կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-27 13:00
Տնտեսական

Դրամի արժեզրկումն անխուսափելի է. տնտեսագետ

Դրամի արժեզրկումն անխուսափելի է. տնտեսագետ

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ համաշխարհային տնտեսության մեջ առկա խնդիրներին և ՀՀ տնտեսության վրա դրանց ազդեցությանը:

«Քսաներորդ դարի վերջին ու քսանմեկերորդի սկզբին բացասական բնույթի զարգացումներն ակնհայտ են դարձել: Արևելք-Արևմուտք հակամարտությունն ուժգնացել է: Այս ամենի արդյունքում` կան բազմաթիվ ֆինանսական ու տնտեսական խախտումներ: Մեր երկիրը, լինելով ոչ մեծ, չունենալով ստրատեգիական բնույթի պլյուսներ, ուղղակիորեն ու մեծապես վնասներ է կրում այդ տատանումներից: Այդ ամենն ավելի ցցուն է հենց ֆինանսական շուկայում»,- ասաց Բոստանջյանը:

Նրա խոսքով` ՀՀ-ում մենք ունենք երկու տրիլիոն դրամի վարկային պորտֆել, և հարց է առաջանում` ինչի՞ համար է դոլար պահվում, եթե դրամն է մեր արժույթը: «Որոշակի թվով մարդկանց համար ինչ-որ առումով շահավետ են դոլարային անցումները, դոլարիզացվածությունը: Հայաստանը, ուզի, թե չուզի, իր կապերն իրականացնում է ՌԴ-ի միջոցով: Ռուսաստանում վիճակը մեզ վրա ուղիղ ազդեցություն ունի»,- ասաց տնտեսագետը:

Նրա բնորոշմամբ`դրամը ոչ այլ ինչ է, եթե ոչ շուկայական ապրանք:

«Մեր իշխանություններն ուզում են մի կերպ պահպանել մեր արժույթի կուրսը, բայց այդպես արհեստականորեն անել այդ ամենը ճիշտ չէ: Դրամի արժեզրկումն անխուսափելի է: Միայն Կենտրոնական բանկը չի կարող իր գործիքակազմով այս տատանումները չեզոքացնել: Ամբողջությամբ չեն կարող իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը: ԿԲ-ն աշխատում է այնպես անել, որ դրամը ընդհանրապես չոչնչանա Հայաստանում»,- ասաց Բոստանջյանը`հավելելով. «Բանկային համակարգը գտնվում է սարսափելի լարված վիճակում: ԿԲ-ն կառավարություն չէ, որ տնտեսությունը խթանի: Ես հանդուրժողականորեն եմ մոտենում ԿԲ-ի կողմից իրականացվող ինտերվենցիային: Գոնե այս դեպքում դրամը չի վերանա»:

Տնտեսագետի խոսքով` 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը խթանեցին գերկառավորողները: «Բացառված չէ, որ գերկառավարողները մի հատ էլ ֆինանսական ճգնաժամ ստեղծեն: ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները համաշխարհային ճգնաժամի սիմպտոմներն են»,- ասաց Բոստանջյանը: