Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է․
Վաղը մեզ մոտ՝ Լոս Անջելեսում «Հաղթանակի երթ» է լինելու: Անշուշտ մասնակցելու եմ: Հրադադար հաստատելն ու կյանքեր փրկելն այս պահին հաղթանակ է:
Ու ինձ կրկին համոզելու են, որ ի նշան միասնականության «դըմփ-դըմփ-հուի» ներքո ու մեր զոհված հերոսների նկարների տակ պիտի Քոչարի պարեմ: Հարց չկա: Եթե պետք է, միասին կպարենք: Բայց մինչ այդ խղճիս մոտ արդարանալու համար պիտի գտնեմ բազում հարցերիցս գոնե ամենակարևորի պատասխանը:
Այդ ինչպես եղավ, որ անցած ապրիլին Արցախի շրջակա տարածքները ժողովրդի անվտանգության գոտի համարող ՀՀ ԱԳ նախարարը հրադադարին հաջորդած ճեպազրույցում որևէ ակնարկ չկատարեց «անվտանգության գոտու» պահպանման անհրաժեշտության մասին:
Եվ այս հակասությունը լուծելու հարցում ինձ օգնության է գալիս ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, որն այսօր «Առաջին Լրատվական»-ին տված հարցազրույցում շատ հստակ ներկայացրել է իրավիճակը: «Շփման նախկին գիծը չկա, պետք է նորը գծվի, որտե՞ղ կանգ առնել՝ Ջաբրայիլու՞մ, թե այլ վայրում»:
Իսկ լրագրողի այն առարկությանը, թե հայկական կողմը չի համաձայնի տարածքներ՝ կարգավիճակի դիմաց սկզբունքին նշում է. «Այժմ ռեալ պատերազմ է ընթանում, ենթակառուցվածքներ են ոչնչանում, Ստեփանակերտն է ավիրվում»:
Եվ ես ակամայից հիշում եմ, որը մեկը ժամանակին ասել էր «այս տարածքները մեզ պետք չեն» ու ԼՏՊ-ի այն հայտնի միտքը թե՝ «տղա եք, մի տվեք»:
Մեզ այս պահին միասնականություն է պետք: Ես կգնամ մեծ երթին: Բայց ինձնից չպահանջեք «դըմփ-դըմփ-հուի» ներքո, իմ Քոչարիով հաստատել, որ այդ տարածքներն, իրոք մեզ պետք չէին ու ճիշտ էր ԼՏՊ-ն: Չէ՛, ես դա չեմ անելու։