կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-30 16:10
Իրավական

Սահմանն անցնելը կանխելու փոխարեն առաջարկում են անձնագիրը վերցնել

Սահմանն անցնելը կանխելու փոխարեն առաջարկում են անձնագիրը վերցնել

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ուշագրավ հայտարարություն է արել՝ պատասխանելով այն հարցին, թե իրավապահ ո՞ր մարմնի բացթողումն էր, որ քրեական գործով անցնող Վահան Մարտիրոսյանը կարողացավ անարգել հեռանալ երկրից:

«Ես դատախազներին հանձնարարական եմ տվել, որպեսզի նախաքննության ընթացքում կիրառելի դարձնեն հետեւյալ կանոնը` քննիչները  կարողանան վերցնել ցանկացած անձի անձնագիրը, որի նկատմամբ՝ կասկածյալ կամ մեղադրյալ, ընտրվում է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցը, որպեսզի չկարողանան հեռանալ: Պարտադիր նման պայման օրենքը չի սահմանում, նախաքննություն իրականացնող անձը՝ քննիչը, ինքը պետք է որոշի՝ նպատակահարմա՞ր է դա, թե՞ ոչ: Այսինքն՝ անձնագիրը վերցնելու ֆորմալ պարտավորություն քննիչը չունի, բայց դա թույլ կտա խուսափել նման դեպքերից: Իմ կողմից տրվել է հանձնարարություն՝ միջոցներ ձեռնարկել անձնագրերը վերցնելու ու գործին կցելու համար»,- ասել է գլխավոր դատախազը:

Փաստորեն, այս քայլով դատախազությունը նպատակ ունի ուժեղացնել վերահսկողությունը չբացակայելու ստորագրություն տված անձանց նկատմամբ: Yerkir.am-ը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեց` արդյո՞ք այս քայլը չի խոչընդոտում անձի՝ իր երկրի ներսում ազատ տեղաշարժի իրավունքին:

«Կառավարության որոշմամբ` նման իրավունք վերապահված է քննչական մարմիններին, համաձայն դրա՝ առանց խափանման միջոց ընտրելու և առանց մեղադրանք առջադրելու էլ քննիչը կարող է որոշել վերցնել անձնագիրը, սակայն դա արդարացի չէ: Այսօր անձնագիր վերցնել մի մարդուց, ով ազատությունից չի զրկվել, հղի է ծանր հետևանքներով: Մարդն այդ կերպ փաստացի զրկվում է աշխատանքից, անձը չի կարող մասնակցել ընտրությունների, գործարք կատարել և այլն»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ պրակտիկայում շատ են եղել դեպքեր, երբ նախաքննության ընթացքում քաղաքացիներից անձնագրեր են վերցրել՝ այդ կերպ խոչընդոտելով նրա գործունեությանը: «Անձնագիրը հանդիսանում է պետության սեփականությունը, այսինքն` չի կարելի հենց այնպես այն վերցնել: Պարզապես նախաքննական մարմինը պետք է կարողանա թույլ չտալ, որպեսզի անձը բացակայի հանրապետությունից, իսկ դրա համար կարելի է, օրինակ, համագործակցել ԱԱԾ-ի հետ, ոչ թե մարդկանցից անձնագիր վերցնել»,-ասաց նա: