Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) կարծիքով`Մարզահամերգային համալիրի տարածքում ժամանցի հաստատություններ կառուցելը միայն ու միայն Հայաստանում տուրիզմի զարգացման նպատակով է:
«Ես կարծում եմ`եթե մենք ցանկանում ենք, որ Հայաստանում զարգանա տուրիզմը, ապա այդպիսի ներդրումները, որ ցանկանում են կատարել, պետք է միայն խրախուսենք և պետությունն էլ իր աջակցությունը պետք է ցույց տա, որ մարդիկ ներդրումներ անեն: Ասենք` մարդիկ գալիս են Հայաստան և ուզում են գնալ այնպիսի վայրեր, որոնք եվրոպական չափանիշներին համապատասխան են: Այստեղ ոչ մի վատ բան էլ չկա: Եթե մենք այսօր տուրիզմի զարգացման վրա ենք շեշտը դնում, դա շատ լավ բան է»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը: Մեր այն հարցին, որքանո՞վ է նպատակահարմար, որ Հայոց ցեղասպանության թանգարանին այդքան մոտ զվարճանքի կենտրոններ, կազինոներ գործեն, Հակոբյանը պատասխանեց.
«Տեղ չկա, որտեղ չլինեն պատերազմի մասնակիցների հետ կապված հուշարձաններ, գերեզմաններ: Հիմա տեսեք, մարդիկ կարող են մտնել թանգարան հուզվել, գրառումներ թողնել, հետո ովքեր կցանկանան մտնել ժամանցի վայրեր, թող մտնեն, դա իրենց իրավունք է, մենք հո չե՞նք սահմանափակելու մարդու իրավունքները»: Հակոբյանի դիտարկմամբ` նմանատիպ ժամանցի վայրեր գնացող մարդիկ ընդհանրապես Ցեղասպանության թանգարան չեն էլ գնում: «Էդ ազարտնի խաղերով տարվածները, զվարճանքի կենտրոններ գնացող մարդիկ սկի Ցեղասպանության թանգարանին չեն էլ նայի: Այս ամեն ինչին այլ բացատրություն կա. հիմա մենք ամբողջ աշխարհին ցույց կտանք, որ ցեղասպանություն է եղել, հայ ժողովուրդը հիշում է և բոլորին ենք մենք առաջարկում հիշել և անմիջապես պատերից հետո մի ուրիշ բան ենք առաջարկում և ցույց տալիս, թե կյանքը որքան գեղեցիկ է, կյանքը շարունակվում է: Ես էլ ուրիշ ձևի պրոպագանդա եմ անում էլի»,- ասաց նախկին պատգամավորը` հավելելով.
«Մենք ոչ թե մենակ լաց ու սուգ ենք տալիս մեր ժողովրդին ու մեր տուրիստներին, այլ հետն էլ ասում ենք` կարող եք գալ, հանգստանալ, սեմինարներին մասնակցել, օգտվել խանութներից, ռեստորաններից, կազինոներից, դրա մեջ ոչ մի վատ բան չկա»:
Դիտարկմանը, թե ստացվում է`խաղատուն է կառուցվում հենց քաղաքի ներսում և պատմամշակութային հուշակոթողի տարածքում, Հակոբյանը պատասխանեց, որ կարող է նաև քաղաքի տարածքում լինել: «Եթե պետությունը խնդիր ունի պետական բյուջեն համալրելու, բա հենց իրենց մենեջմենտն է, այնպես են անում, որ կարողանան գումարներ բերեն, հակառակ դեպքում մեր բյուջեն չի համալրվի: Բա կազինոներից չունենանք, սիգարետից չունենանք, խմիչքից չունենանք, բա էդ գումարները որտեղի՞ց պետք ա գնան պետական բյուջե»,- եզրափակեց Հակոբյանը: