Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական բարեփոխումներին «Ոչ» ասողները, կարծես, այլ ճանապարհ չեն ընտրում, քան շարունակել ապրել այսօր գործող Սահմանադրությամբ, որը մեր ժողովրդին այս իրավիճակին է հանգեցրել. սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում աշտարակցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը:
Նա նշեց, որ կուզեր պատասխանել հաճախ հնչող այն հարցադրումներին, թե Սահմանադրությունն ի՞նչ կապ ունի երկրի այսօրվա վիճակի` արտագաղթի, տնտեսության և սոցիալական վիճակի հետ: Ըստ Եսայանի` երկրի Սահմանադրությունն է որոշում խաղի այն կանոնները, որ հաստատված են երկրում, այն իրավակարգը, որ գործում է: «Եթե մերժում ենք Սահմանադրությունը, օրենքների կարևորությունը, ուրեմն հույս չկա, որ մեր երկիրը դուրս կգա այս իրավիճակից, և այս վիճակն ի սկզբանե ստեղծվել է /նրանց կարծիքով/ ոչ Սահմանադրությամբ և այդպես էլ շարունակվելու է: Այս դեպքում հարց է առաջանում` եթե այդպես է, և օրենքը ոչ մի նշանակություն չունի, դուք ինչո՞ւ եք քաղաքական գործունեություն ծավալում և ի՞նչ հույսով եք ժողովրդին քարոզում կամ ասում, որ եթե ձեզ ընտրեն, ավելի լավ է լինելու: Եթե Սահմանադրությունն ու օրենքները ոչ մի բան չեն որոշում, ուրեմն դուք էլ եթե գաք իշխանության, Սահմանադրությամբ և օրենքներով չեք առաջնորդվելու»,- ասաց նա:
Եսայանն անդրադարձավ նաև այն հարցին, թե սահմանադրական փոփոխություններն ի՞նչ անմիջական կապ ունեն արտագաղթի հետ: Նա հիշեցրեց, որ տարիների ընթացքում մեր երկրում կայացել են 5 նախագահական, 5 պառլամենտական ընտրություններ, 2 սահմանադրական հանրաքվե: Ըստ նրա` բոլոր ընտրություններն էլ անցել են նույն սցենարով` ընդդիմությունը քննադատել է իշխանությանը, նախընտրական քարոզարշավը սկսելու ժամանակ սկսել է մատնանշել վարչական ռեսուրսների օգտագործումը, ահաբեկումները, ճնշումները, իսկ հետո ընտրությունների արդյունքները չի ընդունել, ժողովրդին կոչ է արել դուրս գալ փողոց, և վերջ` պայքարը դրանով ավարտվել է:
«12 անգամ նույն սցենարը գործել է, իսկ փոփոխությունների հետևանքով կփոխվեն խաղի կանոնները, այսինքն` եթե 51 տոկոս ստացողը ստանում էր ամեն ինչ, իսկ 49 տոկոս ստացողը` ոչինչ: Սա ժողովրդի մոտ օրինական հարց էր առաջացնում, թե ինքն ինչո՞ւ է 49 տոկոսին ընտրել, իսկ թեկնածուի կամ կուսակցության մոտ` կասկած, թե ինքը 49 տոկոս ձայն չի ստացել, այլ` 60, և ավելի էր խորացնում հիասթափությունը, և մարդիկ սկսում են մտածել` այս երկրում ոչինչ հնարավոր չէ փոխել, կա\'մ պետք է արտագաղթել, կա\'մ էլ համակերպվել ու մտնել իշխանություն»,- ասում է Եսայանը` հավելելով, որ գործող Սահմանադրությամբ մեկ ընտրությունով նախագահը ստանում է ամեն ինչ, իսկ ընդդիմությունը` ոչինչ` այդպիսով զրկվելով որևէ բանի վրա ազդելու լծակից: «Սա խորացնում է հիասթափությունը ժողովրդի մեջ, և ժողովուրդն էլ, բնականաբար, տեսնելով, որ իր տված ձայնը չի վերածվում քաղաքական իշխանության լծակի, որը կազդի երկրի վիճակի վրա, արտագաղթում է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է երկրի տնտեսական վիճակի և Սահմանադրության առնչություններին, ապա, Եսայանի կարծիքով, գործող Սահմանադրությունը թույլ է տվել ստեղծել միակուսակցական համակարգ, և իշխանության թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր ճյուղը և թե՛ երկրի նախագահը նույն կուսակցության ներկայացուցիչն են, ևբնական է, որ եթե քաղաքական համակարգն անձնակենտրոն է, մոնոպոլիզացված, բնականաբար, մոնոպոլիզացված պետք է լինի նաև տնտեսությունը:
«Այս տնտեսական վիճակն է, որ մենք կոչում ենք օլիգարխիկ, և բնական է, որ քաղաքական իշխանությունը պետք է ձգտի ունենալ տնտեսական կենտրոնացված համակարգ, որպեսզի հեշտ վերահսկի: Երկու անգամ ընտրությունների նախօրյակին երկու տնտեսական փոքր համակարգեր փորձեցին դուրս գալ այս մոնոպոլիզացված տնտեսության վիճակից և երկու դեպքում էլ այդ երկու անձերը պատժվեցին իշխանության կողմից ամենախիստ ձևով: Եթե տնտեսության մեջ չկա մրցակցություն, և եթե ներմուծողների թիվը յուրաքանչյուր ոլորտում հստակեցված է, ապա գները կլինեն բարձր, ժողովրդի սոցիալական վիճակն էլ` ծանր: Արտագաղթ, սոցիալ-տնտեսական իրավիճակ` ամեն ինչ հանգեցնում է մի փաստաթղթի` Սահմանադրության, որը ստիպում է ունենալ այն համակարգը, որն ունենք այսօր»,- ասաց Եսայանը:
Ըստ նրա` «Ոչ» ասողները նախորդ 20 տարիների ընթացքում ասում էին, թե համակարգային փոփոխություններ պետք է լինեն երկրում, որ երկիրը զարգանա, իսկ հիմա, երբ համակարգային փոփոխությունն այս ձևով, պայքարի արդյունքում բերվել-դրվել է սեղանին, ընդդիմությունն ասում է. «Ոչ, չենք ընդունում այն, որովհետև իշխանությունն է առաջարկում այն»: Ստեղծված իրավիճակը, ըստ Եսայանի, հիշեցնում է Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի»-ն, երբ մարդն ինքնանպատակ որոշել է հեղափոխություն անել. մարդկանց գնում-բացատրում էր իր ցանկությունը և, ստանալով գյուղացու համաձայնությունը, թե` դուռը բաց է, պատասխանում էր. «Չէ, դուռդ փակիր, ես ջարդելով պետք է ներս մտնեմ»:
«12 անգամ ընտրություն է եղել, և 12 անգամ ընդդիմությունը եկել է, ոտքը դրել փոցխին, և փոցխը խփել է ճակատին: Հիմա քանի՞ անգամ նույն պրոցեսը պետք է կրկնվի, որ ընդդիմությունը հասկանա` ոչ թե պետք է ամեն անգամ գալ, փոցխին կանգնել, ճակատին հարված ստանալ, այս ժողովրդին էլ հիասթափեցնել, այլ պետք է համակարգը, խաղի դաշտը փոխել: Պետք է փոխել, որպեսզի երբ ժողովուրդը գնա ընտրության, իշխանություն, թե ընդդիմություն` նույն քաղաքական համակարգի մեջ լինեն, և յուրաքանչյուրին, ըստ իր ստացած ձայների, հասանելի լինեն լծակներ` ազդելու համար թե՛ երկրի տնտեսության, թե՛ իշխանության քաղաքական կուրսի, թե՛ տարբեր պաշտոններում նշանակումների վրա»,- ասաց Եսայանը:
Ընդդիմությանը, ըստ նրա, երբ հարց ես տալիս, թե` լավ, բա ի՞նչ անենք, պատասխանում են` քաղաքացիական անհնազանդություն, գնանք հրապարակում կանգնենք: «Ախր, 2003, 2008, 2013թթ. նախագահական ընտրություններին ժողովուրդը դուրս եկավ փողոց, էլ ի՞նչ եք պահանջում, ժողովուրդը դուրս եկավ ձեզ պաշտպանելու: Բա, եթե հեղափոխություն, անհնազանդություն կազմակերպող էիք, ինչո՞ւ չարեցիք այն ժամանակ: Չի ստացվում, չէ՛, քանի որ մեր պետության մեջ կա\'մ պետք է գնաս մեծ արյունահեղության, որը մեզ համար անընդունելի է, կարծում եմ` իրենց համար էլ, կա\'մ էլ պետք է իշխանափոխության այլ ձև մշակես ու առաջարկես, ինչի հնարավորությունն էլ տալիս է սահմանադրական փոփոխությունը»,- ընդգծեց Եսայանը: