կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-21 18:03
Առանց Կատեգորիա

Նախագահների հանդիպման օրը պատերազմի վերսկսո՞ւմ է կանխվել

Նախագահների հանդիպման օրը պատերազմի վերսկսո՞ւմ է կանխվել

Դեկտեմբերի 19-ին Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն չշտապեց արդյունքների մասին մեկնաբանություններ անել: Այսօր, սակայն, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդես է եկել որոշ հայտարարություններով, որոնք ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին չդադարող ռազմական գործողությունների ֆոնին լույս են սփռում ադրբեջանական կողմի իրական նպատակների վրա: Մամեդյարովը հայտարարել է, թե նախագահների հանդիպումը պետք է դրական գնահատել, քանի որ դրա արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից արված համատեղ հայտարարությամբ կողմերին կոչ է արվում 2016թ. ինտենսիվացնել երկխոսությունը հակամարտության համակողմանի կարգավորման ուղղությամբ: «Ներկա պահին Ադրբեջանը պատրաստ է կառուցողական քննարկումներ վարել բանակցությունների սեղանին գտնվող առաջարկությունների շուրջ»,- հայտարարել է նա:

Թվում է, թե Մամեդյարովի հայտարարությունները լավատեսություն են ներշնչում: Սակայն իրականում դրանցում որևէ նորություն չկա: Նախ՝ ուշագրավ է, որ Ադրբեջանի արտգործնախարարը Բեռնի հանդիպումը դրական է գնահատում՝ հիմնվելով ոչ թե բանակցությունների արդյունքների, այլ դրանից հետո համանախագահների արած հայտարարության վրա՝ ակամա խոստովանելով, որ իրականում հանդիպումը բանակցությունները մեռյալ կետից առաջ տանելու ուղղությամբ որևէ արդյունք չի տվել: Բացի դրանից` առաջին անգամը չէ, որ Մամեդյարովը բանակցային փակ գործընթացի այս կամ այն դետալը ներկայացնում է բացառապես այնպես, ինչպես հարմար է Բաքվին: Պատահական չէ, որ, խոսելով բանակցությունների սեղանին գտնվող առաջարկների շուրջ կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին, Մամեդյարովը չի պարզաբանում, թե խոսքը կոնկրետ ո՞ր առաջարկությունների մասին է: Որովհետև իրականում, սկսած 2011թ. Կազանում ԵԱՀԿ գագաթաժողովից, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել արդեն համաձայնեցված կարգավորման հիմնարար սկզբունքների փաստաթուղթը, ոչ միայն շարունակաբար մերժում է դրանից հետո ներկայացվող նույն այդ փաստաթղթի տարբեր մոդիֆիկացիաները, այլև ձգտում է այդ հարցն օրակագից հանել՝ շփման գծում ռազմական գործողությունները բանակցությունների մաս դարձնելով: Վերջինս  խոստովանում է Մամեդյարովն ինքը: Բեռնի հանդիպման վերաբերյալ գնահատականների շրջանակներում անդրադառնալով միջադեպերի կանխարգելման, վերահսկման մեխանիզմների կիրառման մասին համանախագահների առաջարկությանը՝ Մամեդյարովը նշել է, որ դրանք նոր չեն, և որ այդ մասին նշված է եղել 2011թ. մարտին և 2012թ. հունվարին Սոչիում կայացած` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքներով համատեղ ստորագրված հայտարարություններում: Եվ իսկապես, 2011թ. մարտի 5-ի հայտարարության մեջ ամրագրվել է. «Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով և կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

Եվ չնայած այն փաստին, որ, փաստորեն, Բաքուն դեռ 2011թ. է համաձայնել «հնարավոր միջադեպերի հետաքննության» իրականացման մեխանիզմների ներդրմանը, Ադրբեջանի արտգործնախարարը կրկին հայտարարել է, թե շփման գծի երկայնքով այդ մեխանիզմների կիրառումը «ադրբեջանական հողերի օկուպացիան ամրապնդելու և ստատուս քվոն անփոփոխելի դարձնելու» պատրվակ է: Մամեդյարովը, փաստորեն, ակամա խոստովանում է, որ նախ՝ Բաքուն հրաժարվում է Սոչիի հայտարարությունների հիման վրա ստանձնած կոնկրետ պարտավորությունից, երկրորդ` որ Բաքվի նպատակը ԼՂ հարցն ուժի միջոցով լուծելն է, իսկ բանակցություններն ընդամենը դրա ծխածածկույթի դերն են կատարում, և երրորդ` որ Բաքուն արդեն անցնում է այդ պլանի իրականացմանը:

Դեկտեմբերի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ստեղծված իրավիճակի մասին ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ տեղ էր գտել չափազանց ուշագրավ մի արտահայտություն, որը մեծ ուշադրության չարժանացավ: «Ադրբեջանական զորքերի հետ քաշման պատճառով՝ հակառակորդի կողմից ավելացել են կրակի խորությունը և ինտենսիվությունը»,-նշված էր այնտեղ: Ակնարկն ավելի քան թափանցիկ է. դեկտեմբերի 19-ին, այսինքն` այն պահին, երբ տեղի էին ունենում Սարգսյան-Ալիև բանակցությունները, ադրբեջանական զորքերը սահմանագծի երկայնքով առաջ քաշված են եղել և չի բացառվում, որ հայկական զինուժը հենց այդ առաջխաղացումն է կանխել: Դա այլ կերպ, քան մասշտաբային հարձակման նախապատրաստություն կամ առնվազն սպառնալիք չի կարելի համարել: Թերևս հենց դրանով էր բացատրվում այդ օրը վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի անակնկալ այցը ԼՂՀ և առաջնագիծ: Դրա նախերգանքն էին, փաստորեն, նախագահների հանդիպմանը նախորդած դիվերսիոն հարձակումների շարքը սահմանագծի ողջ երկայնքով, տանկերի և ծանր հրետանու բազմակի կիրառումը:

Եթե իսկապես այդպես է, ապա Շվեյցարիայում բանակցություններն ընթացել են նույնիսկ ոչ թե հարաբերական խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ, այլ պատերազմի վերսկսման, դրա կանխման կամ հետաձգման պայմանների շուրջ: Այստեղ չափազանց կարևոր է դառնում` եթե իսկապես ադրբեջանական զորքերն առաջխաղացում են ունեցել, ապա ինչի՞ ազդեցությամբ են դրանք ետ քաշվել` բանակցությունների՞, թե՞ հայկական զինուժի պարտադրանքի: Եթե գործ ունենք առաջինի հետ, ապա այս վիճակը հաստատաբար երկար չի տևելու: Եթե՝ երկրորդի, ապա պետք է ենթադրել, որ հայկական բանակը Բաքվին, մեղմ ասած, «հասկացրել է» պատերազմական գործողությունների անցնելու անհեռանկարայնությունը, և նրանք դժվար թե առաջիկայում դարձյալ համարձակվեն դիմել նույն քայլին: Գուցե հենց դրանո՞վ է բացատրվում նաև նախագահների հանդիպումից երկու օր անց միայն Մամեդյարովի կողմից բանակցությունների շարունակման հարցում լավատեսության արտահայտումը:

Ամեն դեպքում` թե\' Մամեդյարովի հայտարարությունները և թե\' ՊՆ-ի այս մեկնաբանությունն ակնհայտ են դարձնում, որ խաղաքարտերն սկսել են բացվել, և պետք է նախապատրաստվել բոլորովին նոր իրավիճակների:   

Գևորգ Դարբինյան