Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական Аzernews լրատվական ռեսուրսին ասել է, թե ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը` որպես անկախ պետություն, այդ պատճառով չի ճանաչում ԼՂՀ-ում անցկացվելիք ընտրությունների արդյունքները` Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդեցության տեսանկյունից:
Ուորլիքի մեկնաբանությունները վերաբերում են այս ամիս Արցախում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին: ԱՄՆ-ի նման դիրքորոշումն արտառոց չէ: Նմանատիպ հայտարարություն Վաշինգտոնն արել է մայիսին Արցախում փայլուն կերպով կայացած խորհրդարանական, դրանից առաջ` նախագահական, ՏԻՄ նախորդ ընտրությունների, հանրաքվեների կապակցությամբ:
Արտառոցը կլիներ այն, եթե ԱՄՆ-ից, ինչպես նաև Եվրոպայից և Ռուսաստանից նման մեկնաբանություններ չհնչեին` առհասարակ. բանակցային ներկայիս գործընթացի տրամաբանությունից ելնելով` ԼՂՀ-ում ընտրությունների կամ հանրաքվեների անցկացման անտեսումը, առավել ևս` դրանց արդյունքների ճանաչումը նշանակելու էր ԼՂՀ-ի ինքնիշխանության և պետականության ճանաչում` անկախ ընթացող բանակցությունների արդյունքից: Նման շռայլություն միջնորդ երկրները, բնականաբար, իրենց թույլ տալ չեն կարող:
Դրան զուգահեռ, սակայն, Ուորլիքի հայտարարությունը պարունակում է կարևոր մի նրբերանգ, որը նոր լույսի ներքո է մատուցում կայանալիք ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը: Ըստ էության` Ուորլիքը հայտարարել է ոչ թե ինքնին ընտրություններ անցկացնելու` ԼՂՀ ժողովրդի իրավունքը, այլ այդ ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին, ընդ որում` ոչ թե կատեգորիկ, այլ միայն ԼՂ-ի իրավական կարգավիճակի որոշման տեսանկյունից: Այլ կերպ ասած` ի դեմս Ուորլիքի` Վաշինգտոնը ճանաչում է ԼՂՀ հասարակության` ընտրություններ կազմակերպելու միջոցով իր կենսագործունեությունը կազմակերպող մարմիններ ձևավորելու իրավունքը: Անկախ Ադրբեջանի դիրքորոշումից կամ դիմադրությունից` սա կայանալիք ընտրությունները լեգիտիմացնող հայտարարություն է: Ամենակարևորն այն է, որ այս դիրքորոշումը, կարծես, վերածվում է օրինաչափության` ի հեճուկս ԼՂ-ն բացառապես տարածքային վեճի առարկա ներկայացնելու` Բաքվի համառ և հետևողական ջանքերի:
Խնդիրն այն է, որ Ուորլիքը գրեթե բառացիորեն կրկնել է անցած մայիսին ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած համատեղ հայտարարության բովանդակությունը: Հիշեցնենք` ընտրություններից հետո համանախագահները հայտարարել էին. «Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք ԼՂ ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում»: Ապա ավելացրել. «Մենք չենք ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում ԼՂ-ի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները...»:
Այսինքն` կարելի է ամրագրել, որ մայիսից կարգավորման գործընթացում հաստատվել է մի նոր ստատուս քվո, երբ միջազգային հանրությունը բաց տեքստով ճանաչում է ԼՂՀ բնակչության ամենակարևոր` ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու, սեփական կյանքն ինքնուրույն կազմակերպելու իրավունքը: Բայց սա ոչ թե միջնորդների քաջության կամ Հայաստանի արտաքին ճկուն քաղաքականության արդյունքն է, այլ Ադրբեջանի` կարգավորման գործընթացում կատարյալ ինքնամեկուսացման տանող քաղաքական ուղեգծի շարունակման: Այս կերպ ԱՄՆ-ը պատասխանում է բանակցային գործընթացը վիժեցնելու, պրոցեսն ավելի ու ավելի լարելու` Բաքվի քաղաքականությանը:
Մյուս կողմից` ԼՂՀ-ում անցկացվող ընտրությունների մակարդակը միջազգային հանրության համար ավելի ու ավելի համոզիչ է դարձնում ալիևյան սուլթանատի, Ադրբեջանում խորացող տոտալիտար համակարգի հետ ԼՂ-ի անհամատեղելիությունը և այն Ադրբեջանին հանձնելու` ԼՂ բնակչության համար ուղղակի ողբերգական հնարավոր հետևանքները: Սակայն եթե միջազգային հանրության, ավելի կոնկրետ` ՄԽ համանախագահող երկրների լուռ հայացքի ներքո Ադրբեջանն անարգել շարունակում է իր պատերազմազերծ քաղաքականությունը, նման նյուանսներն առանձապես չեն կարող ոգևորիչ լինել:
Օգոստոսի վերջին հայկական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ ԼՂՀ հետ սահմանային առաջնագծում ադրբեջանական զինուժը, խախտելով հրադադարի ռեժիմը, բացի 60, 82 եւ 120 մմ-ոց ականանետերից, կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ-հրթիռահրետանային կայանք: Ադրբեջանի ՊՆ-ն, որը սովորաբար չափազանց արագ է արձագանքում հայկական կողմից հնչող նմանատիպ պնդումներին, այս տեղեկատվությունը որևէ կերպ չմեկնաբանեց` փաստացի հաստատելով կատարվածը:
Մինչդեռ համանախագահները, այդ թվում` նաև պարբերաբար բանակցությունների համար վստահության մթնոլորտի ձևավորման մասին հերթապահ հայտարարություններ անող Ուորլիքը որևէ կերպ դա չմեկնաբանեցին` չնայած այն իրողությանը, որ, կիրառության մեջ նման կայանքներ դնելով, Ադրբեջանն ընդլայնում է պատերազմական գործողությունների և զինատեսակների դիապազոնը` խնդիր ունենալով միջազգային հանրությանը «վարժեցնել» պատերազմի վերսկսման անխուսափելիության և արդեն իսկ պրոցեսի մեջ գտնվելու իրողությանը:
Դրան զուգահեռ Բաքուն տապալեց ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու` ՄԽ-ի նախաձեռնությունը` ևս որևէ արձագանքի չարժանանալով: Դրան Ուորլիքը պատասխանեց ընդամենը այս աշնանը ՄԽ համանախագահների` կրկին տարածաշրջան այցելելու մտադրությունը բարձրաձայնելով: Այցելություններ, որոնք աստիճանաբար վերածվում են էքստրեմալ, բայց արդեն շաբլոնային տուրիստական ճամփորդությունների:
Գևորգ Դարբինյան