Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի մահվան օրն է:
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Ուղիղ մեկ տարի առաջ Վահանի մասին գրած տողերս։ Այսօր էլ ցավը նույն է... Ցավն անսահման է, մխիթարվելը դժվար, ավելի դժվար՝ հաշտվելը:
Բոլորն են անակնկալի եկել։ Նույնիսկ նրանք, որ գիտեին աննահանջ հիվանդության մասին, դժվարանում են հավատալ։ Դժվարանում են, որովհետև մահը չէր սազում Վահանին, մահը Վահանի համար չէր, Վահանն այնքան ապրեցնող էր, վահանավարի անխոցելի, մահվան աչքերի մեջ նայած, կյանքն արժևորող…
Մենք ու ՆԱ հրաշքի էինք սպասում ու մտածում՝ մահն ու՞մ շունն է…
Անկարելի է նույնիսկ օրեր առաջ, երբ անգամ Գերմանիայից ժամանած ինքնաթիռն այլևս վերջին հանգրվանի հասցե էր ճշտել, անգամ այսօր, երբ մեր խոնարհված դրոշների, մեր կարկամած հայացքների ու «Վերքերով լի ջան ֆեդայ եմ» երգի հնչյուններն ներքո գնացիր միանալու գաղափարի զինվորներն, նրանց, ովքեր ապրեցին «ամեն բանէ վեր Հայրենիք» հավատամքով …
Ականջներիս մեջ Վահանի ձայնն է, հայացքիս առջև նրա ազնվական, գերող ժպիտը, կյանքի բոլոր գույները, վերելքներն ու վայրէջքները ճաշակած աչքերի փայլը, անկաշկանդ, բայց երբեք չցավացնող հումորը…
Անհնար է հավատալը, ավելի դժվար՝ հաշտվելը։
Ասում են մարդուն ճանաչում են մարտի դաշտում ու ճանապարհին։ Վահանի հետ մարտի դաշտում չեմ եղել։ Այնտեղ՝ Շահումյանում, Գետաշենում, Արցախում, ուր կոփվում, նվաճվում էր Հայաստանի անկախությունն ու արժանապատվությունը շատերի հետ ու շատերի պես Վահանը ճանաչեց մահը: Բայց կար արդյոք Հայրենիքին ու արյամբ ժառանգված ուխտին ծառայելու այլ միջոց… չկար, նույնիսկ, եթե անգամ մնացյալ ողջ կյանքի համար բաժանվում էր գիտությունից ու պաշտելի մասնագիտությունից՝ հնագիտությունից։
Հետադարձ չկար, ու ինքը լավ գիտեր, քաղաքական դաշտից հետադարձ չի լինում, մանավանդ որ պայքարն այլևս ազատ, անկախ, արժանապատիվ ու արդար հայրենիքի պայքար էր։
Արդար ու ազատ պետություն-հայրենիքի համար Վահանը պատրաստ էր նաև զրկվել իր տեսակի համար ամենաթանկ բանից՝ ազատությունից։ Ինքը լավ գիտեր՝ ո՛չ անկախությունը, և ո՛չ էլ հաղթանակները հենց այնպես՝ առանց զոհաբերության չեն տրվում։ Վահանը պատրաստ էր զոհաբերության. մեզ ու շատերիս համար ուղիղ մեջքով քայլելու ճանապարհն էր հարթում, եթե նույնիսկ այն անցնում էր ճաղավանդակների միջով։
Վահանի հետ մարտի դաշտում չեմ եղել, բայց նրան ճանաչել եմ ճանապարհին, այն անհանգիստ ու ցավոտ ճանապարհին, որի անունը հանուն Հայաստանի պայքարն էր։ Իսկ այդ ճանապարհը միայն Հայաստանով չէր անցնում։
Վահանի կողքին լինելն ու նրա հետագծով անցնելը դպրոց էր, նրա կողքին հպարտ էիր, որովհետև արքաների ժպիտներից ու բարձր ամբիոններից չէր նվաղում նրա կամքն ու չէր ընկրկում նրա համոզումը, Վահանի կողքին վստահ էիր, նա գիտեր ավելին, քան մենք բոլորս ու տեսնում էր ավելին, քան մենք բոլորս։ Վահանի կողքին ամուր էիր, որովհետև Հայրենիքի գինն ու զորությունը 42 հազար քառակուսի կիլոմետրով չէր հաշվում, ոչ էլ ժամանակավոր տերերին նույնացնում հողն ապրեցնողի հետ։ Վահանի կողքին հպարտ էիր, որովհետև նա բարձր էր ամբոխից ու քեզ էր բարձրացնում, Վահանի կողքին ազնիվ էիր ու իմաստուն, նա տեսնում էր կեղծիքի ու ստի սահմանն ու չէր թողնում, որ հաշտվեիր դրա հետ։
Առաջինը ինքը չէր հաշտվում՝ անհաղթահարելի հիվանդությունն անգամ ոչինչ էր անանձնական տագնապների կողքին ու նա մեր ժամանակների մայրամուտը կասեցնելու զանգն էր գուժում։
Երբեք չեմ ընդունել «անփոխարինելի մարդիկ չեն լինում» հաստատումը։ Համոզումս ավելի է կարծրանում այս օրերին, երբ փորձում եմ Աստծո անմնացորդ շռայլությամբ աշխարհ եկած Վահան տեսակ փնտրել։
Վահան, մենք, ավաղ, անկարող էինք քո ֆիզիկական մայրամուտը կասեցնել, բայց քո տեսակի առաքելությունը պարտադրում է մի քիչ Վահան լինել, այնպես ապրել, որ Մայրամուտը երբեք չմոտենա մեր Հայրենիք-երկրի հորիզոնին։
28.12..2014»: