Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Փարիզում երեկ երեկոյան իրականացված ահաբեկչական ակտերի շարքը, որն ավելի քան 120 խաղաղ մարդու կյանք խլեց, ցնցել է աշխարհը: Այն իր ընդգրկմամբ, լկտիությամբ նախադեպը չունի եվրոպական տարածաշրջանի կտրվածքով և ցույց է տալիս, թե քաղաքակիրթ աշխարհի համար ինչպիսի ծայրահեղ վտանգավոր վերափոխումների են ենթարկվում միջազգային ահաբեկչության, բայց հատկապես «Իսլամական պետություն» խմբավորման գործունեությունն ու կիրառած գործիքակազմը:
Զրկվելով Մերձավոր Արևելքում ավելի ընդարձակվելու հնարավորությունից, աստիճանաբար զրկվելով ֆինանսական և մարդկային ռեսուրսներից` ԻՊ-ը փաստացի փորձում է պատերազմը Սիրիայից և Իրաքից տեղափոխել ինչպես տարածաշրջանի այլ`(Լիբանան), այնպես էլ եվրոպական երկրների տարածքներ` ելնելով վրեժխնդրությունից, հանրային համընդհանուր խուճապ հարուցելու նպատակներից:
Փարիզի ահաբեկչությունների շարքն առաջին հերթին բացահայտում է, թե որքան խոցելի են դարձել եվրոպական երկրները` հատկապես Սիրիայից, Իրաքից փախած միլիոնավոր փախստականների պատճառով: Ի սկզբանե պարզ էր, որ քաղաքացիական անձանց հետ միասին, ծպտված եվրոպական երկրներ են ներթափանցում նաև ահաբեկիչներ կամ ահաբեկչական խմբեր, մինչդեռ դրա դեմն առնել գործնականում հնարավոր չէր: Քանի դեռ ահաբեկչություններ էին կատարվում Անկարայում կամ Եգիպտոսի երկնքում պայթեցվում (ամենայն հավանականությամբ) էր ռուսական քաղաքացիական ինքնաթիռը, Եվրոպան, ԱՄՆ-ն առաջնորդվում էին realpolitik-ի և շովինիզմի անբարո կանոններով`շարունակելով անադեկվատ մնալ նոր, ահագնացող մարտահրավերներին: Փարիզում կատարվածից հետո որևէ մեկի մոտ այլևս կասկած չի կարող լինել, որ նման ոճրագործություններից ապահովագրված չէ գործնականում եվրոպական և ոչ մի երկիր, և որ փախստականների ներհոսքը եվրոպային նստեցրել է ժամանակի վրա միացված բազմաթիվ «ռումբերի» վրա, որոնք կարծես թե սկսել են պայթել: Եվ Փարիզում կատարվածի այս ենթատեքստը միջզգային հանրությունը կարծես թե հասկացավ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով այդ աննախադեպ հանցագործությանը, նշել է, թե «հարձակումն արվել է ոչ միայն Փարիզի կամ դրա ժողովրդի, այլև համայն մարդկության և մեր համատեղ բոլոր արժեքների դեմ»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Անվտանգության խորհրդի կողմից ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին ու Ֆրանսիայի իշխանություններին, ընդգծել է. «Անհրաժեշտ է ահաբեկչական գործողություններն իրականացնողներին պատասխանատվության ենթարկել»: Իսկ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, թե G20-ի երկրներին կոչ է անելու պատասխանել ահաբեկչության սպառնալիքին:
Ինչպես կարելի է նկատել, բոլոր հայտարարություններում կարմիր թելով անցնում է ահաբեկչության դեմ պայքարն ավելի ավելի առարկայական դարձնելու գաղափարը:
Նոյեմբերի 15-16-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալու է G20-ի գագաթաժողովը: Ակնհայտ է, որ այն անցնելու է փարիզյան ահաբեկչության ազդեցության ներքո և հիմնական թեման լինելու է ԻՊ-ի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու հեռանկարը: Թուրքիան, իհարկե, կփորձի հակաքրդական իր արշավի շրջանակում դրանից իր համար դիվիդենտներ քաղել: Սակայն չի կարելի բացառել, որ հենց այդ գագաթաժողովն էլ հիմքեր ստեղծի, ի վերջո, Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման և «Իսլամանակ պետության» դեմ համընդհանուր միջազգային ճակատ ձևավորելու շուրջ համաձայնությունների ձեռքբերման համար:
Եթե դա տեղի ունենա, ապա Մերձավոր Արևելքում կհաստատվի բացարձակապես նոր իրադրություն, որին պետք է նախապատրաստվի նաև Հայաստանը: Հարցը վերաբերում է ոչ միայն սիրիահայության ճակատագրին, այլ նաև Հայաստանի անվտանգությանը: Այս պահին ԻՊ-ն, իհարկե, Հայաստանի համար ուղղակի սպառնալիք չէ: Սակայն կա երկու հետևանքային խնդիր, որոնք ոչ մի պարագայում անտեսել հնարավոր չէ: Նախ` եթե Սիրայում և Իրաքում ռազական գործողությունների ընդհանուր սլաքներն ուղղվեն ԻՊ-ի դեմ, ապա նոր պատերազը հանգեցնելու է ծայրահեղ իսլամիստ գրոհայինների` մուսուլմանական երկրներով մեկ, այդ թվում նաև Ադրբեջան, ցրվելուն: Որքան էլ առաջին հայացքից թվում է, թե նրանց ներթափանցումը կապակայունացնի Ադրբեջանը, այնուամենայնիվ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինի հենց իսլամիստական ծայրահեղականության հենքի վրա ապակայունացած կամ պոտենցիալ նոր Սիրիայի վերածվելիք Ադրբեջանը:
Երկրորդ` ԻՊ-ի դեմ պատերազմը Հայաստանի համար սեփական քաղաքական կշիռը բարձրացնելու հնարավորություն է` այդ պատերազին իբրև լիարժեք կողմ, քաղաքակիրթ աշխարհի «խրամատներում» դիրքավորվելու միջոցով: Դրա փորձը Հայաստանը ձեռք է բերել դեռևս Աֆղանական ճգնաժամի տարիներին: Առ այսօր Հայաստանը փորձել է աննկատ մնալ Սիրիայի ճգնաժամի հարցում` չնայած այն իրողությանը, որ հանդիսանում է սիրիացի էմիգրանտներ ընդունող երկիր և գտնվում է մերձավորարևելյան տարածաշրջանի անմիջական հարևանությամբ: Սակայն Սիրիայում իրադրության հնարավոր կտրուկ փոփոխության դեպքում այդ կարգավիճակն այլևս արդարացված լինել չի կարող` թեկուզ այն պարզ պատճառով, որ դրանով լուծվում է իր անվտանգության սպառնացող խոշորագույն մարտահրավերներից մեկի չեզոքացման հարցը:
Սերժ Սարգսյանի` Ֆրանսիայի նախագահին ուղղված ցավակցական ուղերձում նշվում է. «Մենք չենք կարող թույլ տալ, որ բռնությունը, ծայրահեղականությունը և անհանդուրժողականությունը գերիշխեն: Մենք պարտավոր ենք համատեղ ջանքերով բացահայտել և արմատախիլ անել այն բոլոր գործոնները, որոնք ծայրահեղականության նման սարսափազդու դրսևորումների պատճառ են դառնում: Այս դժվարին պահին Հայաստանը եղբայր Ֆրանսիայի կողքին է և պատաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել»: Թվում է, թե պաշտոնական Երևանը ևս որսացել է ի վերջո նաև սիրիական հարցում որոշակի պատասխանատվություն վերցնելու պահը: Մնում է հետևել իրադարձությունների ընթացքին և թելը ձեռքից բաց չթողնել:
Գևորգ Դարբինյան