կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-19 10:52
Հասարակություն

Գիշերը Արցախում զոհված Ֆիդարը երեկ պայթյունից հրաշքով էր փրկվել

Գիշերը Արցախում զոհված Ֆիդարը երեկ պայթյունից հրաշքով էր փրկվել

Yerkir.am-ի տեղեկություններով՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 18-ի գիշերը զոհված` 19-ամյա Ֆիդար Ալոյանը Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղից էր, 4 եղբայրներից ավագը:

Yerkir.am-ի հետ զրույցում Ալագյազի գյուղապետ Ազիզ Մհոյանը հայտնեց, որ Ֆիդարն իր ազգականն է: Նա հայտնեց, որ համագյուղացին մարտերի ժամանակ է զոհվել, ծառայության մեկ տարին դեռ չէր լրացել: «Խելոք, հավեսով տղա էր: Կարատեի էր գնում, Սևծովյան տարածաշրջանային առաջնության հաղթող էր: Դաշնամուր էր պարապում: Շատ համեստ տղա էր, շատ ռիսկով»,-պատմեց մեր զրուցակիցը և հավելեց, որ ամիսներ առաջ լավ ծառայելու համար արձակուրդ էին տվել Ֆիդարին:

«Դեպքի առավոտյան հոր հետ էր խոսել, ասել էր ինչ-որ պայթյուն է եղել, կասկեն գլխից ընկել է, հրաշքով փրկվել է, բայց, արի` տես, գիշերը զոհվեց...»,- ասաց գյուղապետը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ դեկտեմբերի 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները անցել են պաշտպանության և, հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), ետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ցավոք, պաշտպանական մարտի ընթացքում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող` 1996թ. ծնված Ֆիդար Իգորի Ալոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: