Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ երեքշաբթի «Հարսնաքար»-ում հարսանիքի ժամանակ հարսնացուն փախել էր:
Yerkir.am-ի հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ այնպես չէ, որ միայն Հայաստանում է հարսը փախչում հարսանիքի օրը, դա պատահում է նաև զարգացած, հարուստ ու կրթված երկրներում. մեկ էլ տեսար` հարսնացուն եկեղեցում` հենց տերտերի առջևից թողնում-փախչում է: Խնդիրը, ըստ նրա, անհատական հոգեբանության հետ է կապված:
«Եթե աղջնակը չունի փորձ կամ սիրելու ունակություն, և նրան ստիպել են ապրել մի մարդու հետ` հանգամանքներից ելնելով` սոցիալական պայմանների, շրջապատի, ծնողների ազդեցության տակ, և չի կարողանում դիմադրել, վերջին պահին ուղղակի վճիռ է ընդունում»,- ասաց Ադիբեկյանը:
Ըստ նրա` երբ սոցհարցում էին իրականացրել` հարցնելով` ե՞րբ եք սիրահարվել, հարցման մասնակիցների մեծամասնությունը պատասխանել է, թե` մանկապարտեզում է եղել` մոռացվել է, կամ էլ դպրոցում և խոր արմատներ չի ունեցել:
Սոցիոլոգը նշեց նաև, որ, Ֆրանսիայի տվյալներով, 10 կանանցից մեկը ֆրիգիդ է ի ծնե` նա երբեք սեռական կյանքից, սիրուց ոչ մի հաճույք չի ստանում, 10-ից 3-ը ֆունկցիոնալ ֆրիգիդ են` սխալ են դաստիարակվել:
«Հայաստանում էլ գրեթե նույն վիճակն է, և պատկերացրեք` ֆրիգիդն ամուսնանում է. ամեն ինչ խառնվում է իրար, և զույգերից ոչ մեկի ակնկալիքները չեն իրականանում: Մենք, երբ ուսումնասիրում էինք միայնակներին ու «հնացած օրիորդներին», տեսանք, որ նրանք կա\'մ ֆրիգիդ են` չեն սիրահարվում, կա\'մ էլ նրանց պահանջներն ուղղակի անիրականանալի են` սպիտակ ձիով ասպետ, ով հանկարծ կհայտնվի ու կփոխի նրանց կյանքը»,- ասաց սոցիոլոգը:
Հիմա ավելացել է զույգերի թիվը, որոնք, ըստ նրա, ապահարզանի են դիմում, թեև կես տարվա ամուսնացած են: Այս դեպքում, սոցիոլոգի կարծիքով, լինում է, երբ աղջկա նրբաճաշակ պահանջները բավարարելու հնարավորություն չի լինում: Սակայն, մյուս կողմից, լինում են նաև ընտանիքներ, որտեղ դեր է խաղում ամուսինների «ավանդապաշտ» լինելը` կանայք ընդունում են իրենց ճակատագիրը և ինքնաներշնչման արդյունքում կարողանում են ապրել ու պահպանել ընտանիքը: «Մի անգամ մի կնոջ հարցրինք, թե` դուք սիրահարվել եք, նո՞ր եք ամուսնացել, թե՞ ամուսնացել եք և նոր միայն սեր է առաջացել, կինը պատասխանեց. «Ի՞նչ ես գլուխ արդուկում, մարդս է` սիրում եմ»: Հասկանո՞ւմ եք` շատերի համար սերն ու ամուսնությունն անբաժան են, այսինքն` ամուսնացել է` պիտի սիրի»,- պատմեց սոցիոլոգը:
Ադիբեկյանի կարծիքով` մեզ մոտ խնամախոսության ինստիտուտն աշխատում է, և այն իր դրական կողմերն ունի, քանի որ ընտանիքներով գնում-գալիս են, շփվում, աղջնակն ընկերուհիների հետ է քննարկում իր ընտրությունը: Իսկ ընտրություն, ըստ Ադիբեկյանի, հիմնականում կատարում են նույն տարածքում գտնվողներից, քանի որ նույն դպրոցն են գնացել, խանութում հանդիպել են, իրար ճանաչում են փոքրուց:
Զույգերի հարաբերությունների մեջ մեծ նշանակություն ունի ճիշտ սեռահարաբերությունը: «Ռուսները դեռ սեռական փորձ չունեցող կանանց անվանում են «телка», և նրա համար միևնույն է, թե որ տղամարդն է իր առաջինը, քանի որ աղջիկը հետագայում է ձեռք բերում իր ճաշակը և իրեն ուղղակի փորձ է պետք: Հայաստանում այդպես չէ` հայ տղաների մեծ մասն ամուսնանում է կուսության վիճակում, չունի ճաշակ, թե իրենց ո՞ր աղջիկն է դուր գալիս. մամայի նման լինի, մորքուրի նման, կամ ինչ-որ դերասանուհու մոդելով են ընտրում: Նորապսակները, սակայն, պետք է իրենց ապագան պատկերացնեն ու գիտակցեն` պատրա՞ստ են այդ ամենին զոհաբերել սեփական կյանքը»,- նշեց Ադիբեկյանը:
Նա ասաց նաև, որ, իրենց հարցումների համաձայն, շրջանավարտների 60 տոկոսը չունի իր իդեալը, ինչն այնքան էլ լավ չէ: