞նչ կա այդտեղ: Դուրգարյանի հետ ոչ մի խնդիր չունեմ, ավելին` նրա հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ: Չեմ թաքցնում` լավ էլ հարգում եմ նրան, քանի որ նա շատ լավ երաժիշտ է: Միգուցե Դուրգարյանին նեղացրել են, կամ Դուրգարյանն է նեղացել, անհատական խնդիրներ են, ի՞նչ ասեմ»,- նշեց Գալստյանը:

Հարցին, թե ինչպե՞ս կվերաբերվի փաստին, եթե հանկարծ որոշում կայացվի, որ թատրոնի գլխավոր բալետմայստերի հաստիքը վերացվում է, նա պատասխանեց, որ չի պատկերացնում, որ երբևէ նման որոշում կարող է կայացվել: «Սխալ կլինի, եթե առանց գլխավոր բալետմայստեր լինի: Տեսեք` որքան ժամանակ Ռուդոլֆ Խառատյանն էր գլխավոր բալետմայստեր, և ես երբեք չեմ խառնվել նրանց գործերին և մտքովս էլ չի անցել` խառնվել, քանի որ կարևորը թատրոնի գործունեությունն է»,- շեշտեց Գալստյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է վերաբերվում փաստին, որ թատրոնն այլևս չունի գլխավոր դիրիժորի հաստիք, նա պատասխանեց, որ, միանշանակ, դա էլ է սխալ: «Նվագախումբը պետք է իմանա, որ իր գլխի վերևում մարդ կա, ոչ թե` եկեք` հավասար կիսենք, բոլորը դիրիժոր լինեն: Ո՞ւմ է ենթարկվելու նվագախումբն այդ դեպքում»,- ասաց Գալստյանը:

Դիտարկմանը, թե թատրոնի երաժիշտները մի շարք բողոքի ակցիաներ են արել հաստիքը վերականգնելու և Դուրգարյանին վերանշանակելու նպատակով, Գալստյանը չի՞ մասնակցել դրանց, նա պատասխանեց` ոչ, քանի որ իր կարծիքն առաջին իսկ օրվանից իմացել են: «Երաժիշտներն ինձ չեն էլ դիմել, քանի որ իմ կարծիքը գիտեն: Ես չեմ կարծում, որ թատրոնը պետք է առանց գլխավոր դիրիժորի լինի` անկախ նրանից` ով կլինի այդ պաշտոնում»,- նշեց Վիլեն Գալստյանը:

Ի դեպ, թատրոնից խոստացել էին, որ հունվարի սկզբին մամլո ասուլիս կլինի, և սպառիչ պատասխաններ կտրվեն բոլոր հարցերին, սակայն ասուլիսը հետաձգվել է, քանի որ, մեր տեղեկություններով, թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանն այս օրերին գտնվում է Գերմանիայում, բժշկական հետազոտության է ենթարկվել` առողջական որոշ խնդիրներ ունի:

Հիշեցնենք նաև, որ այս օրերին Հայաստանում է գտնվում անվանի լեհ դիրիժոր և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ով երեկ, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դրսում նման փորձ գոյություն ունի, որ թատրոնը չունենա գլխավոր դիրիժոր, նշել էր, թե քանի որ այստեղ չի ապրում, չի կարող համապատասխան գնահատական տալ, բայց, մյուս կողմից, կարծում է, որ երևի այդպես չպետք է լիներ: 

 

Կարինե Հարությունյան