կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-14 20:44
Քաղաքական

Հաջորդ խորհրդարանում Պուտինը վստահված անձ կունենա

   Հաջորդ խորհրդարանում Պուտինը վստահված անձ կունենա

Այսօր ՌԴ նախագահին կից Միջազգային հարաբերությունների խորհրդի Տեղեկատվական աջակցության հարցերի պետական ազգային քաղաքականության հանձնաժողովի անդամ, ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների խորհրդի պրեզիդիումի անդամ Արա Արշավիրովիչ Աբրահամյանը կամ ինչպես ինքն է իրեն անվանում` Աբրամյանը հայտարարել է, որ մասնակցելու է Հայաստանի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ այդ կապակցությամբ կուսակցություն է բացում: Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Աբրահամյանն, ի դեպ, նաեւ ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան է, ինչպես, օրինակ Անջելինա Ջոլին: Նա Հայաստանում կատարել է մի շարք բարեգործական ակցիաներ, աջակցել ու աջակցում է հայաստանյան բոլոր ստեղծագործական միություններին` Կոմպոզիտորների, Գրողների, Նկարիչների, Ժուռնալիստների, ունի բանակին ուղղված բարեգործական ծրագրեր, որոշ դպրոցներում համակարգչային լսարաններ է բացել, Յուրի Բարսեղովի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաղթերի 4 հատոր ժողովածուն է հրատարակել, Երեւանի Իսակովի պողոտայում ռուսական եկեղեցի է… արդեն մի քանի տարի կառուցում, բայց ոչ մի կերպ չի ավարտում…

Մի խոսքով, իսկական հայ մեծահարուստ է, իսկ ինչպես վերջիններից յուրաքանչյուրին, այնպես էլ իրեն, թվում է, որ ինքը կարող է այլեւս որոշել Հայաստանի քաղաքականությունը, քանի որ` բա էսքան բարեգործությունը հո հենց այնպես չի՞ արել: Արա Արշավիրովիչը, սակայն, հայ այն մեծահարուստների թվին է դասվում, որոնք դժվարանում են հայերեն, ռուսերեն խոսելիս, իսկ ուրիշ այլ լեզուներով առհասարակ չեն կարողանում խոսել: Փոխարենը ի տարբերություն նրանց, Աբրահամյանը մի քանի անգամ եղել է «Պուտինի վստահված անձը», եւ առհասարակ, Պուտինն իր նախագահն է ու «Ինչ ասում ա Պուտինը, ճիշտ ա ասում»: Բայց այս ամենի հետ Պուտինը ոչ մի կապ չունի, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի հայերի միությունը` Ռուսաստանի հայերի կամ Համաշխարհային հայկական կոնգրեսը` աշխարհասփյուռ հայերի: Այս ամենը մեր մասին է, որովհետեւ հենց մենք ենք, որ զարմանում ենք, թե ինչպես օտար պետության քաղաքացին, այլ պետության նախագահին կից ինչ-որ կառույցի ներկայացուցիչը կարող է գալ այստեղ եւ որոշել, թե մենք որ ուղղությամբ պետք է գնանք:

Մենք սա լսում ենք ու զարմանում ենք, սակայն միայն զարմանում ենք: Մենք, օրինակ, չենք հարցնում այդ մարդուց, թե` «տովարիշ», ինչո՞ւ Հայաստանի գրեթե բոլոր դպրոցներում ռուսաց երգի փառատոն անցկացնելու փոխարեն, Ռուսաստանի հայերի միությունը հենց Մոսկվայում չի գնում եւ չի կանգնում ուղիղ Կրեմլի դիմաց ու չի երգում հայերեն, այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլը չի հրաժարվել ադրբեջանցիներին զենք վաճառելուց: Չնայած, եթե պահանջենք` ի՞նչ. հո չի՞ անելու, չէ՞ որ նրա նախագահը Պուտինն է, չէ՞ որ.. ուրեմն, մենք նրան օտար ենք, շատ-շատ ռազմավարական դաշնակից:

Իսկ 2017-ը շատ հեռու չէ, ու եթե մենք շարունակենք միայն զարմանալ, ապա հաջորդ խորհրդարանում Պուտինը վստահված անձ կունենա: Իհարկե Արա Աբրահամյանը հայ է, բայց, կներեք, աշխարհում այնքան շատ «հայեր» կան, օրինակ` Բարաք Օբաման եւ Մայր Թերեզան, Լավրով Սերգեյն էլ, անշուշտ…

Բ. Գասպարյան