կարևոր
4933 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-04 12:14
Քաղաքական

Փաշինյանի միակ կարմիր գիծը․ Բորիս Մուրազի

Փաշինյանի միակ կարմիր գիծը․ Բորիս Մուրազի

Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին գրում է

«2019 թվականին Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հայտարարեց․ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այս հայտարարությունից 1 տարի անց Փաշինյանի հրամանատարությամբ խայտառակ պարտություն բերվեց Հայաստան։ Պատերազմի ընթացքում Փաշինյանը հայտարարում էր, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Արցախի հարցում հայկական կողմի համար այն «կարմիր գիծն» է, որից չի նահանջի: Կարմիր գծի այս սահմանումից 3 տարի անց Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարեց, թե դեռ 2018-ից պետք է հայտարարեր, որ «Արցախը Ադրբեջան է»։

Արցախը հանձնելուց հետո նոր «կարմիր գիծ»

Արցախը հանձնելու ծրագրի ընթացքում Փաշինյանը, իր թիմակիցներն ու սատելիտները (արբանյակները) կիսաձայն, հաճախ էլ հրապարակային հայտարարում էին, թե չպետք է Հայաստանի շահերը զիջեն հանուն Արցախի։ Քարոզչական դաշտում ակտիվորեն տարածում էին այն թեզը, թե «Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի մաս, որպեսզի չհանձնեն միջանցքը, որի պարտավորությունը ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»։

Փաշինյանն ինչպես և սպասելի էր առավել հեռուն գնաց և այս անգամ «Արցախի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ է» հայտարարության փոխարեն արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, թե ««Միջանցքի» մասին ձեւակերպումները «կարմիր գիծ» են մեզ համար»։

«Կարմիր գծից» հրաժարում․ ավանդական անսկզբունքայնություն

Միջանցքի թեման Նիկոլ Փաշինյանի համար «կարմիր գիծ» էր, քանի կար դրա մասով ռուսական վերահսկողության հարցը։ Արցախը Պրահայում Ադրբեջանի մաս ճանաչելուց մի քանի օր առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին, միջանցքի հարցում «կարմիր գիծ» հայտարարած Փաշինյանը առաջին քայլն է անում՝ այդ գիծը ջնջելու ուղղությամբ։ Փաշինյանը հայտարարում է, որ Սյունիքով անցնող ճանապարհին մասային հսկողությունը կարող են պատվիրակել օտարերկրյա կազմակերպության․«Մենք ասել ենք՝ եկեք, օրինակ, սահմանի վրա մաքսային և սահմանապահ ծառայությունները Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար Հայաստանը և Ադրբեջանը արտապատվիրակեն: Եվրոպայում էլ հիմա կան երկրներ, որ իրենց մաքսային հսկողությունն իրականացնում է ոչ թե մաքսային պետական ծառայությունը, այլ՝ մասնագիտացված կազմակերպությունների են պատվիրակում, իրենք են այդ գործառույթն իրականացնում: Նույնը կարելի է անել սահմանային հսկողության դեպքում»,-հայտարարում է Փաշինյանը։

Այս հայտարարությունից հետո ակտիվորեն քարոզչական թեզեր են դաշտ նետվում, որ նման հսկողություն կարող են իրականացնել Արևմտյան ընկերությունները։ Փաշինյանը «միջանցք» տերմինը ծածկելու համար հորինում է «Խաղաղության խաչմերուկ» տերմինը, որ իրականում թուրքական «Զանգեզուրի միջանցքի» փաշինյանական անվանումն է։ Մաքսային հսկողության արտապատվիրակման մասին Փաշինյանի հայտարարությունը, ըստ էության, առաջինն էր, որով հայտարարվեց, որ Սյունիքով հնարավոր անցնող ճանապարհ/միջանցքը կարող է վերահսկվել ոչ Հայաստանի կողմից։

ԱՄՆ-ն Բաքվի և Երևանի հետ բանակցում է միջանցքի բացման մասին

Այս տարվա հունիսի 9-12 Հայաստանում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ Բրայենը։ Նա հանդիպում է Փաշինյանի հետ և ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացում է փակագցեր իր այցի վերաբերյալ․«Դա կարող է տեղի ունենալ հիմա: Մի քանի տարի անց կարող է այլևս այդքան կարևոր չլինել: Մի քանի տարի առաջ դա հնարավոր չէր: Ես նաև կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը»,- հայտարարում է ամերիկացի պաշտոնյան՝ խոսելով այսպես կոչված Միջին միջանցքի մասին, որը նույն «Զանգեզուրի» միջանցքն է։

Հայաստան կատարած այցից հետո Օ Բրայենը այցելում է Ադրբեջան։ Ալիևի հետ քննարկել է Միջին Ասիան Եվրոպային կապող միջանցքի հարցը, որը անցնելու է Ադրբեջանով և Հայաստանով. «Նախագահ Ալիևի հետ մենք շատ պարզ ենք. եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի խնդիրն է, այլ նաև ողջ տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի խնդիրն է: Այս բոլոր երկրներն այժմ արտահանում են միայն Չինաստանի կամ Ռուսաստանի տարածքով։ Որպեսզի ելք ունենան, պետք է աշխատեն Ադրբեջանով։ Մի երթուղին անցնում է Վրաստանի տարածքով դեպի Սև ծով, իսկ մյուսը, պոտենցիալ շատ ավելի մեծ երթուղի կանցնի Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի տարածքով: Եվ այս առումով մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր՝ վերջ դնելու պատերազմին և սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից։ Մեր ուղերձն այն է, որ խաղաղության ժամանակն է»,- ԱՄՆ սենատում հայտարարել է պետքարտուղարի օգնականը։

Ինչպես տեսնում ենք ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Երևանում և Բաքվում խոսել է գլխավորապես միջանցքի մասին։ Խնդիրը ամերիկացիների տեսանկյունից այնքան մոտ է լուծման, որ Ալիևին և Փաշինյանին հուլիսի 7-ին հրավիրում են Վաշինգտոն ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որի ընթացքում նպատակ ունեն եռակողմ հանդիպում կազմակերպել և փաստաթուղթ ստորագրել, որով կֆիքսվի միջանցքի հարցը։

Փաշինյանի միակ կարմիր գիծը

Օ Բրայենի Բաքու-Երևան վոյաժներից հետո նրա ղեկավար Բլինքենը հայտարարում է «երթուղիների» (պետք է հասկանալ «Զանգեզուրի միջանցք») բացման կարևորության մասին․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու բացառիկ հնարավորություն կա, որը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը եվ, ընդհանրապես, կարծում եմ՝ հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական հաղորդակցության, տնտեսական աճի, ինչպես Արևելքի և Արևմուտքի, այնպես էլ՝ հյուսիսի և հարավի երկրների միջև կապերի հաստատման համար:

Ադրբեջանը վճռորոշ դեր ունի այս հարցում»,- ընդգծել է Բլինքենը Բրուքինգսի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ։

Բլինքենի խոսքից հասկանալի է դառնում, որ միջանցքի հարցում Փաշինյանը տվել է իր լիարժեք համաձայնությունը ամերիկյան ծրագրին և տատանվողը Ալիևն է, դրա համար է ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծում, որ երթուղիների բացման հարցում «Ադրբեջանը վճռորոշ դեր ունի»։

Ինչպես տեսնում ենք այս անգամ էլ Փաշինյանը ոտնատակ է տալիս մի կարևոր ու կենսական նշանակության կարմիր գիծ ու ապացուցում, որ իր համար կա մեկ կարմիր գիծ և դա իշխանության պահպանումն է, որքան որ հնարավոր է, ինչ գնով էլ լինի դա»։