կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-23 14:23
Քաղաքական

Անհնար է սպասել առաջընթաց, քանի դեռ կա պատերազմի սպառնալիքը. Շավարշ Քոչարյան

Անհնար է սպասել առաջընթաց, քանի դեռ կա պատերազմի սպառնալիքը. Շավարշ Քոչարյան

Այսօր ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդարդարձավ մի քանի հարցերի, մասնավորապես` ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի աշխատանքի ավարտին: Նա նշեց, որ դա անսպասելի չէր, քանի որ գործում է ռոտացիայի սկզբունք. Ուորլիքի ժամկետը լրացել էր, և նրան պետք է փոխարինեն:

«Արդյո՞ք համանախագահների փոփոխությունը բացասականորեն չի անդրադառնա հակամարտության լուծման գործընթացի վրա» հարցին, Քոչարյանը պատասխանեց, որ չպետք է գերագնահատել այն անձանց, որոնց համանախագահ պետությունները նշանակում են որպես ներկայացուցիչ: «Եթե անձը փոխվում է, դա չի նշանակում որ նախորդ ամբողջ գործընթացը չեզոքացվում է, և նա սկսելու է զրոյից: Բայց եթե խոսքը վերաբերում է ԱՄՆ նախագահի փոփոխությանը, կտրուկ քայլեր չեն լինի, բայց փոփոխություն կարող է լինել»,- ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է դեկտեմբերին Համբուրգում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, Քոչարյանը նշեց, որ հանդիպման ձևաչափն այս պահի դրությամբ դեռևս հստակ չէ:

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների մասին, թե Հայաստանը խուսափում է հանդիպումներից,  ԱԳ փոխնախարարը նշեց, որ դրանք ամբողջությամբ հակասում են նախորդ գործընթացին, որովհետև Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, պարզապես ակնկալիք ունի, որ այդ հանդիպումները լինեն արդյունավետ:

«Առ այսօր բանակցություններում առաջընթաց չկա, ավելին` ներկա փուլում անհնար է սպասել առաջընթաց, քանի չեն իրականացվել Վիենայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները: Անհնար է սպասել առաջընթաց, քանի դեռ կա պատերազմի սպառնալիքը, քանի դեռ կողմերի միջև չկա վստահություն, քանի դեռ կրակում են ու սադրանքներ կազմակերպում շփման գծում»,- ասաց ԱԳ փոխնախարարը: