Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Որևէ անակնկալ Ադրբեջանի ապրիլյան գործողությունների մեջ չկա. այսօր լրագրողներին ասաց «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն ապրիլյան հարձակումները սկսելու համար որոշ կողմերից կանաչ լույս է ստացել: Ըստ Սիսլյանի՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան իսկապես տեղյակ էին այս ամենից:
«Ես չեմ զարմանում Ադրբեջանի որևէ ոտնձգության վրա, ամեն օր կարելի է սպասել նրանցից: Ադրբեջանական լրատվամիջոցներով մշտական ատելություն է սերմանվում: Նրանց երգերն են անգամ վայրենի ու այնպիսին, իբրև Արցախը, Լաչինը իրենցն է»,- ասաց ազատամարտիկը՝ հավելելով, որ քանի Ադրբեջանն այս տրամադրությունն ունի, մենք պետք է պատրաստ լինենք, ու ամեն հայ, ում ձեռքերն ու ոտքերն աշխատում են, պետք է զենքին ծանոթ լինեն:
«Օրինական ձևով պետք է ամեն ինչ անել, որ Արցախի անկախությունը ճանաչվի: Ուզում եմ, որ քաղաքական դաշտի մարդիկ ավելի համարձակ լինեն: Մենակ հոգու ուժով չեմ կարծում, որ կարելի է հաղթանակ տանել: Պետք է ունենալ նաև ճիշտ կազմակերպվածություն: Ադրբեջանցին զենք շատ ունի, բայց հոգու ուժ չունի»,- ասաց նա:
Սիսլյանի խոսքով՝ հարձակման առաջին ժամերին այսքան մեծ թվով զոհեր ունենալը խոսում է այն մասին, որ մեր առաջին գծի զգոնությունը թուլացել էր, մոռացվել էր, թե դիմացն ինչ գազան թշնամի է: «Զինվորներին ավելի ուշադրություն է պետք դարձնել` գուլպայից սկսած, մինչև զորամասում կանոնավոր իրավիճակի պահպանումը: Մեր մեջ պետք է կասկած չլինի, որ Արցախը մեր մի մասն է: Երկու հատ կոնֆետ կամ պեչենի տանելով՝ հարց չի լուծվում, պետք է պետական մակարդակով այս ամենի մասին մտածել»,- ընդգծեց ազատամարտիկը:
Հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, մեր կողմից որոշակի տարածքների զիջումը, եթե անգամ պայմանը լինի այն, որ Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, Սիսլյանը պատասխանեց, որ որևէ պարագայում չպետք է մտածենք տարածքների զիջման մասին:
«Մենք պետք է հասկացնենք Ադրբեջանին, որ մոռանա Արցախի մասին: Ես դեմ եմ անգամ մեկ սանտիմետր հող հանձնելուն: Մեր անվտանգությունն ամրապնդելու համար դեռ մի 7 շրջան էլ պետք է ազատագրենք: Բոլոր թերություններով հանդերձ՝ ես առավել քան վստահ եմ մեր բանակի վրա: Վերջին դեպքերն ապացուցեցին՝ մեր զինվորները պատրաստ են: Իհարկե, ավելի լավ տեխնիկա ունենալու դեպքում մենք ավելի քիչ զոհ կունենայինք, սակայն սա պատերազմ է»,- ասաց Սիսլյանը և հավելեց`վատ է, որ նոր ենք մտածում՝ ով որտեղ ինչ խումբ հավաքի: Ըստ նրա՝ դա պետք էր ավելի շուտ անել: «Այս կարճատև պատերազմը մեզ վերուծելու, մտածելու առիթ տվեց: Մենք պետք է ազգովի զինվոր դառնանք»,- եզրափակեց ազատամարտիկը: