Գաբրիել Անսուրլյանի պատմությունը
1885 թ., Խարբերդ
Աղբյուրը՝ armenianegenocide100
Գաբրիել Անսուրլյանի պատմությունը
1885 թ., Խարբերդ
Հայոց ցեղասպանության ականատես Գաբրիել Անսուրլյանը Մելիտինեի Մայր վարժարանում դասավանդել է քիմիա, բուսաբանություն, թվաբանություն, տոմարակալություն և բնագիտություն: Միաժամանակ եղել է Մելիտինեի ՀՅԴ կոմիտեի քարտուղարը: 1915 թ. մայիսին Բեյրութում ձերբակալվել է իբր իր ծննդավայրը ուղարկվելու համար: Սպանվել է նույն տարվա ամռանը՝ Եդեսիայի մոտ կամ Մելիտինեի բանտում, 30 տարեկանում, թեև այլ տվյալներով՝ վերապրել է ցեղասպանությունը:
Ծնվել է 1885 թ., Խարբերդի նահանգի Մելիտինեի (Մալաթիա) գավառի կենտրոն Մելիտինե քաղաքում:
Ծնողները՝ Ղազար և Գոհար Անսուրյանները վաղաժամ են մահացել և որբուկը մեծացել է Հովսեփ հորեղբոր խնամքի տակ: 1895 թ. հայկական կոտորածների ժամանակ զոհվել է նաև հորեղբայրը և փոքրիկը մնացել է կատարյալ որբ:
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Սբ Երրորդություն վարժարանում:
1903 թ. ուղարկվել է Կարին և անվճար ուսանել Սանասարյան վարժարանում:
1906 թ. ավարտելով ուսումը, վերադարձել է Մելիտինե և ուսուցչություն արել Մայր վարժարանում, դասավանդելով քիմիա, բուսաբանություն, թվաբանություն, տոմարակալություն և բնագիտություն:
Միաժամանակ, եղել է Մելիտինեի ՀՅԴ կոմիտեի քարտուղարը: Ուսուցչություն անելու ընթացքում կապուչին միաբան հայր Սելեսթինի մոտ ֆրանսերեն է ուսանել:
1910 թ. մեկնել է Բեյրութ և ընդունվել Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը:
1911 թ. նշանվել է մի հայ օրիորդի հետ:
1914 թ. ամռանն ավարտել է ուսումը և սպասել աշնանը ավարտական քննությունները հանձնելուն:
1915 թ. մայիսին Բեյրութում ձերբակալվել է իբր իր ծննդավայրը ուղարկվելու համար: Սպանվել է նույն տարվա ամռանը՝ Եդեսիայի մոտ կամ Մելիտինեի բանտում, 30 տարեկանում:
Այլ տվյալներով՝ վերապրել է:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 39–40: