կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-17 11:34
Քաղաքական

Կառավարությունը ցանկանում է գյուղացիներին ազատել գյուղացիական վարկերի տույժ-տուգանքներից

Կառավարությունը ցանկանում է գյուղացիներին ազատել գյուղացիական վարկերի տույժ-տուգանքներից

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախքան օրակարգին անցնելը, հարցրեց գյուղնախարար Արթուր Խաչատրյանին, թե ի՞նչ տվյալներ կան վերջին կարկտահարության վնասի ծավալների վերաբերյալ:

Գյուղնախարարը պատասխանեց, որ այս տարվա առաջին կարկտահարության դեպքը գրանցվել է մայիսի 8-ին: Տուժել են Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերը: Վնասված տարածքների ընդհանուր մակերեսը կազմել են 350 հա, Արագածավանում վնասի չափը 20-ից 80 տոկոս է կազմել, վնասվել են պտղատու ծառերը:

Վարչապետը հարցրեց, թե երբ կունենանք վնասի չափը` դրամական տեսքով: Գյուղնախարարը պատասխանեց, որ այդ տվյալները պարզ կլինեն մեկ շաբաթ հետո:

«Կարող ենք ֆիքսել, որ հակակարկտային էֆեկտիվ համակարգ այսօր չունենք Հայաստանում, և սա լուրջ պրոբլեմ է: Տարօրինակ է, անկեղծ ասած, որ երկար ժամանակ անընդհատ ասվում էր, որ այս ոլորտում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ուեննան, բայց դրանք, ցավոք, տեղի չեն ունեցել: Պետք է հասկանալ,` ի՞նչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները լայնորեն չեն օգտվում հակակարկտային ցանցերի համակարգից: Ենթադրում եմ, որ պատճառները ֆինանսական են:

Լուրջ խնդիր ունենք գյուղվարկերի հետ կապված: Գյուղացիները գտնվում են վարկերի, տույժ-տուգանքների բեռի տակ: Երեկ մենք զրուցել ենք ԿԲ նախագահի հետ: Խնդրում եմ, որ առաջիկայում հնարավորինս արագ մշակենք մեխանիզմներ, գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատենք, վարկային պատմության համաներման մեխանիզմ կիրառենք, որ գյուղացիները վարկ վերցնելու հնարավորություն ունենան, որ գյուղացիները կարողանան իրենց այգիները, բոստանները և գյուղացիական տնտեսությունները մշակեն, պաշտպանեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գյուղնախարարը հավելեց, որ 2015-ին կարկտահարությունից վնասի չափը կազմել է 8 միլիարդ դրամ, 2016-ին` 33,5 միլիարդ դրամ, 2017-ին` 12,2 միլիարդ դրամ: «Կարծում եմ, որ եթե մենք իրականացնենք վնասի փոխհատուցման քաղաքականություն` հրանոթների, ցանցերի մասով, ապա այս խնդրի առաջ չենք կանգնի»,- ասաց նա:

Վարչապետի կարծիքով` բոլոր դեպքերում` կանխարգելումը շատ ավելի քիչ գումար է պահանջում, քան վնասի հետևանքների վերացումը: Ուստի նա հանձնարարեց ինտենսիվ քաղաքականություն տանել հակակարկտային ցանցերի համակարգերի լայն կիրառման ուղղությամբ:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հավելեց, որ Վանաձորում այս պահին կառուցվում է գործարան, որը կարտադրի հակակարկտային ցանցեր:

«Պետք է աշխատել, որ օր առաջ, ժամ առաջ սկսվի այդ գործարանի աշխատանքը, որպեսզի նպատակային ֆինանսավորման մեխանիզմով հանրապետությունում լայնորեն ներդրվի հակակարտային ցանցերի համակարգը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: