Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային Անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը նախօրեին որևէ պատասխան չտվեց լրագրողների կողմից իրեն համառորեն ուղղվող այն հարցին, թե ինչպես է հետախուզման մեջ գտնվող անձը հատել Վրաստանի հետ պետական սահմանը և քաղաքական ապաստան հայցելով Ադրբեջանից` բարեհաջող հայտնվել այնտեղ: Հակոբյանին կարելի է հասկանալ. այդ իրավիճակում ինչ էլ փորձի պատասխանել, ինչպես էլ փորձի պարզաբանել քթների տակից պոտենցիալ դավաճանի փախուստը, հայտնվելու է անհեթեթ վիճակի մեջ: Առավելևս, որ ԱԱԾ-ում հասկանում են` կծիկի բացումը կարող է հանգեցնել չափազանց լուրջ միջազգային սկանդալի:
Վահան Մարտիրոսյանի` Բաքվում հայտնվելուց և հայտնի խայտառակ ասուլիսը տալուց հետո Հայաստանի Քննչական կոմիտեն հանդես եկավ պաշտոնական պարզաբանմամբ, որտեղ հստակ նշվում էր, որ դեռևս օգոստոսի 28-ին հարուցված` գողության հատկանիշներով քրեական գործի շրջանակներում արդեն սեպտեմբերի 9-ին կայացվել է Վահան Մարտիրոսյանին այդ գործում որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում: Թե ինչու է դրանից մեկ շաբաթ առաջ գործը քննող քննիչը որոշում ընդունել ցուցմունքներ տալուց, այսինքն իրավապահ մարմինների հետ համագործակցելուց հրաժարվող Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը և նրան ազատ հեռանալու հնարավորություն տվել, հարցի մի կողմն է, որը ՔԿ-ն դեռևս պատշաճ չի պարզաբանել: Առավել կարևոր է, որ Վ.Մ-ն դրանից հետո, ինչպես պարզ է դառնում ԱԱԾ պետի` սեպտեմբերի 21-ին արած կցկտուր հայտարարություններից, հանգիստ նստել է մեքենան և հատել Վրաստանի սահմանը: ՔԿ-ի պարզաբանումն առ այն, որ Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզումը հայտարարվել է սեպտեմբերի 9-ին, անուղղակիորեն փորձ է` հասկանալի դարձնելու, որ Մարտիրոսյանը Հայաստանի սահմանը հատել է մինչ այդ, այսինքն` սեպտեմբերի 2-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածում: Հակառակ դեպքում ստացվում է, որ հետախուզման մեջ գտնվող անձինք առանց որևէ խոչընդոտի, կարողացել են հատել պետական սահմանը, ինչը հավասարզոր է նրան, որ Մարտիրոսյանը սահմանն անցներ ԱԱԾ-ի օժանդակությամբ: Այս տեսակետից ՔԿ-ի պարզաբանումն ավելի շատ ԱԱԾ-ի երեսը լվանալու փորձ է:
Ընդունենք, թե ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, և Մարտիրոսյանը Վրաստան է անցել մինչև իր նկատմամբ հետախուզում հայտարարելը: Մանավանդ որ Վ.Մ-ի` Բաքվում հայտվելուց անմիջապես հետո ադրբեջանցի իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն սեպտեմբերի 17-ին լրատվամիջոցներին պարզաբանել էր, որ Մարտիրոսյանի Ադրբեջան տեղափոխվելու օպերացիան տևել է 10 օր: Այնուամենայնիվ, ստացվում է, որ առնվազն 10 օր, իսկ հետախուզում հայտարարելուց հետո` 8 օր, Մարտիրոսյանն ընտանիքի հետ եղել է Վրաստանում: Եվ ոչ միայն եղել է, այլև ակտիվ միջոցներ է ձեռնարկել Ադրբեջան մուտք գործելու և ապաստան գտնելու ուղղությամբ: Ըստ նույն Ջաֆարօղլուի` Մարտիրոսյանի ցանկության և նրա խնդրի մասին ինքը տեղեկացել է Վրաստանի իր գործընկերներից ստացած համապատասխան նամակով, որից հետո արդեն դիմել են Ադրբեջանի պետական մարմիններին: Այսինքն ստացվում է, որ Մարտիրոսյանի` հետախուզման մեջ գտնվելու ամբողջ շաբաթվա ընթացքում հարևան Վրաստանում նրան Ադրբեջանին փոխանցելու նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, որից ոչ Երևանում ու ոչ էլ, փաստորեն, Վրաստանի իրավապահ մարմիններում տեղյակ չեն եղել: Հատկապես վերջինիս մասով նման բան պատկերացնելն աբսուրդային է, որովհետև Մարտիրոսյանին փոխանցելու գործընթացը պաշտոնական Բաքուն կարող էր կազմակերպել բացառապես Վրաստանի իշխանությունների հետ համագործակցության արդյունքում:
Ի վերջո Հայաստանի քաղաքացին, որի նկատմամբ արդեն հետախուզում է հայտարարված եղել, հենց Վրաստանից է հատել Ադրբեջանի սահմանը և հաստատաբար` ոչ պարկի մեջ և ոչ որպես Վրաստանից ներմուծվող կաղամբ: Նման դեպքում վրացական կողմը մինչև անձին սահմանն անցնել թույլատրելը, պարտադիր պետք է քայլեր ձեռնարկեր առնվազն Հայաստանին այդ մասին տեղյակ պահելու ուղղությամբ: Այդ պրակտիկան վաղուց գործում է երկու երկրների միջև համապատասխան իրավապայմանագրային բազայի հիմա վրա և հենց այդ փոխադարձ պարտավորությունների սահմաններում էր, որ 2014թ. փետրվարին Վրաստանում ձերբակալվեց և Հայաստանին հանձնվեց այստեղ հայտնի օֆշորի գործով որպես կասկածյալ անցնող Աշոտ Սուքիասյանը: Հարց է առաջանում` ինչի հիման վրա է վրացական կողմը թույլ տվել Վ.Մ-ին անցնել Ադրբեջան, արդյո՞ք մինչ այդ դրա մասին տեղեկացրել է Երևանին: Եթե այո, ապա ինչո՞ւ նրան անհապաղ Հայաստանին հանձնելու խնդիր Թբիլիսիի առջև չի դրվել: Եթե ոչ, ապա ինչո՞ւ և ինչո՞ւ այդ դեպքում Հայաստանը պաշտոնական պարզաբանում Թբիլիսիից չի փորձում ստանալ: Եթե իսկապես Մարտիրոսյանը Ադրբեջան է անցել վրացական իշխանությունների ուղղակի թե անուղակի աջակցությամբ, ապա դա պայմանագրային պարտավորությունների խախտում է: Ավելին. հատկապես այն դեպքում, երբ դա առնչվում է փաստի առջև կանգնած երկրի, տվյալ դեպքում Հայաստանի շահերին, նման երևույթները չեն կարող դիվանագիտական հարաբերությունների ճշգրտման խնդիր չհարուցել:
Ի վերջո Ադրբեջանի հետ Հունգարիայի իշխանությունների հենց այդպիսի գործարքի, մասնավորապես` ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո Հայաստանն ստիպված եղավ դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ: Գուցե ԱԱԾ-ի լռության պատճառն այս անգամ էլ Վրաստանի՞ հետ նման խնդիրներ չհարուցելն է: Եթե իսկապես սա է նպատակը, ապա այդ լռությունը հետագայում կարող է շատ ավելի թանկ նստել Հայաստանի վրա: Որովհետև Հայաստանի հետ նման ձեռագրով խոսելը մյուսների համար կարծես թե դառնում է օրինաչափություն:
Իսկ գուցե Վահան Մարտիրոսյանի նկատմամբ ընդհանրապես հետախուզում հայտարարված չի եղել... գուցե հետախուզման պատմությունը շրջանառության մեջ դնելու գաղափարը պատկան մարմինների մոտ ծնվել է Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջանի սահմանը հատելուց հետո՞ միայն...
Գևորգ Աղաբաբյան