Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 1-ին կյանքից հեռացել է հայտնի երգչուհի Աիդա Սարգսյանի մայրը:
Ֆեյսբուքյան էջում երգչուհին գրառում է կատարել. «Շատ շնորհակալ եմ բոլորից, որ կիսում եք ինձ հետ իմ վիշտը, շատ դաժան է անժամանակ մայր կորցնել, բայց ավելի ցավալի է, որ ինքն իր մահով չի մահանում, այլ անգրագետ բժիշկների թեթեւ ձեռքով: Իմ մորն արնաքամ արեցին` գաստրոսկոպիայի ժամանակ վնասելով անոթը, որից հետո մայրս երկու օր անդադար արնահոսեց, եւ ես կորցրեցի նրան: Անհեթեթ մահ, այդ տականք եւ անգրագետ բժիշկները փորձում էին իրենց սխալը կոծկելու համար ուրիշ դիագնոզ ինձ ասել, բայց այսօր դիահերձումից հետո կրկին պարզվեց, որ իմ մորը արնաքամ են արել: Ես շատ մեծ դժվարությամբ եմ գրում, տեղս չեմ գտնում, որ առողջ մարեց անգրագետ բժիշկների պատճառով իմ երիտասարդ մայրս, որ իմ կյանքն էր, իմ աշխարհն էր, իմ ամեն ինչն էր, այլեւս ինձ հետ չէ: Վաղը իմ մոր հոգեհանգիստն է…»:
Երգչուհին yerkir.am-ին տեղեկացրեց, որ խոսքը Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի մասին է:
Yerkir.am-ի հետ զրույցում բուժկենտրոնի նոր տնօրեն Արմեն Հարությունյանը նշեց, որ երգչուհու մայրն իրենց մոտ է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, երբ արդեն արյունահոսում էր:
«Ես անձամբ խոսել եմ Աիդա Սարգսյանի հետ, բացատրել իրավիճակը: Նրա մայրը ծերերի խնամքի կենտրոնից տեղափոխվեց մեզ մոտ հենց այն պատճառով, որ արյունահոսում էր: Հիվանդանոցում բոլոր արյունահոսող հիվանդներին կատարվում է գաստրոսկոպիա, որպեսզի հասկանանք` ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ է հիվանդն արյունահոսում: Գաստրոսկոպիայից հնարավոր չէ ստամոքս ծակել, նման բան ուղղակի անհնար է»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ հետազոտման ժամանակ պարզվել է, որ կինն ունի վերջին ստադիայի ուռուցք ստամոքսում, որը տարածվել է դեպի կերակրափող: Ուռուցքը, ըստ Հարությունյանի, քայքայման փուլում էր, իսկ երբ ուռուցքը սկսում է քայքայվել, անոթները բացվում են ու սկսում արյունահոսել:
«Մենք հասկացանք, որ ուռուցքը կնոջ մոտ վաղուց է հայտնաբերվել, նա նույնիսկ քիմիաթերապիայի կուրսեր էր անցել: Կինը մեզ մոտ ծանրագույն վիճակում է ընդունվել, ցածր հեմոգլոբինով /40/ և վիրահատության ոչ ենթակա: Կնոջն անմիջապես տեղափոխել ենք վերակենդանացման բաժանմունք: Առաջին օրը հնարավոր եղավ դադարեցնել արյունահոսությունը, բայց քանի որ ուռուցքը քայքայվում էր, այն պարբերաբար արյունահոսում էր: Ես զրուցել եմ Աիդայի հետ ու բացատրել, որ նման իրավիճակում վիրաբուժական ոչ մի միջամտություն արդյունք չի տա: Ես ասացի` մի տարբերակ ունենք` փորձենք դեղորայքով ինչ-որ արդյունքի հասնել, բայց անգամ այդ դեպքում շանսերը քիչ են, որովհետև հնարավոր չէ նման իրավիճակում գտնվող հիվանդի դրությունը բարելավել: Նա հասկացավ ինձ, շնորհակալություն հայտնեց., այդպես ենք բաժանվել»,- ասաց բժիշկը:
Նա տեղեկացրեց նաև, որ երգչուհու մայրն իրենց մոտ է մնացել 3,5 օր: «Արել ենք այն ամենը, ինչ բժշկությունը թույլատրում է»,- ասաց Հարությունյանը:
Yerkir.am-ը ցավակցում է երգչուհուն` մաղթելով նրան համբերություն: