կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-05 21:43
Հասարակություն

Կոտայքի մարզն ունի հրաշալի բնություն և մարդիկ. Սերժ Սարգսյան

Կոտայքի մարզն ունի հրաշալի բնություն և մարդիկ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

«Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները քննարկելիս պետք է շատ ավելի մեծ ակնկալիքներ ունենանք՝ հաշվի առնելով առնվազն մի քանի հանգամանք: Դրանցից առաջինն այն է, որ Կոտայքի մարզը ունի արդյունաբերական լավ ավանդույթներ. Աբովյան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղակայված էին Խորհրդային միության ռազմարդյունաբերական համալիրն սպասարկող մեծ թվով ձեռնարկություններ: Հայտնի պատճառներով այդ ձեռնարկությունները չէին կարող շարունակել իրենց գործունեությունը, բայց այժմ արդեն հնարավորություն ունենք դրանք վերագործարկելու, իհարկե, ոչ թե նախկին արտադրանքը թողարկելու, այլ՝ ժամանակակից, մրցունակ արտադրանք, որի ցանկը կա Էկոնոմիկայի նախարարությունում և, անպայման, անհրաժեշտ է Էկոնոմիկայի նախարարության հետ միասին մանրամասն գույքագրել այն արտադրական տարածքները, որտեղ մենք կարող ենք ստեղծել նոր հնարավորություններ՝ նոր արտադրանքի համար: Սա, իրոք, մեծ հնարավորություն է մարզի զարգացման համար:

Երկրորդ հանգամանքն այն է, որ Կոտայքի մարզն ունի հրաշալի բնություն և մարդիկ, ովքեր հողի հետ աշխատելու երկար տարիների փորձ ունեն: Բնությունը հրաշալի է, բայց բնակլիմայական պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն գյուղատնտեսության համար: Ուստի, մենք պետք է Կոտայքի մարզում զարգացնենք գերժամանակակից գյուղատնտեսություն, որը գրեթե 100 տոկոսով ապահովում է բարձր բերքատվություն: Խոսքս ժամանակակից ջերմոցների մասին է՝ մեծ ջերմոցների ու նաև ցանցապատ և կաթիլային ոռոգում ունեցող այգիների մասին: Վերջին տարիներին իմ հաճախակի այցելությունները Կոտայքի մարզ հենց այդ հանգամանքներով են պայմանավորված: Մենք ձեզ հետ միասին եղանք տարբեր ջերմոցներում, այգիներում, և ակնհայտ է, որ ամեն կերպ պետք է խրախուսենք այս գործընթացը: Անկեղծորեն պետք է ասեմ՝ ես գոհ եմ, որ Կոտայքի մարզն այս բնագավառում լոկոմոտիվի դերակատարություն ունի: Մենք պետք է գործընթացը շարունակենք: Մարզի հրաշալի բնությունն իր ջրային ռեսուրսներով, իր գեղատեսիլ վայրերով շատ մեծ հնարավորություն է տալիս զարգացնելու ինչպես զբոսաշրջությունը, այնպես էլ առողջարանային բիզնեսը: Ծաղկաձորը, Աղվերանը, Հանքավանը, Արզնին, Բջնին լավ հնարավորություններ են, որպեսզի մենք կարողանանք զարգացնել այս բնագավառը:

Կոտայքի մարզում տեղակայված են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, և դրանք մագնիսի պես ձգում են զբոսաշրջիկներին: Բայց մենք պետք է լուծենք առնվազն երեք խնդիր. առաջինը ենթակառուցվածքների խնդիրն է՝ այդ թվում լավ ճանապարհների, երկրորդը՝ մենք պետք է սովորենք ժամանակակից ձևով կառավարել աղբահանությունը և աղբավայրերը: Եվ երրորդը՝ պետք է ունենանք որակյալ սպասարկող անձնակազմ: Եթե պատմամշակութային հուշարձանը նույնիսկ լավագույններից է և շատ մեծ արժեք է ներկայացնում, բայց դեպի այդ հուշարձան տանող ճանապարհը քարուքանդ վիճակում է, ճանապարհի աջ ու ձախ հատվածներում ամենուրեք աղբ է, և էքսկուրսավարն էլ չունի անհրաժեշտ որակավորում, ապա երկրորդ անգամ այդ զբոսաշրջիկն այլևս ցանկություն չի ունենա այցելել այդ վայրը: Անշուշտ, պետությունը պարտավոր է միջոցներ ներդնել, և ենթակառուցվածքների զարգացումը, ճանապարհաշինությունը առանց պետության մասնակցության անհնար է զարգացնել: Պետությունը գումար է ներդնում, կառուցում է այդ ճանապարհը, բայց պահպանման խնդիրները դրվում են մարզպետարանների վրա: Այդ պահպանման խնդիրների համար ևս գումարներ ենք հատկացնում, որոնց արդյունավետ օգտագործմանը պետք է լուրջ ուշադրություն հատկացնել:

Հավանաբար, տեղյակ եք` Էկոնոմիկայի նախարարությունն ու Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեզ պետք է տեղյակ պահեին երկու կարևոր ծրագրերի մասին: Մեկը աղբավայրերի կառավարման ծրագիրն է, երկրորդը՝ զբոսաշրջության զարգացման, որն իր մեջ ունի նաև այդ ենթակառուցվածքների բարելավման բաղադրիչը:

Անշուշտ, շատ կարևոր հանգամանք եմ համարում, որ մարզի տարածքում գտնվող բուժհաստատությունները վերջին ժամանակներս բավականաչափ հագեցվել են ժամանակակից բժշկական սարքավորումներով: Կցանկանայի լսել՝ արդյո՞ք բուժանձնակազմն ամբողջությամբ համալրված է, և դա ի՞նչ չափով է նպաստել, որպեսզի մարզի բնակիչները բժշկական օգնություն ստանան մարզում, այլ ոչ թե՝ Երևանում:

Այս խնդիրների մասին կցանկանայի այսօր հանգամանորեն խոսենք»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Կարապետ Գուլոյանը ներկայացրել է ըստ առանձին ոլորտների ու հաստատված ծրագրերի Կոտայքի մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները, հիմնախնդիրներն ու գերակայությունները՝ նշելով, որ մարզում ծավալուն աշխատանքներ են իրականացվում գյուղատնտեսության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների ոլորտներում, ջերմոցային տնտեսությունների հիմնման ուղղությամբ, որոնք իրենց դրական արդյունքն են տալիս:

Մարզպետ Գուլոյանը վստահեցրել է, որ ՀՀ Նախագահի նշած և մարզում առկա այլ հիմնախնդիրների լուծման գործում մարզպետարանը հետևողական կլինի և ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար կզեկուցի Նախագահին:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ Կոտայքի մարզպետին հանձնարարվել է՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ մշակել մարզի վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակի բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների ցանկ և ժամանակացույց՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ քննարկել մարզի ցանքային տարածությունների, պտղի և հատապտղի տնկարկների ավելացման և մշակության ինտենսիվացման, մասնավորապես՝ նոր ինտենսիվ այգիների և ջերմոցային տնտեսությունների հիմնման, կոոպերացիաների զարգացման միջոցով ներդրումային ծրագրերի առաջմղման համար համապատասխան խթանման մեխանիզմների կիրառման ուղղությունները:

Կոտայքի մարզպետին հանձնարարվել է նաև ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել մարզի առողջապահական համակարգի արդիականացման ներկա փուլի արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, այդ թվում՝ մարզային բժշկական կադրերի վերապատրաստման և առանձին մասնագետներով ապահովման շարունակական միջոցառումներ ձեռնարկելով:
Մարզում արդյունաբերական զարգացման նոր գործարար ծրագրերի իրականացման նպատակով, Կոտայքի մարզպետին հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ համատեղ իրականացնել նախարարության կողմից ներկայում քննարկվող գործարար ծրագրերի պահանջներին համապատասխանող արտադրական և այլ տարածքների գույքագրում՝ հավաքագրված տվյալները ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով, ՀՏԶՀ-ին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց:

Մարզի զբոսաշրջության պոտենցիալի զարգացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է՝ ՀՀ մշակույթի նախարարի և ՀՏԶՀ տնօրենի հետ համատեղ զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերում ներառել Կոտայքի մարզի պատմամշակութային արժեքների շուրջ ձևավորված միջավայրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և զբոսաշրջային արդյունավետ ծառայությունների մատուցման կարողությունների զարգացման նպատակադրումները՝ համապատասխան առաջարկությունների ձևավորման գործընթացում հետայսու ևս ներառելով տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման մարմիններին և զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների միավորումներին:

Սողանքային գոտիների դեմ պայքարի ծրագրի մշակման նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարվել է՝ մարզի Ողջաբերդ, Հացավան, Քանաքեռավան, Արգել, Պտղնի, Գեղադիր համայնքների սողանքային տեղամասերում համապատասխան հիմնավորված միջոցառումների իրականացման ուղղությամբ ինժեներաերկրաբանական համալիր հետազննությունների և ռեժիմային դիտարկումների իրականացման միջոցառումներ մշակել: Իսկ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին հանձնարարվել է՝ ինժեներաերկրաբանական համալիր հետազննությունների արդյունքների հիման վրա առաջարկություններ մշակել Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհի սողանքային հատվածների լիարժեք վերականգնման և հետագա անխափան շահագործման ուղղությամբ՝ համապատասխան աշխատանքներն առաջիկա ճանապարհաշինական ծրագրերում ներառելու նպատակով նշված արդյունքները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: