Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը և Սպարտակ Սեյրանյանը, սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցան Արարատի մարզի Բերքանուշ համայնքի բնակիչների հետ: Ռուստամյանը բնակիչներին ներկայացրեց գործող Սահմանադրության այն թերի կողմերը, որոնց պատճառով մեր երկրում տիրում է անմխիթար վիճակ:
Նա նշեց, որ 1990-ական թվականներին Հայաստանում եղել են պառլամենտարիզմի լավագույն տարիները: «Մեկ տարի կարողացանք տեսնել` ինչ է ժողովրդավարությունը: Հետո նախագահին տվեցին լուրջ լիազորություններ, և Գերագույն խորհուրդը դարձավ կցորդ: 95 թվականից ունեցանք բռնատիրական կառավարում: Ներկայիս կառավարման մոդելով երկիրը ղեկավարում է թագավորը, որի անունը դրել ենք հանրապետության նախագահ: Դառը պտուղները հիմա քաղում ենք»,- ասաց Ռուստամյանը:
Նա, հիշելով իրավաբան, սահմանադրագետ Վլադիմիր Նազարյանի խոսքերը Սահմանադրության կարևորության մասին, նշեց. «1992 թվականին Նազարյանը հրատարակել էր մի բրոշուր, որտեղ մանրամասնորեն բացատրում էր, թե ինչու է պետք անցնել խորհրդարանական կառավարման համակարգին: Նա ասում էր, որ Սահմանադրություն ունենալը նույնքան կարևոր է, որքան որևէ գիտատեխնիական նվաճում ունենալը»:
Ըստ Ռուստամյանի, ներկայիս Սահմանադրությունը միակենտրոն է, ինչը մեկին տալիս է ամեն ինչ, լայն հնարավորություններ ու լծակներ, իսկ մյուսներն ակամայից ենթարկվում են այդ մեկին: «Մեկ անձին վերապահվում են թագավորի հատկություններ: Այդ մարդը լավ գիտի, որ ունի հսկայական իշխանություն: Մյուսների իրավունքներն այստեղ որևէ մեխանիզմով չեն պաշտպանվում: Հայաստանում ստեղծվել է մի համակարգ, որի շնորհիվ ովքեր նախագահի կողքին են եղել, ունեցել են պաշտպանված վիճակ: Մարդիկ մտածում են, որ ինչքան մոտիկ լինեն այդ մարդուն, այնքան ավելի պաշտպանված կլինին: Այստեղ գործում է ծանոթի, բարեկամի սկզբունքը: Հայաստանում միշտ էլ այս վիճակն է եղել: Երեք նախագահ ենք փոխել, այդպես է եղել»,- ասաց նա և ընդգծեց, որ այս ամենը կառավարման համակարգի արդյունք է, քանի որ կառավարումն անձակենտրոն է դարձել:
Ռուստամյանի խոսքով` չպետք է լինի այնպիսի պաշտոնյա, ում վերապահված է ամեն ինչ: «Օրինակ` դատական համակարգում հիմա որևէ դատավոր գլխից ձեռ չի քաշել շեֆին հակառակ որոշում կայացնի: Դատական համակարգն անմիջականորեն վերահսկվում է նախագահի կողմից: Նոր Սահմանադրությունն այդպիսի բաները նվազագույնի է հասցնում»,- ասաց ՀՅԴ-ականը: Նա նշեց նաև, որ ներկայիս Սահմանադրությունը ԱԺ պատգամավորներին թույլ չի տալիս ազատ գործել. «Պատգամավորների զգալի մասը կույր դակիչ է: Եթե լինի ինքնագործունեություն, գլխին կսարքեն, անձեռնմխելիությունից կզրկեն: Չնայած սրան, էլի ԱԺ-ում շատ հարցեր են բարձրացվում: Հիշենք պաշտոնյաներից Վարդան Օսկանյանի օրինակը»:
Նա անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ բացի ներսի ճնշումներից, առկա է նաև դրսի ճնշում, ինչը կարող է նվազագույնի հասցվել նոր Սահմանադրությամբ: «Ասում են` եթե ամեն ինչի գլխին դու ես, ամեն ինչ քո ձեռքում է, պատասխանատվությունն էլ է քոնը: Պետք է այսպես անես կամ այնպես: Խորհրդարանական կառավարման համակարգը դա գրեթե բացառում է, քանի որ 101 կառավարող է լինում և ստացվում է, որ այդքանից պետք է պահանջեն: Այստեղ խոսքը նաև Ղարաբաղի հարցում ճնշումների մասին է»,- բացատրեց Ռուստամյանը:
Նրա խոսքով` գործող Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը չունի որևէ երաշխիք, որ «նոր» Սերժ Սարգսյանը իրենից դժգոհ չի լինելու: ՀՅԴ-ականի բնորոշմամբ` երկրորդ նախագահը դժգոհ է առաջինից, երրորդը` երկրորդից և չկա երաշխիք, որ պատմությունը չի կրկնվելու:
Սպարտակ Սեյրանյանն էլ իր խոսքում նշեց, որ ժողովուրդը հավատի պակասով որևէ լավ բանի չի կարող հասնել, քանի որ որևէ բան չձեռնարկելով և չփորձելով նոր Սահմանադրության ընձեռած հնարավորություններն օգտագործել` կգնանք հետ: «Հավատի պակասով նույնիսկ հավաբուն չեն կառուցում, էլ ուր մնաց պետություն: Նոր Սահմանադրությունը կախարդական փայտիկ չէ, բայց ռեալ հնարավորություն է` երկիրը փրկելու համար: Մենք դեկտեմբերի 6-ի հաջորդ օրը չէ, որ արդյունքներ ենք տեսնելու, մեզ աշխատանք է սպասվում, բայց այդ աշխատանքի արդյունքում մեր երկիրը միայն ու միայն առաջ է գնալու»,- ընգծեց Սեյրանյանը: