Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի սրտում գտնվող Ամիրյան փողոցում տարիներ շարունակ կառուցվում են շենքեր, որոնք, թեև աչքի չեն ընկնում իրենց ճարտարապետական տեսքով, սակայն դրանց էլիտար լինելու հանգամանքն արդեն իսկ գրավում է շատ գործարարների և չինովնիկների: Շատերն են ցանկանում առևտրային, բիզնես-կենտրոններ, սրճարաններ կամ ռեստորաններ բացել այդտեղ, սակայն մինչ այժմ միայն «ընտրյալներին» է հաջողվել շահագործման հանձնել իրենց գնած տարածքները:
Օրինակ` Ամիրյան 4/7 շենքի գրասենյակային, առեւտրային տարածքներում խանութներ եւ հյուրանոց բացվեցին: Դրանք այժմ պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու «Իմպերիում պլազա» ընկերությանը: Ամիրյան 4-ում են տեղակայված նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին (ՍԱՍ-ի Արտակ) պատկանող ALDO և River Island խանութները: Վերջինս, ի դեպ, շուտով փակվելու է:
Yerkir.am-ի տեղեկություններով` նույն շենքի հետնամասն էլ` Ամիրյան 4/6 -ը, ներկայումս պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի կրտսեր որդուն` 6-ամյա Ալեքս Գասպարյանին: Մինչ երեխայի` էլիտար շենքի սեփականատեր դառնալու հանգամանքները մանրամասնելը մի փոքր պատմական ակնարկ Ամիրյան 4-ի ոդիսականի մասին:
2004թ. հուլիսի 23-ին Երևանի քաղաքապետ Երվանդ Զաքարյանը ՀՀ-ի անունից պայմանագիր կնքեց անհատ ձեռներեց Մելիք Գասպարյանի հետ, ըստ որի` առանց աճուրդի Ամիրյան փողոցից 5200 քառ. մետր տարածք տրամադրեց նրան: Ըստ այս պայմանագրի` Մ. Գասպարյանը պարտավորվում էր մինչև 2007թ. հունիսի 1-ն այստեղ կառուցել բազմաֆունկցիոնալ շենք, որը շահագործման չհանձնելու դեպքում պետությունը պարտավոր էր շենքը վերցնել կառուցապատողից:
Մ. Գասպարյանը, կառավարության լիազորմամբ, Ամիրյան 4-ի բնակիչների սեփականությունն օտարել էր՝ փոխարենը պարտավորվելով նրանց տան տեղում կառուցվելիք նորակառույցից տրամադրել համարժեք փոխհատուցում:
Թեև 2007թ. հունիսին շենքի տեղում միայն հիմքն էր գցված, սակայն պետությունը Մելիք Գասպարյանից չվերցրեց իր տրամադրած տարածքը, իսկ շենքի նախագիծը հաստատվեց միայն 2008-ին: 2009թ. ամռանը ՀՀ կառավարության երաշխավորությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանին Ամիրյանի 4 շենքի շինարարությունը ավարտելու համար տրամադրվեց 3 մլն դոլար: Իսկ 2009թ. աշնանը Մելիք Գասպարյանը դժբախտ պատահարի զոհ դարձավ: Դրանից հետո կառավարությունը արգելանք դրեց նրա բանկային հաշիվների և ունեցվածքի վրա: Ամիրյան 4 շենքի 4/2, 4/3, 4/4 մասնաշենքերի շինարարությունը սառեցվեց, փոխարենը` մեծ թափով վերսկսվեց Ամիրյան 4/1 մասնաշենքի շինարարությունը:
Պատգամավորի մահից հետո պետության նկատմամբ նրա ժառանգների ստանձնած պարտավորություններն այդպես էլ չեն կատարվում: Մելիք Գասպարյանի մահից հետո նրա ավագ որդին շենքի բնակիչներին հավաքել էր «Մետրոպոլ» հյուրանոցում և հայտնել, որ իր հոր ֆինանսական գործերից ընդհանրապես տեղյակ չէ: Բնակիչների խոսքով` նա նույնիսկ իրենց առաջարկել է 30 հազար դոլարով նույն շենքում ավտոտնակներ գնել, որպեսզի կարողանա շենքի շինարարությունը շատ արագ ավարտին հասցնել: Բնականաբար, բոլորը հրաժարվել էին, իսկ Գասպարյանի որդին խորհուրդ է տվել 6 ամիս սպասել, որպեսզի կարգավորվեն ժառանգության հարցերը և ինքը կարողանա զբաղվել այդ խնդրով:
Հանդիպմանը մասնակից բնակիչների թվում է եղել նաև քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը, ով կոչ է արել բնակիչներին` համբերել` ասելով, որ շենքի շինարարության շուտափույթ ավարտն իր շահերից էլ է բխում: Որոշ տեղեկություններով` այդ շենքում բնակարաններ են գնել մի շարք օլիգարխներ, պատգամավորներ, այդ թվում` ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Գասպարյանի որդին էլ, իր հերթին, հայտարարել է, թե Վարդանյանը հոր մահից հետո իրեն ահագին օգնել է...
«Մետրոպոլ»-ում հանդիպումից հետո շենքի բնակիչներն այլևս Գասպարյանի որդուն չեն տեսել: Yerkir.am-ի տեղեկություններով` նա հաճախ է լինում արտերկրում, մասնավորապես` Դուբայում:
Ամիրյան 4 շենքի բնակարաններից մեկի գնորդը' Կարինա Մարգարյանը, yerkir.am-ին պատմեց տարիներ շարունակ ձգձգվող, սակայն այդպես էլ լուծում չստացող բնակարանային խնդրի մասին: Կարինան նախնական պայմանագիր է կնքել Մելիք Գասպարյանի հետ և 121 քմ տարածքով բնակարան գնել Ամիրյան 4-ում: Ըստ նրա` շենքը 2008-ին հանձնվել է ֆինանսների նախարարությանը, սակայն ինչ հիմքերով, տեղյակ չէ:
Ամիրյան 4-ի մի խումբ բնակիչներ շենքի վերաբերյալ վերջին անգամ ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանի հետ խորհրդակցել են մոտ 4 ամիս առաջ: Կարինա Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախնական պայմանագրով գնել է 121 քմ տարածք, սակայն ֆինանսների նախարարությունում նրան հայտնել են, որ շենքում 121 քմ տարածք չկա, կա 123 քմ տարածք, այսինքն` 2 քմ-ի համար ինքը ստիպված պետք է հավելյալ գումար վճարի:
«Ես պետք է վճարեմ նաև ինչ-որ հավելյալ 30 հազար դոլար, որը Մելիք Գասպարյանի հարկերն են պետությանը, որ նա չի վճարել, բայց թե մենք ի՞նչ կապ ունենք այդ պարտքերի հետ, Աստված գիտի: Նրա պարտքը երևի թե այժմ բաշխվել է բնակիչների վրա: Նախարարությունում մեզ ասացին, որ ահագին մարդիկ արդեն վճարել են, բայց եթե վճարել են, ինչո՞ւ չեն շարունակում շինարարությունը»,- ասաց նա և հավելեց, որ եթե բնակարանների սեփականաշնորհման վկայականներն իրենց տան, իրենք էլ կարող են հավաքվել և բնակիչներով ավարտել շինարարությունը: Քաղաքացին անիմաստ է համարում նաև դատական ատյանների միջոցով խնդրի լուծումը: «Իրավաբաններն էլ գլուխ չեն հանում այս պատմությունից, անգամ իրենց վրա չեն վերցնում»,- ասաց նա և հավելեց, որ նման պարագայում իրենց միակ հույսը պետության աջակցությունն է:
Սակայն իրականում շենքը ոչ թե հանձնվել է ֆիննախին, այլ պարզապես արգելադրված էր նախարարության օգտին, այսինքն` Գասպարյանի' պետությանը ունեցած պարտքերի դիմաց գրավի տակ է առնվել:
Ըստ ֆինանսների նախարարության` 2012թ. դեկտեմբերի 28-ին Գասպարյանի ժառանգները շենքը հանել են գրավից: Ֆինանսների նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարությունը շենքի շինարարության ավարտի հետ որևէ կապ չունի, իրենք ընդամենը պահանջում են, որպեսզի այն գնորդներն, ովքեր այդ շենքում բնակարան ունեն, իրենց բնակարանի մասով եղած հարկերը լրավճարեն:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվում, որ բնակիչներն առանց սեփականաշնորհման վկայական ստանալու պարտավոր են հարկերը վճարել, Դավթյանը պատասխանեց. «Երբ որ շենքը, այսինքն` գույքն օտարվում է, հարկ է առաջանում, հարկ է վճարվում: 60 գնորդներից 45-ն արդեն լրավճարել են հարկերը և ստացել իրենց բնակարանների վկայականները»:
Խորհրդականը նշեց, որ իրենք գործ ունեն միայն «պետության կարիքների» համար իրացված տարածքի, այսինքն` Ամիրյան 4-ի նախկին բնակիչների հետ, որոնց պետությունը խոստացել էր ապահովել բնակարաններով: Ըստ նրա` 23 բնակիչներից 19-ն արդեն բնակարաններ ստացել են, իսկ մնացած 4-ի մասով... «Բնակարան կստանան, երբ որ ամպերից իջնեն, նրանք սավառնում են երկնքում»,- ասաց նա և, բացելով փակագծերը, հավելեց. «Նրանք ուզում են միանգամից միլիարդատեր դառնան: Առաջին հարկում են տարածք ուզում, որ բիզնես ունենան, բայց մենք նրանց բնակարան ենք առաջարկում: 50 հազար դոլար արժողությամբ բնակարանի փոխարեն ինչպես կարելի է 500 հազար դոլարանոց տարածք պահանջել»:
Դավթյանի խոսքով` հարկային պարտավորություններ կան, որոնք Մելիք Գասպարյանն ընդհանրապես նկատի չի ունեցել, ըստ Դավթայի` նրան թվացել է, թե ինքը հարկեր չի վճարի և այլն... Ավելին` Մելիք Գասպարյանը բնակիչներին տվել է «կիսալղոզված պայմանագրեր»:
«Քանի կար` խառը-խշտիկ վիճակ էր. մեկն ասում էր` ես 10-րդ հարկում 100 քմ ունեմ, բայց թե այդ 100 քմ-ն որտեղ էր գտնվում, Աստված գիտի, կամ 8-րդ հարկում կա 5000 քմ տարածք, ինչպե՞ս իմանայինք` որն ումն էր: Ոչ ոք իր բնակարանի տեղը կոնկրետ չգիտեր»,- ասաց Դավթյանը և ընդգծեց, որ իրենք այդ ամենը կանոնակարգել են:
Նրա խոսքով` շենքն ավարտին չի հասցվում, քանի որ դեռ շինարարական ծախսեր կան, իսկ գնորդներից մի քանիսը դեռ չեն որոշել իրենց տան դիրքը: «Այժմ այդ ամենը ճշտման փուլում է, դա պետք է լուծվի, որից հետո պարզ կդառնա, թե որքան տարածք է ազատ մնում, որպեսզի սեփականատերերը կարողանան այդ ազատ տարածքները վաճառեն կամ գրանցեն բանկում, ֆինանսավորում վերցնեն և շենքի շինարարությունն ավարտին հասցնեն»,- նշեց մեր զրուցակիցը:
Իսկ շենքում, ըստ նրա, մնացել է միայն վերելակներ տեղադրել, ընդհանուր օգտագործման տարածքները բարեկարգել, ջրի, կոյուղու հարցը լուծել, աստիճանավանդակները բարեկարգել...
Yerkir.am-ի դիտարկմանը, թե ինչո՞ւ պետք է բնակիչները պայմանագրեր կնքեին և տարիներ շարունակ չկարողանային բնակարան ստանալ, Դավթյանը պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի, թե երբ են կնքել, ասենք` հիմա են կնքել, որ կնքել են, մեջն ի՞նչ կա: Առանց նախագծի, օդի մեջ պայմանագիր են կնքել, հետո՞ ինչ»: Իսկ, թե երբ ավարտին կհասցվի շենքի շինարարությունը, Դավթյանը չկարողացավ պատասխանել` նշելով, որ դա արդեն շենքի սեփականատերերի խնդիրն է:
Իսկ շենքի սեփականատերերն այս պարագայում Մելիք Գասպարյանի առաջին կինը` Անահիտ Մնացականյանն ու երկրորդ կնոջ որդին` 6-ամյա Ալեքս Գասպարյանն են: Գասպարյանի ավագ որդին, ով, ինչպես վերևում հիշատակեցինք, հոր մահից հետո որոշել էր լուծել բնակիչների խնդիրները, հրաժարվել է ժառանգությունից:
Մեզ չհաջողվեց կապ հաստատել Անահիտ Մնացականյանի հետ, փոխարենը զրուցեցինք նրա փաստաբանի' ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանի հետ: Նա սկզբում շատ բարեհամբույր էր, սակայն, երբ հարցրեցինք շենքի շինարարության ժամկետների մասին, ասաց, որ շատ զբաղված է, ոչինչ ասել չի կարող և հեռախոսն անջատեց: Մեզ չհաջողվեց կրկին կապ հաստատել նրա հետ. Բալյանը մեր զանգերին ընդհանրապես չէր պատասխանում:
Փաստորեն, իշխանությունները` ի դեմս ֆինանսների նախարարության, չոր դուրս գալով այս պատմությունից, լվանում են իրենց ձեռքերը, մոռանալով, որ Մելիք Գասպարյանին իրացված տարածքների բնակիչների (մյուս գնորդների մասով` երևի հենց իրենց մեղավորությունն է, որ վստահել են «ապահով Հայաստանին») «վզին փաթաթել» են հենց իրենք` չթողնելով ոչ մի այլընտրանքի հնարավորություն ...
Այս պատմությանը բնորոշ մի զավեշտալի հանգամանք ևս. ստացվում է, որ «ապահով Հայաստանում» անգամ օլիգարխներն ու պետական չինովնիկներն ապահովագրված չեն երկրի հիմնական չարիքներից մեկը դարձած` բնակարանային քաոսի տհաճ հետևանքներից: Այստեղ էլ իշխում է ուժի և ամենակարող լինելու սկզբունքը: Ջունգլիական օրինակի պես` հաղթող է նա, ով առաջինն է հոշոտում սատկած կենդանուն, իսկ բորենիներին ոչինչ չի մնում, քան լափել պատառիկները....
Հ.Գ. Նախագահի հանձնարարականով Վերահսկիչ պալատը պետք է լուրջ ուսումնասիրությունների արժանացներ հատկապես պետական գնումների, սոցիալական և շինարարական ծրագրերի ոլորտնեը: Կոչ ենք անում Իշխան Զաքարյանին ուսումնասիրել նաև Ամիրյան 4-ի խնդիրը:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարները` Շուշանիկ Հակոբյանի