կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-03 14:25
Աշխարհ

Իսմայլովան հանգամանալից և արդյունավետ կերպով խայտառակեց Ալիևին. The Washington Post

Իսմայլովան հանգամանալից և արդյունավետ կերպով խայտառակեց Ալիևին. The Washington Post

The Washington Post պարբերականն իր խմբագրականում անդրադարձել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային, ով սեպտեմբերի 1-ին դատապարտվեց 7,5 տարվա ազատազրկման:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ կրճատումներով:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին մի քանի տարիների ընթացքում բանտարկել է մոտ 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, կրոնական և ընդդիմադիր գործիչների՝ իր վարչակարգը վերածելով Եվրասիայի ամենաբիրտ ոստիկանական պետություններից մեկի։ Նրանցից շատ քչերն են նրան խայտառակել այնքան հանգամանալից և արդյունավետ կերպով, որքան Խադիջա Իսմայլովան:

Իսմայլովան երեքշաբթի դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման Ադրբեջանի զավեշտալի քաղաքական դատավարություններից մեկից հետո, որոնք արդեն իսկ սովորական են դառնում: Նրա «հանցանքը» «Ազատություն» ռադիոկայանի համար գրված սուր հետաքննական հոդվածների շարքն է, որում բացահայտվում է, թե ինչպես են Ալիևն ու նրա ընտանիքը կոռուպցիայի միջոցով պետության հաշվին դիզել իրենց հարստությունը:

Երկուշաբթի Իսմայլովան մատուցեց իր վերջին հարվածը՝ իր հետապնդումների վերաբերյալ ջախջախիչ վերլուծությունը: 39-ամյա լրագրողն ասել է իր վերջին խոսքում՝ իրեն ներկայացված մեղադրանքները նման են այն մեղադրանքներին, որոնք ինքն իր հոդվածներում առաջադրել է Ալիևին և նրա ընտանիքին ՝ անօրինական գործարարություն, հարկերից խուսափել և իշխանության չարաշահել: Տարբերությունը, նրա խոսքով, այն է, որ ինքն իր մեղադրանքները հիմնավորել է փաստերով, ապացույցներով և փաստաթղթերով, մինչդեռ իր դեմ գործը հիմնվել է թերի, կեղծված հայտարարությունների և ռադիոկայանի հետ իր հարաբերությունների վերաբերյալ` հեշտությամբ հերքվող պնդումների վրա: Ոչ մի վկա նրա դեմ վկայություն չի տվել դատարանում:

Կայքը նշում է, որ թեև Իսմայլովային թույլ չեն տվել անգամ ավարտել իր խոսքը, սակայն նրա խիզախ ելույթը Ադրբեջանը ժողովրդավար տեսնել ցանկացող ադրբեջանցիների համար ոգեշնչման աղբյուր կլինի:

«Ես չեմ ընկճվելու: Այո, ես գուցե բանտում եմ, սակայն շարունակելու եմ աշխատել»,- թերթը մեջբերում է լրագրողի խոսքերը:

 «Իսմայլովայի կանխատեսումն ավելի հավանական կդառնա, եթե Ալիևի հանդեպ Միացյալ Նահանգները և արևմտյան մյուս ժողովրդավարությունները պակաս հանդուրժող լինեն. նրանք ցանկանում են օգտվել երկրի նավթից ու գազից և մեծ նշանակություն են տալիս Ադրբեջանի հարաբերական անկախությանը Ռուսաստանից:

Անհավատալի է, բայց Ադրբեջանը մնում է Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային կազմակերպության անդամ, ինչը ենթադրում է ժողովրդավարական արժեքների տարածում, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանություն:  Այս ամռանը պարոն Ալիևին թույլատրվել էր հյուրընկալել առաջին Եվրոպական խաղերը»,- գրում է կայքը՝ խոսքերը եզրափակելով հետևյալ տողերով. «Իսմայլովայի ազատազրկման երկար ժամկետը մտահոգություն է առաջացրել, բայց` ոչ դատապարտում ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից, որը կոչ է արել ազատ արձակել նրան, սակայն, միաժամանակ, որևէ կերպ չի ասել, որ Ալիևը կամ պետական դատախազները զգալի հետևանքների կբախվեն իրենց քայլերի համար»: