կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-19 12:53
Սփյուռք

Ֆրանսիան կարող է սկիզբը լինել Արցախի ճանաչման գործընթացի

Ֆրանսիան կարող է սկիզբը լինել Արցախի ճանաչման գործընթացի

lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

-Պարոն Փափազյան, շատերն ասում են, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Արցախը: Իսկապե՞ս այդքան մոտ ենք այդ նպատակի իրականացմանը:

-Ոչ, այդքան մոտ չենք: Պրոցեսը հետևյալն է. պետք է նախ խորհրդարանում արձանագրվի հարցը, և արդեն մի շարք պատգամավորներ բոլոր քաղաքական խմբակցություններից ստորագրել են այդ նախաձեռնության տակ: Հիմա պետք է խորհրդարանական մի խումբ դա օրակարգ մտցնի: Ընդհանրապես, օրակարգը կառավարությունն է ճշտում, սակայն ամեն ամիս առիթներ կան, որ հնարավորություն է տրվում խմբակցություններին օրակարգի հարցեր ներկայացնել: Հիմա մենք քննարկումների մեջ ենք խմբակցությունների հետ, ուզում ենք տեսնել, թե որ խմբակցությունն է ավելի մոտ իշխանություններին, որ խմբակցության կողմից հարցի ներկայացումն ավելի օգտակար կլինի: Առաջիկա մի քանի օրերին հստակություն կլինի այս հարցում: Բայց հարցի լուծումն այդքան շուտ չի լինի, որքան շատերն ակնկալում են:

-Մենք տեսնում ենք, որ եվրոպական երկրներում հայկական սփյուռքը ակտիվ է, Հայ դատի գրասենյակները շատ ակտիվ աշխատում են, եվրոպական տարբեր երկրներում փողոցներ ու մայրուղիներ են փակվում: Ի՞նչ ակնկալիքներ կան այդ ակտիվ գործունեությունից:

-Այո, Հայ դատի գրասենյակներն ակտիվ աշխատում են, բայց գիտեք, որ ԵՄ անդամ երկրները, թերևս բացառությամբ Ֆրանսիայի, այդքան էլ պատրաստ չեն այդ քայլն անելուն, որովհետև ուրիշ հաշիվներ ունեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Այն աշխատանքը, որ մենք իրականացնում ենք եվրոպական երկրների հասարակությունների մեջ, պետական մարմինների հետ, անշուշտ որոշակի ազդեցություն ունենում է: Այդուհանդերձ, այդ աշխատանքը դժվար է և պետք է շարունակել: Այդ առումով Ֆրանսիան կարող է սկիզբը լինել Արցախի ճանաչման գործընթացի:

-Տարօրինակ չէ՞, որ հայերին ավելի շատ աջակցում են ձախերը, մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ առաջին աջակցողները պետք է լինեին ազատականները, որոնք կարևորում են մարդու իրավունքները:

-Պետությունները կարևորում են իրենց շահերը, ոչ թե մարդու իրավունքները: Որպեսզի կարևորեն նաև մեր շահերը, պետք է մենք հզորացնենք մեր պայքարը, որը հարատև պայքար է: Մենք պետք է անընդհատ աշխատենք ու ճնշում բանեցնենք բոլոր ուղղություններով՝ ցույցերով, անհատական կապերով, մեդիաների հետ արդյունավետ աշխատանքով: Սա մեր աշխատանքն է և միշտ էլ դրանով զբաղվել ենք: Չմոռանանք, որ մեր դիմաց որպես հակառակորդ կանգնած են շատ զորավոր պետություններ, որոնց դիվանագիտությունը ակտիվ է, արթուն է: Նրանք ունեն մեծ ռեսուրսներ, և մենք մեր միջոցներով այս երկու պետությունների դեմ աշխատում ենք: Իրենք էլ մեր դեմ են աշխատում: Այո, պայքարը դժվար է, մինչև հիմա մենք միշտ հաղթել ենք, բայց Արցախի ճանաչման հարցը դժվար հարց է: Այդուհանդերձ, դա է մեր այսօրվա թիվ մեկ գործը, որ պետք է առաջ մղենք:

-Պաշտոնական Երևանը սկսել է առաջ մղել «անջատում հանուն փրկության» բանաձևը: Դուք ի՞նչ վերաբերմունք ունեք սրա վերաբերյալ:

-Դա շատ կարևոր հանգամանք է, և մենք մեր աշխատանքում օգտագործում ենք այդ փաստարկը: Այն, ինչ տեղի է ունենում Արցախում և Հայաստանում, որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն հարգում հրադադարները, դա ևս կարող է մեզ օգնել, որովհետև Ռուսաստանը Ֆրանսիան, ԱՄՆ-ը ջանքեր են գործադրում, փաստաթղթեր են ստորագրվում, որ հրադադար լինի, և 5 րոպե հետո Ադրբեջանը չի հարգում այդ ստորագրությունը: Սա ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը չի կարող վստահել Ադրբեջանի ստորագրությանը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ