կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-05 17:01
Առանց Կատեգորիա

Հայկական շահերը` մերձավորարևելյան նոր քաոսում

Հայկական շահերը` մերձավորարևելյան նոր քաոսում

Մերձավոր Արևելքում ստեղծվող բացարձակապես նոր իրավիճակն իր ազդեցությունն է ունենալու նաև հարակից տարածաշրջանների, այդ թվում` Հարավային Կովկասի, հետևաբար` նաև Հայաստանի հետաքրքրությունների վրա: Ռուսաստանի և Իրանի աջակցությունը սիրիական կառավարական ուժերին և համատեղ ուժերով իսլամական ծայրահեղականներից նոր տարածքների ազատագրումն առաջին հերթին կարևոր է Սիրիայում կայունություն հաստատելու և դրանով հայկական համայնքը վերջնական կործանումից փրկելու իմաստով:

Սիրիական քաղաքացիական պատերազմի անցած 4 տարիները ցույց տվեցին, որ Արևմուտքը խորապես թքած ունի այդ երկրի բնակչության ողբերգության վրա, և քրիստոնյաների ֆիզիկական պաշտպանության հարցում ոչինչ ձեռնարկելու մտադրություն չունի: Ռուսաստանի մուտքը տարածաշրջան և բազմամիլիոն մահմեդական փախստականների կողմից Եվրոպայի ` «նվաճումը» նախադրյալներ են ստեղծում` ի վերջո, հրաժարվելու սիրիական ճգնաժամը ռազմական ճանապարհով լուծելու անհեռանկար ուղուց:

Ռուսաստանի և Իրանի անակնկալ ակտիվացումը Սիրիայում քարուքանդ է անում Թուրքիայի պլաններն այդ տարածաշրջանում: Մի կողմից Թուրքիայի քթի տակ` Լաթաքիայում, Ռուսաստանը կառուցում է ևս մեկ ռազմակայան: Եթե նկատի ունենանք, որ նման մի ռազմակայան էլ Ռուսատանն ունի Թուրքիայի արևելյան սահմանին` Հայաստանում, ապա պարզ է դառնում, որ Թուրքիան հայտնվում է, այսպես կոչված, ռուսական աքցանի մեջ, իսկ դա էականորեն ազդելու է նաև ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

Մյուս կողմից` եթե ռուսական և իրանական ուժերին հաջողվի ճեղքում մտցնել Թուրքիայի աջակցությունը վայելող «Իսլամական պետության» դեմ պատերազմում, և Սիրիայի հյուսիսային ու հյուսիսարևելյան շրջաններում հաստատվի սիրական կառավարության վերահսկողությունը, դա ամենաուժեղ հարվածը կլինի Թուրքիային քրդերի դեմ սանձազերծած պատերազմում: Խնդիրն այն է, որ դրանով կազատագրվեն Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի քրդերին իրար կապող հիմնական կոմունիկացիոն գծերը: Դա իսկական մղձավանջ կդառնա Անկարայի համար: Եվ նա ստիպված կլինի ճշտել նաև քրդական հարցի հետ կապված` Ռուսաստանի դիրքորոշումը:

Բուն Հայաստանի համար ամենաէականն այն է, որ ճգնաժամի հաղթահարմանը Ռուսաստանի ուղղակի ռազմական ներգրավումը տեղի ունենա ոչ թե ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ ՌԴ-ի նոր կոնֆրոնտացիայի հենքի վրա, այլ փոխհարմարվողականության: Այսինքն` ԱՄՆ-ն ու Եվրոպան կհամակերպվեն Մերձավոր Արևելքում Ռուսաստանի հաստատման փաստի հետ և կգործակցեն նրա հետ առաջնահերթորեն Սիրիայի քաղաքացիական պատերազմը կանգնեցնելու և տարածաշրջանում միջազգային ահաբեկչության ցանցային օջախը վերացնելու հարցում:

Առայժմ Ռուսաստանի դեմ քարոզչական դիամադրությունը թվում է զուտ տակտիկական` նրա ախորժակը զսպելու նկատառումով: Բայց եթե սա վերածվի նոր առճակատման, ապա Ռուսաստանն, անկասկած, ձգտելու է իր կատարյալ ազդեցությունը հաստատել նաև Հարավային Կովկասում, որը փաստացի դեպի Սիրիա օդային և ցամաքային ամենակարճ և ամենաարդյունավետ ուղին `: Պատահական չէ, որ, ըստ որոշ լուրերի, ռուսական կործանիչները Սիրիա են հասել հենց Ադրբեջանի օդային տարածքով: Սա կարող է էլ ավելի արժևորել Ադրբեջանի ռազմաքաղաքական նշանակությունը Ռուսաստանի համար: Ունենալով այս տարածաշրջանը վերջնականապես կլանելու խնդիրը` Մոսկվան կարող է իսկապես գործադրել միակողմանիորեն հայ-ադրբեջանական շփման գծում խաղաղապահներ տեղակայելու իր վաղեմի պլանները:

Սիրիայում Արևմուտքի հետ համագործակցության դեպքում դրա սուր անհրաժեշտությունը Մոսկվան չի զգա: Այդ դեպքում նաև Ադրբեջանը կհամոզվի, որ եթե իրանական միջուկային ծրագրի հարցից հետո նաև Սիրիայի ճգնաժամի հարցում են ուժային կենտրոններն ընդհանուր լեզու գտնում, նշանակում է նրանք ընդհանուր մոտեցումներ ունեն նաև ղարաբաղյան հարցում ստատուս քվոյի պահպանման, խաղաղապահների տեղակայման և բանակցային գործընթացը շարունակելու հարցերում:

Գևորգ Դարբինյան