կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-29 20:46
Քաղաքական

Ինչու՞ է Սերժ Սարգսյանն անակնկալ մեկնում Վրաստան

Ինչու՞ է Սերժ Սարգսյանն անակնկալ մեկնում Վրաստան

Ռուսական «Regnum» գործակալությունը, հղում կատարելով Վրաստանի նախագահի մամլո ծառայությանը, տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային  այցով մեկնելու է Թբիլիսի: Նա հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:

Հետաքրքրական է, որ այցի մասին ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնական որևէ հաղորդագրություն չէր տվել, ինչը հուշում է, որ Սերժ Սարգսյանի այցը կազմակերպվել է կայծակնային արագությամբ, և հնարավորինս անաղմուկ նախապատրաստությունից հետո: Դրա մասին է վկայում երկու այլ հանգամանք: Նախ` Սերժ Սարգսյանը Վրաստան է գնալու` գործնականում Մեծ Բրիտանիայից դեռ չվերադարձած, որտեղ մեկնել էր մասնակցելու Վեսթմինսթրյան աբբայությունում կազմակերպված`  Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը: Երկրորդ` ոչ վրացական և ոչ էլ հայկական կողմը չեն հստակեցնում, թե որն է այցի նպատակը և ինչու դրա մասին չի հայտնվել վաղօրոք: Այս իրողությունները վկայում են, որ սա հերթապահ այցելություն չէ:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Իտալիայում ռուսական «Գազպրոմ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը և Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն բանակցություններ են անցկացրել` Վրաստանին ռուսական գազի մատակարարման և  Վրաստանի տարածքով տարանցվող  ռուսական գազի ծավալների մեծացման վերաբերյալ: Բացի դրանից` նախօրեին «Հայացք» թերթին տված հարցազրույցում Վրաստանում իշխող «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Իվանիշվիլին հայտարարել էր, թե Թբիլիսին ցանկանում է իր տարածք հասցնել նաև իրանական գազը: Դրա մասին Միլլերի հետ հանդիպումից հետո հայտարարել է նաև Քալաձեն. «Ես նոյեմբերի կեսին կմեկնեմ Թեհրան: Իրանը, վերջին զարգացումները հաշվի առնելով, շատ հեռանկարային շուկա է, այդ երկրի նկատմամբ նոր մոտեցումներ են առաջանում, և հաշվի առնելով Վրաստանի աշխարհագրական, աշխարհաքաղաքական դիրքը՝ մենք պետք է փորձենք առավելագույն կերպով օգտագործել իրանական ռեսուրսները»,- ասել է նա:

Պետք է ենթադրել, որ Սարգսյանի անակնկալ այցը Վրաստան ուղղակի կապ ունի Վրաստանն էներգետիկ փոխադրումների խաչմերուկի վերածելու` պաշտոնական Թբիլիսիի սկսած այս նոր քաղաքականության հետ: Բացի այն, որ ռուս-վրացական բանակցություններում խոսքը փաստացի վերաբերում է հենց Հայաստանին մատակարարվող գազի ծավալների մեծացմանը (որովհետև Վրաստանով այլ երկիր ռուսական գազ չի տեղափոխվում), ի հայտ է եկել նաև, թերևս, Հայաստանը, իբրև իրանական գազը Վրաստան հասցնելու հաղորդուղի, առաջարկելու և այդ հարցում, Թբիլիսիին շահագրգռելու խնդիրը: Բանն այն է, որ բացի Հայաստանից, Վրաստանն այդ հավակնոտ ծագիրը կարող է իրականացնել նաև Ադրբեջանի միջոցով, որի հետ բանակցություններն սկսվել էին դեռևս հոկտեմբերի սկզբներին, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անսպասելի այցելեց Բաքու և հանդիպեց Ալիևին: Եթե Սերժ Սարգսյանն իսկապես այդ նպատակով է մեկնում Վրաստան, ապա Երևանն ակնհայտորեն Թբիլիսիին կանգնեցնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընտրություն կատարելու խնդրի առջև: Ենթադրելի է, որ այդ պարագայում Սարգսյանն իր հետ առաջարկություններ է տանում Վրաստան: Հարցն այն է` ինչ առաջարկներ են դրանք:

Այն հանգամանքը, որ Վրաստանը այս նախաձեռնություններն սկսել է Ռուսաստանի հետ բանակցություններով, ցույց է տալիս, որ Մոսկվան ինքը կարող է շահագրգռված լինել տարածաշրջանային նոր էներգետիկ նախագծերում ակտիվորեն ներգրավվելու հարցում: Թե Մոսկվան և թե Երևանը հրաշալի հասկանում են, որ մինչև 2030թ. իր գազի արդյունահանման ծավալները 400 մլրդ. մ3-ի հասցնելու և գազամատակարարման շուկայում դոմինանտ խաղացող դառնալու նպատակներ ունեցող Իրանը, այսպես թե այնպես, գազը եվրոպական շուկաներ հասցնելու ճանապարհներ գտնելու է և, այսպես թե այնպես, դառնալու է այդ հարցում Ռուսաստանի մրցակիցը: Իրանը դա ի վիճակի է անել կամ Ադրբեջան-Վրաստան-Սև Ծով-Ուկրաինա երթուղուվ, կամ Թուրքիայի տարածքով: Այս պահին, իրականում Թեհրանին ձեռնտու չէ ոչ մեկը և ոչ էլ մյուսը: Ադրբեջանը հարմար տարբերակ չէ` նրա քաղաքական կշիռը տարածաշրջանում բարձրացնել չցանկանալու տեսանկյունից, Թուրքիան` մշտապես բարդ բանակցող լինելու և ամենակարևորը` անվտանգության տեսակետից, հատկապես իսլամիստ ահաբեկիչների որջ դառնալու պատճառով, խոցելի լինելու: Գործնականում ամենահարմար ճանապարհը Հայաստան-Վրաստան-Սև Ծով երթուղին է, որտեղ միակ խնդրահարույց կետը կարող է լինել Հայաստանը` Ռուսաստանից կախվածության և, ըստ էության, Մոսկվայի կամքից անկախ որոշումներ կայացնելու անընդունակությամբ: Եթե Իրանը վերջնականապես համոզվի, որ Հայաստանն այս տեսակետից իսկապես անհույս է, միանշանակ հենվելու է թուրքական կամ ադրբեջանական ուղղություններից որևէ մեկի վրա` որոնք հավասարապես անընդունելի են Հայաստանի, բայց որ շատ ավելի կարևոր է` Ռուսաստանի համար: Բացի այն, որ վերջինս կորցնելու է եվրոպական շուկայի մի ահռելի մասը, նաև ստիպված է լինելու այդ տարբերակների դեպքում համակերպվել իր համար անվերահսկելի Ադրբեջանի կամ Թուրքիայի դերակատարության մեծացմամբ իրավիճակի վրա որևէ կերպ ազդելու լծակ չունենալու փաստի հետ: Այլ կերպ աած` Հայաստանով իրանական գազի տեղափոխումը Ռուսաստանի համար դառնում է չարյաց փոքրագույնը` գոնե «Գազպրոմ»-ի միջոցով այդ երթուղու վրա ազդելու լծակ պահպանելու իմաստով:

Հայաստանի համար ևս չարյաց փոքրագույնը կլինի այն, որ եթե հնարավոր չէ Ռուսաստանից անկախ խաղացողի կարգավիճակով հանդես գալ Իրանի և Վրաստանի միջև կապող օղակի դերում, ապա գոնե այդ դերը ստանձնել «Գազպրոմ»-ի միջոցով միջնորդավորված: Կարևորը` որ Վրաստանին և գուցե նրա տարածքով Եվրոպային մատակարարվելիք իրանական գազը պարտադիր տեղափոխվի Հայաստանի տարածքով: Ի վերջո «Գազպրոմն» անցողիկ է, իսկ կառուցվելիք խողովակաշարը և դրա տված քաղաքական դիվիդենտները` երկարաժամկետ:

Այնպես որ, չի բացառվում` որ ի դեմս Վրաստան կատարվող Սերժ Սարգսյանի այցի` գործ ունենք շրջադարձային իրադարձության հետ: Ամեն ինչ կախված է նրանից` որքան նախաձեռնող կլինի Հայաստանն այս գործընթացներում:  Համենայնդեպս, մեկ բան ակնհայտ է. կորցնել այսպիսի շանսը, նշանակում է վերջնականապես վերածվել տարածաշրջանային «իզգոյի»:

Գևորգ Դարբինյան

Հ.Գ. Հոդվածը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նախագահի այցի մասին: