Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք սիրում ենք Ֆրանսիան, մանավանդ՝ Փարիզը, կամ Մարսելը, կամ Վալանսը, կամ Լիոնը, մի խոսքով՝ Ֆրանսիան: Մենք սիրում ենք Էյֆելյան աշտարակը, թեև այն տեսնողներն ասում են, որ առանձնապես սիրելու բան չէ: Մենք սիրում ենք լինել Փարիզում կամ պատկերացնել, թե ինչպես ենք քայլում Շանզ Էլիզե պողոտայով, Մուլեն Ռուժի դիմացի մայթով` ականջակալներով լսելով Շառլ Ազնավուր: Մենք սիրում ենք Շառլ Ազնավուրին, Շառլ Ազնավուրը ֆրանսիացի է` հայ-ֆրանսիացի:
Հասկանալի է, որ Փարիզում այս գիշեր տեղի ունեցածը մեր անձնական ողբերգությունն է, հասկանալի է, որ սգում ենք բոլորի հետ` մտքում ձայնակցելով Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հավաքված ֆրանսիացիներին, ովքեր երգում էին «Մարսելիեզը»: Հասկանալի է նաեւ, որ մենք միակը չենք՝ ֆրանսիացիներին սիրելու առումով: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է. «Փարիզի ահաբեկչությունը հարձակում էր ամբողջ մարդկության վրա»: Մի խոսքով՝ «Բոլորս Ֆրանսիա ենք», ավելի ճիշտ՝ ֆրանսիացի:
Բայց այստեղ մի շատ կարեւոր նրբության մասին կա\'մ մոռանում ենք, կա\'մ էլ ուղղակի խուսախում ենք խոսելուց: Այսինքն` մենք ահաբեկված Փարիզի կողքին ենք, որովհետեւ Փարիզն ահաբեկվա՞ծ է, թե՞` քանի որ մենք սիրում ենք Փարիզը, իսկ, օրինակ, Իսլամաբադը կամ պակիստանյան մեկ այլ քաղաք՝ Փեշավարը, չենք սիրում:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ` դեկտեմբերի 16-ին, Պակիստանի Փեշավար քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցավ ահաբեկչական գործողություն, որի հետեւանքով սպանվեց 126 մարդ, որոնցից 100-ից ավելին՝ երեխաներ… Այդ ժամանակ մեզանից ոչ ոք չասաց, թե` «Բոլորս պակիստանցի ենք», կամ էլ գոնե՝ «Միայն ես պակիստանցի եմ»: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահը` նույն Օբաման, չհայտարարեց, թե՝ «Պակիստանի ահաբեկչությունը հարձակում է ամբողջ մարդկության վրա»: Այդ ժամանակ աշխարհի ոչ մի քաղաքի կարեւոր կառույցները չլուսավորվեցին Պակիստանի դրոշի գույներով…
Ուրեմն՝ մենք Փարիզի կողքին ենք եւ Փեշավարի կողքին չէինք, որովհետեւ մենք սիրում ենք Փարիզը եւ չենք սիրում Փեշավարը:
Մինչդեռ` ի՞նչ տարբերություն` սպանվածները որ ազգից են` իսլանդացի, թաթար, մոնղոլ, կորեացի, թե` ուզբեկ, նրանց վրա հարձակվել են ահաբեկիչները, ովքեր հարձակվում են բոլորի վրա, այսինքն՝ բոլորիս վրա: Հասկանալի է, որ, անկախ հանգամանքներից, միշտ էլ հաճելի է ֆրանսիացի լինել, ավելի, քան պակիստանցի: Խնդիրն այն է, որ մարդկային ողբերգությունները մեզանից այնքան ժամանակ անպակաս կլինեն, քանի դեռ մեզ համար մարդկային ողբերգությունները ազգություններ ունեն, քանի դեռ մենք ոչ թե ատում ենք ահաբեկչությունն` առհասարակ, այլ սիրում ենք այս կամ այն ժողովրդին:
Իսկ ֆրանսիացիներին մենք սիրում ենք, ֆրանսիացիներին բոլորն են սիրում… Իսկ Փեշավարը, ավելի ճիշտ՝ «Փեշավարները», Փարիզ չեն. ամեն Փ-ով բան, Փարիզ չէ:
Հովիկ Աֆյան