Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ` արդեն գծագրվում են այն մարտավարությունները, որոնցով առաջնորդվելու են «Ոչ»-ի և «Այո»-ի ճամբարներում: Արդեն իսկ ակնհայտ է, որ այս երկու բևեռներից ոչ մեկում միասնական ճակատ չի ձևավորվելու: Սակայն, եթե «Այո»-ի պարագայում դա պայմանավորված է այս բևեռում գտնվող ուժերի կարգավիճակով, ապա «Ոչ»-ի պարագայում միասնականության բացակայության հիմնական կամ գործնականում միակ պատճառն այնտեղ գործող խմբավորումների հետապնդած նպատակների տարբերություններն են:
«Ոչ»-ի բևեռում ձևավորվել է երեք միկրոբևեռ: Դրանցից մեկը, որի կորիզը «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունն է, ներկայացնում են նրանք, ովքեր դեմ են Սահմանադրության փոփոխմանը և ներկայացված նախագծին թե\' դրա քաղաքական շարժառիթների և թե\' բովանդակության հետ անհամաձայնությունների պատճառով: Այս շրջանակի մարտավարությունը կառուցվում է հանրաքվեի անցկացումը թույլ չտալու, դրա անհնարինության դեպքում` հանրաքվեի արդյունքում սահմանադրական փոփոխությունների նախագծի հանրային մերժմանը հասնելու տրամաբանության վրա:
Երկրորդ շրջանակն, այսպես կոչված, «Նոր Հայաստան» փրկության ճակատն է, որին մաս են կազմում «Ժառանգություն» և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները, «Հիմնադիր խորհրդարանը», «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը, մասամբ` ԱԻՄ-ը: Այս միկրոբևեռի միակ մարտավարությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը և դրա անցկացման համար ընձեռվող օրենսդրական հնարավորությունները բացառապես իշխանության հեռացմանը հասնելուն ծառայեցնելն է, հանրությանը քաղաքացիական անհնազանդության մղելը: «Նոր Հայաստան»-ը փաստացի իր նպատակի իրագործման վերջնաժամկետ է սահմանել դեկտեմբերի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածը, երբ, ըստ երևույթին, պլանավորվում է անդադար ցույցեր անցկացնել:
Երրորդ միկրոբևեռը կազմում են ՀԱԿ-ն ու արդեն տևական ժամանակ նրա արբանյակի դերը կատարող ՀԺԿ-ն, որոնք հայտարարել են «Ոչ»-ի առանձին շտաբ ձևավորելու և առանձին քարոզչություն իրականացնելու մասին: Չնայած իշխանության հեռացման հարցում նրանք համակարծիք են «Նոր Հայաստան»-ի հետ, սակայն ՀԱԿ-ն ունի նրանցից առանձնանալու 3 հիմնական պատճառ: Առաջինը, թերևս, այն է, որ, սովորության համաձայն, չի կարող իրեն թույլ տալ մյուսների հետ հարաբերվել հավասարի դիրքերից, չունենալ թելադրող, հեգեմոն կարգավիճակ: Երկրորդ` ՀԱԿ-ը սկզբունքորեն և գաղափարապես դեմ է խորհրդարանական կառավարման համակարգին, այսինքն` այս դաշտում ունի հակառակ դիրքորոշումն ունեցող ուժերի հետ բանավիճելու թեմա: Եվ վերջապես` երրորդ ու ամենակարևոր պատճառն այն է, որ ՀԱԿ-ը չի ցանկանում առաջնորդվել իշխանափոխության համար ի սկզբանե ինչ-որ կոնկրետ ժամկետներ սահմանելու մարտավարությամբ` հասկանալով, որ անհաջողության մատնվելու պարագայում փոշիացնելու է իր քաղաքական կապիտալի վերջին մնացուկները:
Այլ կերպ ասած` գործ ունենք լրիվ տարբեր 3 «ոչ»-երի հետ, որոնք որևէ ընդհանուր պատկերացում չունեն` ինչպիսին է լինելու Հայաստանը դեկտեմբերի 6-ից հետո:
«Այո»-ի ճամբարում իրավիճակը մի փոքր այլ է: Այստեղ ևս փաստացի լինելու է երեք բևեռ` իշխանությունը` ի դեմս ՀՀԿ-ի, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, որոնցից յուրաքանչյուրը քարոզչության իր շտաբը կձևավորի: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ «Այո»-ի իր շտաբի ղեկավարման խնդիրը դրվել է ՀՀ գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի վրա:
Այս բևեռում բացարձակապես տարբեր են ակնկալիքները հանրաքվեի արդյունքներից կամ, ավելի ճիշտ, իշխանության ձևավորման նոր մեխանիզմներից: ՀՀԿ-ն, թերևս, այն դիտարկում է որպես քաղաքական մեծամասնության ներկայիս կարգավիճակն առնվազն պահպանելու հնարավորություն: ՀՅԴ-ն հանդես է գալու այդ մեծամասնությունը ձևավորելու` ընտրական համակարգն իմաստազրկող ավանդական տեխնոլոգիաներն ու մեխանիզմները չեզոքացնելու, այսինքն` աստիճանական իշխանափոխության կառուցակարգ ստեղծելու դիրքերից: Իսկ ԲՀԿ-ն փաստացի լուծելու է միայն «Այո»-ի քարոզչության բազմազանությունն ապահովելու խնդիր:
Ակնհայտ է, որ եթե իշխանությունը փորձելու «Այո»-ի քարոզչությունը կառուցել ընդդիմության լիազորություններն ու ազդեցության շրջանակները մեծացնելու հարցում իշխանության զիջողական տրամադրվածության գործոնի վրա, ապա ՀՅԴ-ն շեշտադրումը կատարելու է առկա համակարգի անխնա քննադատության և իշխանության վերարտադրման հնարավորությունները բացառելու սկզբունքի վրա: Թեև ԲՀԿ-ն դեռևս չի որոշակիացնում իր «Այո»-ի դրդապատճառները, սակայն կարելի է ենթադրել, որ գործելու է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի` տրամագծորեն տարբեր քարոզչական մարտավարական ուղեգծերի միջակայքում:
Այս իմաստով առանձին շտաբներ ձևավորելը և առանձին քարոզարշավ իրականացնելն այլընտրանք չունեին: Նախ` գործնականում հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես կարող են մեկ կենտրոնից ղեկավարվել գործող կառավարման համակարգի հաշվին իշխանությունը պահպանող և երկրի խնդիրների հիմնական մասն այդ նույն համակարգի մեջ տեսնող ուժերը: Երկրորդ` եթե ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն ընդհանուր շտաբ ձևավորեին, որևէ կասկած չէր լինելու, որ դա ներկայացվելու էր որպես ապագա կոալիցիայի ձևավորման նախերգանք` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Այսուհանդերձ, ստեղծված իրադրությունը հուշում է, որ սպասվում է հետաքրքիր քարոզարշավ: Զուտ պարզ թվային արտահայտությամբ` կողմերը գտնվում են հավասար պայմաններում` երեքը երեքի դեմ: Եվ խնդիրը գործնականում դառնալու է այն, թե նրանցից որի՞ ներկայացրած փաստարկներն ավելի ամուր և համոզիչ կլինեն, իհարկե` հավասար մրցակցային պայմանների, խաղի կանոնների ստեղծման պարագայում: Թե\' «Ոչ»-ի և թե\' «Այո»-ի ճամբարների բևեռները փորձելու են իրենց առանձին քարոզչությունը կառուցել այնպես, որ չվնասեն նույն ճամբարում գործող մյուս շրջանակներին: Սա մի կողմից նրանց կաշկանդելու է: Սակայն, մյուս կողմից, չի հաջողվելու խուսափել միմյանց «ոտքը տրորելուց», ինչի հետևանքը կարող են լինել ներճամբարային նոր վերադասավորումներն ու խմորումները: Ողջ հարցն այն է, թե ինչպիսի՞ն կլինի հասարակության դերակատարությունն այս ամենում: Իսկ հասարակությունն առայժմ անգամ հանդիսատեսին բնորոշ հետաքրքրություն չի ցուցաբերում:
Գևորգ Դարբինյան