կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-02 13:00
Քաղաքական

«Իմ ցավն ուրիշ ցավերից ա, իմ ցավը մի տար». ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին

«Իմ ցավն ուրիշ ցավերից ա, իմ ցավը մի տար». ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագիրը քառօրյա նիստում ընդգրկելու մասին հարցը:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը ԱՎԾ ներկայացուցչին՝ Ստեփան Մնացականյանին, հարցրեց, թե որքան է կազմում աղքատության ցուցանիշը Հայաստանում: Ստեփան Մնացականյանը պատասխանեց, որ ունեն 2013թ. ցուցանիշը, որը չի հիշում, կնայի, հետո կասի, իսկ 2014-ի ցուցանիշները դեռ չեն ամփոփվել:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ասաց ԱՎԾ ներկայացուցչին, որ նա ոչ թե դասախոսություն կարդա, թե իր գործունեության ընթացքում ԱՎԾ-ն ինչ մեթոդոլոգիա է օգտագործում, որովհետև դա ոչ մեկին պետք չէ, այլ ասի հայաստանցիների գլխին գալիքը, թե ի՞նչ միջավայրում են նրանք ապրում, թե ի՞նչ է սպասվում, որքա՞ն է լինելու ազգաբնակչության թիվը, որովհետև դա է ամենագլխավոր հարցը երկրում և ամենագլխավոր ազգային անվտանգության հարցը:

Նիստին միացավ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը և սկսեց հարցեր ուղղել` բանավեճի տեղիք տալով: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը միջամտեց` ասելով, թե քանի որ կրքերը թեժանում են, ճիշտ կլինի պատգամավորները հարցեր տան օրենքի վերաբերյալ:

Հրանտ Բագրատյանն էլ արձագանքեց, թե Վարդան Այվազյանը չի թողնում, որ պատգամավորներն իրենց հարցերը ուղղեն, և պաշտպանում է ԱՎԾ ներկայացուցչին:

Վարդան Այվազյանը բորբոքվեց` ասելով, որ քաղաքական մեծամասնությունը նրա համար է, որ պաշտպանի կառավարությանը: «Եկած-չեկած` սկսեցիք գոռգոռալը»,- Հրանտ Բագրատյանին ասաց Վարդան Այվազյանը:

«Որ դու չգոռայիր, մենք չէինք գոռա: Այ ցավդ տանեմ, թող էս նիստերը կայանան: Նենց հարցեր կտամ ԱՎԾ ներկայացուցչին, ինքը բավարարված կմնա, ինչի՞ ես պաշտպանում նրան»,- հարցրեց Հրանտ Բագրատյանը:

«Իմ ցավը ուրիշ ցավերից ա, իմ ցավը մի տար»,- պատասխանեց Վարդան Այվազյանը:

Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց Վարդան Այվազյանին, որ փակ նիստ հրավիրեն, որովհետև իրենք բազմաթիվ հարցեր ունեն ԱՎԾ-ին: