Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քվեարկության էր դրվում կառավարության կողմից ներկայացված` «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ելույթ ունեցավ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նրա համոզմամբ՝ վերջին շրջանի հրամայականը համագործակցությունն է, որովհետև քայլ-քայլ արդեն պատերազմը բախում է տարածաշրջանի դուռը, որտեղ կօգտագործվի ԼՂ հակամարտությունը: Ուստի շռայլություն կլինի ռեսուրսների մեկտեղում չանելը: Պատգամավորի կարծիքով՝ քաղաքագիտական աքսիոմ է, որ եթե քաղաքական համագործակցություն կա, ուրեմն որոշակի սկզբունքներ պետք է ճշտվեն դրա շրջանակներում, արվեն կադրային փոփոխություններ և այլն:
«Ես ողջունել եմ և ողջունելու եմ այդ համագործակցությունը, որովհետև մենք այդքան ռեսուրս չունենք, իսկ մարտահրավերները շատ են, ուրեմն պետք է կարողանանք ռեսուրսն առավելագույնս օգտագործել այդ մարտահրավերներին դիմակայելու համար: Ի՞նչ կլիներ, որ ամբողջ նախարարությունը տրվեր Դաշնակցությանը, դա մի սուպերնախարարություն էլ չէ: Անկեղծ ասած` քեֆս բերեց Աշոտյանը, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ, ով արժանապատիվ ձևով ասում է, որ գնում ենք քաղաքական համագործակցության, ի՞նչ է եղել, պետք է մի քիչ էլ գոտիները ձգեն»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Պատգամավորը համոզված է, որ այսօր պետք է մեկտեղեն ջանքերը և գնան համագործակցության: «Մենք չենք ուզում խոստովանել, որ բոլորս ենք մեղավոր այս վիճակի համար: Նրանք, ովքեր այս քաղաքական վտանգավոր մետաստազները բերեցին քաղաքական դաշտ, այսօր ասում են՝ գիտեք` մենք երկնքից ենք իջել ու մեր ոտքերն ամպոտ են: Չհասկանալով, որ եթե իրենց սխալը չեն ընդունում, ուրեմն բարոյական իրավունք չունեն ուրիշներին քննադատելու: Մեղավոր են նրանք, ովքեր համախմբման կոչ են անում, բայց պայմանով, որ իր շուրջը համախմբվեն: Իսկապես, այսօր համախմբման անհրաժեշտություն է առաջացել: Արդեն խեղդվում ենք գաղջի, չարության ու թույնի մեջ»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: