Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկ տարվա հեռավորությունից յուրաքանչյուր հայաստանցու և հայի գիտակցության և զգացմունքների վրա դեռևս թարմ է մնում Գյումրիում Ավետիսյան ընտանիքի ողբերգական սպանության թողած հետքը: Համահասարակական, կարելի է ասել՝ համազգային ճնշող այդ մթնոլորտը շարունակում է տիրապետող մնալ երեք հիմնական պատճառով: Առաջինը իր համար խաղաղ ապրող հայկական սովորական ընտանիքի՝ մարդկային և նույնքան անմարդկային սառնասիրտ դաժանության անմեղ զոհ դառնալու սարսռեցնող զգացողությունն է, որն իրենով ողբերգականորեն մարմնավորում է փոքրիկ, վեցամսյա Սերյոժայի կերպարը , և որը շարունակում է ակտուալ պահել օդից կախված «ինչի համար» անպատասխան հարցադրումը: Այդ ողբերգությունը ստիպել է վերանայել որոշակի արժեհամակարգեր ու կարծրատիպեր՝ կապված անհատի և ընտանիքի համար սեփական տունն ու օջախն իբրև անձեռնմխելի ամրոց լինելու, սեփական տանը, փաստորեն, խոցելի լինելու հետ: Ավետիսյան ընտանիքի հետ փաստացի զոհ գնաց նաև մեր անհատական ու կոլեկտիվ անվտանգության հարցում ներքին վստահության մի ինչ-որ հատված, ինչ-որ մասնիկ:
Երկրորդ պատճառն այն էր, որ Ավետիսյանների գերդաստանին հասցված հարվածն ընկալվեց որպես հարված մեր ազգային ինքնատիպության և ինքնապահպանության, ազգային ինքնագիտակցության ամենազգայուն և նվիրական տարրերից մեկին՝ ընտանիք հասկացությանը, ընդ որում՝ հարված դրսից, օտարի ձեռքով, որը զգացողության առումով ոչնչով չի տարբերվում սեփական հայրենիքի տարածք ներխուժումից և ազգայինի ու մարդկայինի բռնաբարումից: Այդ ներխուժումը շարունակվում է այնքան, քանի դեռ գործի ողջ ընթացքը՝ ընդհուպ դատավարությունը, գտնվում է ռուսական ռազմաբազայի ազդեցության, վերահսկողության և իրավասության դաշտում:
Եվ վերջապես երրորդ ու թերևս ամենակարևոր պատճառը հանցագործության չբացահայտված լինելու, թեկուզ մասամբ մխիթարող գործոն հանդիսացող՝ հանցագործի կամ հանցագործների դեռևս պատժված չլինելու հանգամանքն է: Ըստ էության՝ հասարակությունը հանցագործության պատճառների ու մոտիվների, իրական հանգամանքների բացահայտման հետ կապված ոչ մի հարցի պատասխան դեռևս չի ստացել: Դա ոչ միայն չի փարատում դրանց հետ կապված տարատեսակ կասկածները, այլև ավելի է խորացնում, ավելի մեծ անվստահություն ներշնչում թե գործի անաչառության, և թե արդարացի դատավճի կայացման հարցում հայկական արդարադատության կարողության և ինքնուրույնության հանդեպ:
Այս գործոնների ազդեցությամբ Ավետիսյանների ողբերգությունը դարձավ համաժողովրդական համախոհության և միասնականության դրսևորման մի յուրահատուկ հանգրվան: Միասնականություն՝ ոչ թե ընդհանուր ցավի, այլ այդ ցավից ծնված պահանջատիրության և ազգային ու նաև պետական արժանապատվությունը հասարակական մակարդակով պաշտպանելուն ուղղված ընդվզման շուրջ: Այս ողբերգությունը բացահայտեց ամենապատասխանատու և դժվարին պահին պետական իրավասու ինստիտուտների անգործությունըև անդիմություն դրսևորելու հետևանքով խայտառակությունից պետության դեմքը փրկելու հասարակության կարողությունը: Բողոքի ակցիաները, որոնք ինքնաբուխ կազմակերպվում էին Գյումրիում, որոշ չափով նաև Երևանում, իրականում պետական մտածողության այն արգասիքներն էին, որոնք մնում էին անթեղված թվացյալ հանրային հարմարվողականության մոխրի տակ: Պետության փոխարեն հասարակությունն ինքը ստիպեց աշխարհին ու առաջին հերթին Ռուսաստանին հասկանալու, որ Հայաստանում ոչ թե ռուս զինվորների «սապոգները» մաքրող անինքնասերների խառնամբոխ է, ինչպես կարծում են Մոսկվայում, այլ արժանապատիվ քաղաքացիների հանրույթ: Դա վերջին շրջանում Հայաստանում ռուսական բարձիթողի ու անվերահսկելի դարձած ամենատիրությանը հասցված ամենաուժեղ ապտակներից մեկն էր, որի արձագանքներն ավելի ուշ լսվեցին ամռանը՝ Բաղրամյան փողոցում կառուցված բարիկադների վրայից:
Ռուս զինվորի կրակոցներից ու սվինի հարվածներից զոհված Ավետիսյանների հիշատակն ստիպել է հասարակությանը բոլորովին այլ, ավելի սթափ ու սառը աչքերով նայել Հայաստանում ռուսական, առհասարակ օտար ներկայությանն ու շահերին: Նրանց հիշատակը մեզ ավելի է մոտեցնում պետականատիրության գաղափարաբանությանը, ավելի արժանապատիվ, հպարտ, ու փոխադարձաբար ավելի հանդուրժող դարձնում բոլորիս: Սրանք որակներ են, որոնք երբեք չի կարելի կորցնել: Թերևս սա է այն պատգամը, որ հղում է մեզ Ավետիսյան ընտանիքի կորստյան չամոքվող ցավը:
Գևորգ Դարբինյան