կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 12:42
Քաղաքական

Հայկական կողմը եւս կարող է անցնել կարմիր գիծը…

Հայկական կողմը եւս կարող է անցնել կարմիր գիծը…

Այսօր լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, խոսելով սահմանային լարվածության մասին, ասաց՝ հայկական կողմը ստիպված է գնալ կտրուկ գործողությունների, այդ մասին են խոսում Հայաստանի նախագահը և ՊՆ-ի բավական կոշտ հայտարարությունները:

«Եթե մինչ այս հայկական կողմը հայտարարում էր, որ կոնֆլիկտը կարող է լուծվել բանակցային գործընթացում` ՄԽ շրջանակներում, ապա հիմա հայտարարում է, որ եթե Ադրբեջանը սկսի լայնամասշտաբ ռազմական գործողություններ, ապա հայկական կողմը կսկսի Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը: Ռազմական գործողությունների էսկալացիայի արդյունքում Ադրբեջանը կարող է ստանալ միայն ու միայն պատերազմ, որովհետև միակողմանի զիջումներ մեր կողմից չեն լինելու: Ավելին` հայկական կողմը կարող է գնալ հետագա էսկալացիայի` վտանգի տակ դնելով նրանց նավթամուղները: Իհարկե պատերազմն ունի իր գինը, և դա սարսափելի է, բայց Ադրբեջանը պատրաստ չէ այնպիսի պատերազմի, որը հաջողությամբ չի ավարտվելու, այնպես որ` Ադրբեջանի ագրեսիան տանելու է միմիայն հակառակ արդյունքի: Ես չգիտեմ` ինչով է պայմանավորված, որ Ալիևը ուզում է անցնել կարմիր գիծը, բայց որ հայկական կողմն էլ կարող է անցնել այդ գիծը, համարելով, որ դա չարիքի փոքրագույնն է, ես դրանում համոզված եմ»,- ասաց քաղաքագետը:

Նա կարծիք հայտնեց, որ ԼՂ-ն անպայման պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, այլ հարց է, որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան, նաև չեն երևում դրա համար քաղաքական նախադրյալներ:

Ինչ վերաբերում է Նյու Յորքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներին, Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ հայկական կողմը կսկսի աշխատել երկու ուղղությամբ: Ըստ նրա` ամենանպաստավորը ՄԽ շրջանակներում աշխատանքն է, որովհետև ՄԽ լծակները վերջնականապես սպառված չեն: Իհարկե, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների սրումը կարող է անդրադառնալ Մինսկի խմբի ընդհանուր աշխատանքի արդյունավետության վրա, բայց ՄԽ շրջանակը բացառիկ է, երբ շարունակում են համագործակցել Ռուսաստանն ու Արևմուտքը:

Ըստ Մինասյանի` կորուստների առումով Ադրբեջանում լուրջ է իրավիճակը. Տավուշին սահմանակից ադրբեջանական գյուղերում բնակչությունը տարհանվել է, և այդ ամենը, բնականաբար, առաջացնում է ադրբեջանական հասարակության դժգոհությունը: Եվ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը շատ շուտով չի կողմնորոշվելու` ինչ անել, շարունակե՞լ ռազմական հիստերիան, թե՞ գնալ զիջումների: