Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արցախում ռուսաց լեզվի մասին օրենքը կարող է ընդունվել արդեն մարտ ամսին։ Այս մասին հայտնում են Ստեփանակերտում WarGonzo նախագծի աղբյուրները:
«Մեր տեղեկություններով՝ օրենքի նախագիծը, ըստ որի՝ ռուսաց լեզուն պաշտոնական կարգավիճակ կստանա (ինչպես հայերենն է հիմա), արդեն մշակվել է հանրապետության պատգամավորների կորպուսի կողմից: Նախաձեռնողը պատգամավոր Արամ Հարությունյանն է, իսկ դրա շուրջ անմիջական աշխատանքներին մասնակցում էին նաև Արցախի խորհրդարանի երեք խոշոր խմբակցությունների ներկայացուցիչները:
Երկուշաբթի նախատեսվում է օրինագիծը քննարկել Կրթության և գիտության հանձնաժողովի նիստում: Այնուհետև այն կներկայացվի հանրային քննարկման, և մարտին ակնկալում են այն քվեարկության դնել: Հաշվի առնելով, որ հիմնական խմբակցությունները նույնպես հանդես են գալիս որպես մշակող, մենք կարող ենք վստահորեն փաստել, որ չպետք է որևէ խնդիր առաջանա այս հատուկ օրինագծի ընդունման հետ կապված:
Նախնական փաստաթղթից հետևում է, որ պաշտոնական կարգավիճակի շնորհումը ռուսաց լեզվին էապես ընդլայնելու և օրինականացնելու է Արցախում դրա օգտագործման հնարավորությունը:
Հիշեցնենք, որ @wargonzo նախագիծը դեռ դեկտեմբերին էր հայտնել օրենքի պատրաստման մասին: Հայկական, ռուսական և ադրբեջանական բազմաթիվ շրջանակեր թերահավատորեն էին վերաբերվում այս տեղեկատվությանը: Այսօր նախագիծն արդեն խորհրդարանի պաշտոնական շրջանառության մեջ է: Այնպես որ՝ բարև բոլոր թերահավատներին, որոնք կասկածի տակ են դնում մեր պատկերացումները: Հաճախ դա տեղի է ունենում տարածքից իրենց իսկ հավաստի տեղեկությունների բացակայության պատճառով»,– գրում է ռուսական նախագիծը։