Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գյուղատնտեսության զարգացումը կապում է գյուղացիական կոոպերատիվների զարգացման հետ:
Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում գյուղացիները չեն վստահում դրանց ու կոոպերատիվներում ընդգրկվելու ապագա չեն տեսնում, նախարարը պատասխանեց. «Ես ասացի, որ դա ստիպողաբար չի լինելու, այլ կամավոր սկզբունքներով: Մենք ոչ մեկին չենք պարտադրելու, մենք ուզում ենք ցույց տալ, որ կոոպերատիվի արդյունքը սա է, յուրաքանչյուր մարդ ինքը կորոշի: Շատերն ասում են, թե նախկին կոլխոզներն են ուզում վերականգնել, բայց ստիպողական դա չի լինելու, ուղղակի լավ փորձը ուզում ենք ավելի մասսայականացնել, որ գյուղացիները իրենց աչքով տեսնեն ու համոզվեն: Գյուղացիական կոոպերատիվների զարգացումը երկարատև պրոցես է: Առաջին կոոպերատիվները ստեղծվել են Գերմանիայում` 150 տարի առաջ, Ֆրանսիայում կոոպերատիվներն են տալիս գյուղատնտեսական արտադրանքի 85 տոկոսը: Այսօր մենք ունենք 340 հազար մանր ընտանեկան տնտեսություններ, բայց նրանց միջոցով մենք չենք կարող գյուղատնտեսություն զարգացնել, դրա համար ենք ասում` միավորվեք, միասնաբար խնդիրներ լուծեք: Մենք չենք պարտադրում, որ հողերը միավորեն, յուրաքանչյուրի սեփականությունը իրենն է, եկամուտներն էլ` համապատասխանաբար, պարզապես կոոպերատիվների արդյունքում նյութական ռեսուրսներն ավելի հեշտ են ձեռք բերում, իրացման խնդիրներն ավելի հեշտ են կարողանում լուծել, որովհետև փոքր ծավալներով իրացումն ավելի դժվար է, քան մեծ ծավալներով իրացումը: Այսօր գյուղացիական կոոպերատիվներ կան, որոնք ունենում են 5 տոննա կաթ, պայմանագիր են կնքում ու վաճառում իրենց ուզած գնով, բայց գյուղացին, որն ունի 10 լիտր կաթ, նրանից այդ կաթը ոչ ոք չի գնում ու պայմանագիր չի կնքում»:
Սերգո Կարապետյանը հավելեց, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում արտադրողներին ցածր տոկոսով բյուջետային վարկեր տրամադրելու ուղղությամբ: Նախարարի խոսքով` վերամշակող ճյուղին այս տարի 2,2 միլիարդ վարկ է տրամադրվել: «Մեր ռեսուրսները քիչ են, լավ կլիներ, որ ավելի շատ վարկեր տային ու սուբսիդավորեինք գյուղացիներին, որովհետև կան երկրներ, որոնք շատ սուբսիդիաներ են տալիս գյուղատնտեսության ոլորտին, առանց որի հնարավոր չէ, որ ոլորտը զարգանա»,- ասաց նախարարը:
Վերջում նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին այս տարիների համագործակցության համար: «Իհարկե, եղել են ժամանակներ, որ իրար չենք կարողացել լիարժեք հասկանալ, դժգոհություններ են եղել, ներողամիտ եղեք, այդ ամենը թողնենք այս տարվա մեջ, իսկ եկող տարի մենք ավելի թափանցիկ ու սերտ ենք աշխատելու ձեզ հետ: Ես ընդունում եմ այն օբյեկտիվ քննադատական խոսքերը, որոնք եղել են, դրանք մեզ օգնում են հետագա աշխատանքներում: Ես համոզված եմ, որ էլ ավելի սերտ կհամագործակցենք եկող տարվա ընթացքում»,- ասաց նախարարը` հայ ընտանիքներին ու երկրին մաղթելով խաղաղություն, և որ բոլոր հայ ընտանիքների եկամուտները ավելանան: