կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-17 12:05
Քաղաքական

Ես այն մարդկանցից չեմ, որ ղեկավարվում են «պրիազնիյով կամ նեպրիազնիյով». Հերմինե Նաղդալյան

Ես այն մարդկանցից չեմ, որ ղեկավարվում են «պրիազնիյով կամ նեպրիազնիյով». Հերմինե Նաղդալյան

Հայտնի է, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանին կփոխարինի ՀՀԿ-ական այլ պատգամավոր` Կարինե Աճեմյանը: Նաղդալյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ կարգն է այդպիսին:

Հարցին` վիրավորված չէ՞ Սերժ Սարգսյանից, քանի որ ասում են` նա է անձամբ ուզում, որ Նաղդալյանը հեռանա ԵԽԽՎ պատվիրակության կազմից, նա պատասխանեց. «Ով ասում է, նրանից հարցրեք»:

Պատգամավորն ասաց, որ թեև միջանցքում հարցազրույց տալու նախասիրություն չունի, այդուհանդերձ, կպատասխանի այդ հարցին: «Դեռ այս խորհրդարանի ստարտի ժամանակ, երբ խորհրդարանը ընտրվեց, պայմանավորվածությունը խորհրդարանի ղեկավարության և ՀՀ նախագահի հետ եղել է այն, որ, քանի որ նոր պատվիրակություն է, և այնտեղ կան նոր մարդիկ, անհրաժեշտ է, որ փորձառուները մի փոքր ավելի երկար աշխատեն: Սա նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգով»,- ասաց նա:

Նաղդալյանը նշեց, որ, ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, նոր խորհրդարան ընտրելու դեպքում հին անդամները վեց ամիս շարունակում են իրենց աշխատանքը, և դա պայմանավորված է նրանով, որ փորձի, կապերի, հարաբերությունների փոխանցման անհրաժեշտություն կա, զեկույցներ կամ աշխատանքներ կան, որոնք կիսատ են, վերջիվերջո, կա ինստիտուցիոնալ հիշողության փոխանցման անհրաժեշտություն, և դրա համար կանոնակարգը դա կարգավորել է:

«Ինչ վերաբերում է կոնկրետ իմ դեպքին, ապա ես ձեր անհանգստությունն ուզում եմ փարատել. ի սկզբանե այս խորհրդարանի ձևավորման ժամանակ մեր պայմանավորվածությունը այսպիսին է եղել, որ վեց ամսվա չափ ես այս պատվիրակության մեջ կատարելու եմ իմ աշխատանքները, զուգահեռաբար, ես նշանակվել եմ ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար, իսկ վեց ամիս հետո թողնելու եմ ԵԽԽՎ-ն և շարունակելու եմ ԵԱՀԿ-ում իմ աշխատանքները»,- ասաց պատգամավորը:

Հարցին էլ` կա՞ Արփինե Հովհաննիսյան-Հերմինե Նաղդալյան հակամարտություն, նա պատասխանեց. «Ես հնարովի բաների մասին խոսելու որևէ նախասիրություն չունեմ, որևէ մեկի հետ ընդհանրապես հակասություն չունեմ: Ես այն մարդկանից չեմ, որ անձնական և այլ տիպի հարաբերությունները բերում են աշխատանքային դաշտ կամ ղեկավարվում են նախասիրություններով, կամ ինչպես ինչ-որ մեկը գրել էր` «պրիազնիյով կամ նյեպրիազնիյով»: Ես այստեղ գալիս եմ աշխատանքի և աշխատում եմ: Կարծում եմ` մեզնից յուրաքանչյուրին պետք է գնահատեն մեր կատարած աշխատանքով»: