կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-06 17:20
Մշակույթ

Դարձյալ ընկեր Փանջունու օրի` ըստ պետբյուջեով մշակույթին հատկացված գումարի

Դարձյալ ընկեր Փանջունու օրի` ըստ պետբյուջեով մշակույթին հատկացված գումարի

Այս օրերին ԱԺ-ում քննարկվում է 2016-ի բյուջեն: ՀՀ ֆինանսների նախարարության կայքում արդեն իսկ տեղադրված է «ՀՀ 2016-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Աչքի անցկացնելով այն` պարզ է դառնում, որ այս տարի մշակութային ոլորտին հատկացվել է 13 627 000 դրամ. նախորդ տարվա համեմատ՝ ընդամենը 234 000 դրամով են ավելացրել գումարը: Հավանաբար, մի քիչ շատ էինք ուրախացել, քանի որ 2015-ի բյուջեով մշակույթին հատկացվող գումարը 1,5 մլն-ից ավել էր, քան 2014-ին: Այսինքն` ոլորտին հատկացվող գումարի ավելացման դինամիկան անկում է ապրել մի քանի անգամ:

Բյուջեով հատկացված գումարները, մեղմ ասած, ծիծաղելի են դառնում որոշ ոլորտների գծով: Այս տարի կինեմատոգրաֆիային բաժին է հասել 658 000 դրամ` նույնը, ինչ անցած տարի: Այս ոլորտին հատկացվող գումարը վերջին անգամ ավելացել է 2015-ին` 11 000 դրամով /2014-ի համեմատ/: Հետաքրքիր է` մեր պետական այրերի կարծիքով` 658 000 դրամով քանի՞ ֆիլմ կարող ենք նկարահանել… Գուցե կինոարտադրությունը շփոթել են հեռուստահաղորդումների հետ կամ էլ մի փոքր շա՞տ են նայել հայկական սերիալները:

Եվս մեկ կարևոր փաստ` հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման համար հատկացված գումարի չափը կազմում է 473 000 դրամ` նույնը, ինչ 2015-ին: Այնինչ՝ 2015-ին 74 000 դրամով ավելի գումար էր հատկացվել այս ուղղությանը` 2014-ի համեմատ:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այսօր ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշել էր, որ, ընդհանուր առմամբ, նվազել են գիտության, կրթության, մշակույթի ու սպորտի ոլորտներին 2016-ի բյուջեով տրված հատկացումները, ինչը պայմանավորված է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացում» ծրագրի ավարտմամբ: Ստացվում է` 2015-ին` Ցեղասպանության 100-րդ տարելիցին, օրինակ` հուշարձանների պահպանման հարցում ավելի ուշադիր ենք եղել, ավելի շատ խնդիրների ենք լուծում տվել: Դե, բնական է, դրսից հյուրեր ունեինք, արտաքինից պետք է ամեն ինչ անթերի լիներ:

Հիշեցնենք միայն, որ 2015-ին՝ դեռ փետրվար ամսին, լուսանկարիչ Գերման Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Երևան-Սևան մայրուղում գտնվող` Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» բրոնզե քանդակի լուսանկարը. քանդակի` թիկնած աղջկա, ձեռքն ու ոտքը գողացել էին: Քանդակի ճակատագրով ոչ ոք չէր զբաղվում, քանի որ մշակույթի նախարարությունը շտապել էր արձանագրել, որ «Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» քանդակն ընդգրկված չէ ՀՀ կառավարության կողմից 2003 թ. դեկտեմբերի 24-ի N 1793-Ն որոշմամբ հաստատված` Կոտայքի մարզի «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում», հետևաբար, այն հուշարձանի կարգավիճակ չունի»: Հավանաբար, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Հայաստան ժամանող հյուրերը չէին անցնելու Երևան-Սևան ճանապարհով: Քանդակի ճակատագիրը ոչ մեկին չի հետաքրքրում մինչ օրս:

Կամ էլ` կինոյի ոլորտում, 2014-ի համեմատ, 2015-ին 11 000 դրամ ավելացված գումարով Ցեղասպանության վերաբերյալ երկու ֆիլմ ավե՞լի է նկարահանվել…

Պետբյուջեից մշակութային ոլորտի հատկացումների առումով ամենաշատը մշակույթի տների, ակումբների և  կենտրոնների բախտը չի բերել. ըստ բյուջեի նախագծի` դրանց համար նախատեսված է 47 000 դրամ. գումարը  մոտ 4 անգամ կրճատվել է, քան 2015-ի բյուջեով էր նախատեսված: Ի դեպ, արդարացումը, թե Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրերի ավարտմամբ է պայմանավորված նվազումը, այստեղ էլ «չի աշխատում»` 2014-ին այս ուղղությանը հատկացվել էր 165 000 դրամ: Իսկ թանգարաններին և ցուցասրահներին հատկացվել է 2 274 000 դրամ` 26 000 դրամով ավելի քիչ, քան 2015-ին:

Մշակույթի ոլորտի հատկացումներից միայն արվեստի ոլորտն է «շահել». այս տարի 7 259 000 դրամ են հատկացրել ոլորտին` նախորդ տարվա` 7 158 000-ի համեմատ /2014-ին 6 171 000 դրամ էր նախատեսվել/:

Գրադարաններին բախտը նույնպես ժպտացել է` այս տարի հատկացվել է 1 772 000 դրամ` 11 000 դրամով ավելի, քան 2015-ին /2014-ին հատկացվել էր 1 513 000 դրամ/:

Մշակութային ոլորտում գրեթե ինչ արվում` անհատների էնտուզիազմի հաշվին է արվում, ու վայն եկել, մեզ տարել էր, եթե հույսներս պետբյուջեի վրա դնեինք: 

 

Կարինե Հարությունյան