կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-07 13:25
Քաղաքական

Ֆինանսավարկային բացասական վիճակի մեղավորները

Ֆինանսավարկային բացասական վիճակի մեղավորները

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում շարունակվեց ԿԲ դրամավարկային ծրագրի տարեկան հաշվետվության քննարկումը: Ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ տնտեսագիտության մեջ կա մոտեցում, որ որքան տնտեսագետ կա, այնքան էլ` կարծիք, կան նաև ընդհանուր մոտեցումներ, և դրամավարկային քաղաքականությունը նույն նպատակն ունի` լրիվ զբաղվածության ապահովման հասնելը:

Ըստ Արծվիկ Մինասյանի` արդյունքի հասնելու համար համահավասար արդյունավետ պետք է գործեն կառավարությունն ու ԿԲ-ն, և եթե խնդիրներ կան դրամական շրջանառության ոլորտում, միակ մեղավորը ԿԲ-ն չէ: Երբ խոսվում է ներգրավված արտաքին պարտքի մասին, իսկապես, սկզբունքային հարց է, թե ինչ ուղղություններով է այն ընթանալու, ինչ նպատակադրումներ պետք է լինեն, որ ԿԲ-ից էլ հնարավոր լինի պահանջել, թե որտեղ է թերանում:

«Երկրում ստեղծված ֆինանսատնտեսական բացասական վիճակի մեղավոր հավասարաչափ ճանաչում եմ երկու կառույցին էլ՝ կառավարությանն ու ԿԲ-ին, որովհետև չկա կոորդինացված աշխատանք: Ավելին՝ ես մեղադրում եմ նաև ԱԺ երկու հանձնաժողովներին՝ տնտեսական և ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովներին, որովհետև պետք է կարողանանք մի մոդել մշակել, որ ընթացիկ վերահսկողություն ապահովենք»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է ժամանակակից տնտեսական քաղաքականության մեջ սպասումների մշակմանը` Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ չկա մի երկիր, որտեղ պետական քաղաքական գործչի խոսքը ազդեցություն չունենա ֆինանսական շուկայի վրա:

«Ես պնդում եմ, որ ցանկացած պատգամավորի խոսք այս ամբիոնից ուղիղ ազդեցություն ունի ֆինանսական շուկայի վրա, որովհետև այն ազդում է այն մարդկանց ու տնտեսվարող սուբյեկտների սպասումների վրա, ովքեր նախաձեռնում ու իրականացնում են որոշակի գործողություններ: Այս առումով` ես մեղադրում եմ ԿԲ-ին, որ նա չի իրականացնում այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն կտան պետական քաղաքական գործիչներին ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու»,- ասաց նա:

Դրա վառ օրինակը, ըստ Արծվիկ Մինասյանի, անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած գործողություններն էին, երբ ԱԺ ամբիոնից, հեռուստատեսությամբ չհիմնավորված հայտարարություններ էին արվում, որոնց նպատակը աժիոտաժ ստեծելն էր, իսկ ԿԲ-ն որքան փորձում էր շտկել իրավիճակը, չէր ստացվում, որովհետև ժամանակին չէր տրամադրել տեղեկատվություն այն մարդկանց, ովքեր նման հայտարարություն չպետք է անեին, և հիմա էլ ԿԲ-ն որևէ մոդել չի առաջարկում` ինչպես անել, որ հարցերը լուծվեն:

«Ոչ ոք ձեր ինքնավարության նկատմամբ հավակնություններ չունի, բայց հասկացեք `սա երկիր է ու տնտեսություն, որը կարիք ունի ճշգրիտ տեղեկատվության ցանկացած փուլում»,- ասաց Արծվիկ Մինասյանը: