Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի լրանում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 60-ամյակը, և փառատոնի շրջանակներում այսօր հարգանքի տուրք կմատուցվի կինոռեժիսորին. կցուցադրվի նրա «Սպիտակ քաղաք» ֆիլմը: Խաչատրյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ և խոսեց իր առաջիկա ծրագրերի, մտահոգությունների, կինոյի մասին:
Կարևորը` ընտանիքս ու ընկերներիս չեմ կորցրել
Այս գիշեր մտածում էի` ինչ եմ ձեռք բերել և ինչ եմ կորցրել իմ կյանքի, ստեղծագործական ուղու ընթացքում. փառք Աստծո, ընտանիքս ու ընկերներիս չեմ կորցրել: Արվեստը շատ դաժան բան է, պետք է ինչ-որ զոհողության գնաս. շատերը թողնում էին իրենց ընտանիքը, ընկերներին: Կարծում եմ` ավելի լավ է ֆիլմ չնկարես, քան կորցնես ընտանիքդ ու ընկերներիդ: Ամենակարևորը` չեմ կորցրել իմ ախորժակը` նկարելու նոր ֆիլմեր, նաև ցանկությունս` օգնել երիտասարդներին:
Վախով եմ ֆիլմերս ցուցադրում Հայաստանում
Հիմա նոր ֆիլմս եմ ավարտում, որը կցուցադրեմ աշնանը: Ես միշտ վախեցել եմ իմ ֆիլմերն այստեղ ցուցադրել, քանի որ դրանք դժվար են ընկալվում: Դրա համար ես սովորաբար ֆիլմերս տանում եմ արտասահման, մի քանի մրցանակներ ստանում, հետո նոր բերում Հայաստան` կարծես «համոզելով»` լավ, այնքան էլ վատ ֆիլմ չեմ նկարել: Ուզում եմ ասել` պետք է համբերես, անպայման չէ` միանգամից լավ ֆիլմեր նկարահանես:
Ֆիլմ` Վահան Տերյանի մասին
Հիմա 4-5 ֆիլմի սցենարներ ունեմ, որոնք պետք է նկարեմ: Ֆիլմերից մեկը Վահան Տերյանի մասին է, որտեղ, բնականաբար, անդրադարձ կկատարվի նաև Ջավախքին. սա արդեն 3-րդ ֆիլմն է Ջավախքի մասին: Առաջին ֆիլմից մինչ այսօր աշխատում եմ Միքայել Ստամբոլցյանի հետ, և նա միակ մարդն է, ով միշտ չի հավանում իմ ֆիլմերը, դրա համար էլ խնդրում եմ, որ իմ կողքին լինի:
Նոր կինոնախագիծը
Վավերագրական նոր ֆիլմս գաղթականների մասին է, ովքեր մեկնում են Հայաստանից, բայց ոչ Ռուսաստան կամ Կամչատկա. ընտանիքը «Գրին քարտ» է շահում և մեկնում ԱՄՆ: Ես նկարահանեցի հայ մարդու մետամորֆոզները, որոնք պատահում են նրանց հետ ԱՄՆ-ում: Կարծում եմ` հեշտ չէ ապրել դրսում: Նկարահանումներն իրականացրել եմ բանտում, նարկոդիսպանսերներում, դպրոցներում, ծերանոցներում, այսինքն` ներկայացրել եմ թե\' լավը, թե\' վատը` այն, ինչ կա: Ուզում էի ցույց տալ, որ օտարությունը օտարություն է մնում, շատ դժվար է արմատներից կտրվելն ու հեռանալը, շատ դժվար է նաև վերադառնալը:
Հարություն Խաչատրյանի տասը տարվա լռության մասին
Իմ կյանքում եկավ մի շրջան, որ ես թողեցի կինոն: Այդ ժամանակ Վահագնի թաղամասի շինարարական աշխատանքներն էին ղեկավարում: Ես իսկապես շատ հայ եմ, և ոչ մի հայ տղամարդ չի կարող իր ընտանիքին սոված թողնել: Մենք շատ դժվար ժամանակ ենք ապրել: Երեկ ժյուրիի անդամներից մեկն ասում էր, թե շատ թույլ են «Հայկական համայնապատկեր»-ում ընդգրկված ֆիլմերը, իսկ ես բացատրեցի, որ կար մի շրջան, որ մենք լույս չունեինք, հեռուստացույց չէինք նայում: Եթե չլիներ տղամարդկանց պատասխանատվությունը, մենք երևի մինչև հիմա չապրեինք: Կարծում եմ` հիմա էլ բլոկադայի մեջ ենք, բայց շատ հարուստ փառատոն ենք անում, հարուստ` մեր հյուրերով: Այդ տասը տարին ինձ համար կորցրած տարիներ էին, որովհետև ես տասը ֆիլմ չնկարեցի, մյուս կողմից` Վահագնի թաղամասն ինձ համար նույնպես կինո է:
Վերադարձը կինո` հաղթանակներով
Վերջին ֆիլմս նկարահանել էի 1994-ին, այն կոչվում էր «Վերջին կայարանը»: Կինոաշխարհ վերադարձա 2003-ին` «Վավերագրողը» ֆիլմով: «Վավերագրողը» ֆիլմի հաջողությունն ինձ համար Աստծո պարգև էր, քանի որ լռությունից հետո չգիտեի` ինչպես կընդունվեմ: Մրցանակները, առհասարակ, ոգևորում են մարդուն, ստիպում աշխատել, նոր նախագծեր կյանքի կոչել: Հասկացա, որ պետք է հորինեմ նոր պատմություն և չհիասթափվեմ այն մարդկանց խոսքերից, որոնք չեն սիրում իմ ֆիլմերը:
Եթե Նաստասյա Կինսկին համարձակություն ցուցաբերի, Հարություն Խաչատրյանը ֆիլմ կնկարահանի նրա մասին
Նախորդ օրը խոսք գնաց Նաստասյա Կինսկիի հետ համատեղ ֆիլմ նկարահանելու մասին: Ես Նաստասյայի մասին չեմ կարող ֆիլմ նկարահանել, քանի որ աստղերին այնքան էլ լավ ծանոթ չեմ, բայց կարող եմ ֆիլմ նկարահանել կնոջ մասին, ով ունեցել է վերելքներ ու վայրէջքներ: Եթե նա չվախենա ու բացվի, թե որքան դժվար է լինել կին և ստեղծագործել, ես սիրով կանեմ դա:
Հայաստանում դժվար է ճշմարիտ ֆիլմ նկարահանել
Հայաստանում ճշմարիտ ֆիլմ նկարելը շատ դժվար է: Շատերը զարմանում են, թե ինչու են մարդիկ սիրում կատակերգությունները, ռաբիսը: Որովհետև մարդիկ սկսել են հասկանալ և ընկալել միայն պրիմիտիվ արվեստն ու նախադասությունները: Մենք փառատոնը կյանքի չենք կոչել, որպեսզի շոուներ անենք, որոնք մարդկանց տանում են իրենց հետևից: Մենք պետք է ստեղծենք ֆիլմեր, որոնք մտածելու տեղիք կտան, կկրթեն: Շնորհքով մարդիկ շատ կան, բայց նրանց մեջ քառակուսի մի բան կա, որը փոխել ի վիճակի չեն:
Դիմել են քաղաքապետարան
Դիմել ենք քաղաքապետարան, որպեսզի մեզ տան մի դպրոց, որտեղ մենք մշակութային կրթություն կիրականացնենք: Հիմա, անկեղծ ասած, վախենում ենք, որ նրանք կհամաձայնեն, որովհետև մի ամբողջ կյանք կնվիրենք դրան: Բայց մենք սիրով դա կանենք, քանի որ սկսել ենք հասկանալ` մարդիկ չեն մտածում, ընդունում են միայն վատ, թեթև մշակույթը: Սկզբում աշխարհի լիդերներն ուրախանում էին` ասելով, որ մարդիկ, որոնք փոփքորնային մշակույթ են ընդունում, նրանց հեշտ է ղեկավարել: Բայց պարզվեց` նրանք շատ պայթունավտանգ մարդիկ են, որովհետև չունեն երկրորդ շերտի մտածողություն, ազգային մտածողություն: Շատ երկար խոսեցի, բայց սա իմ հիվանդ թեմաներից մեկն է: Դժբախտաբար, չունենք կինոյով զբաղվողների միասնականություն, որպեսզի կարողանանք ճիշտ քաղաքականություն մշակել: Մենք հայտնաբերում և կորցնում ենք երիտասարդներին, մինչդեռ` պետք է շատ ուշադիր լինենք նրանց հանդեպ: Կարծում եմ` մենք կհասնենք դրան, չնայած այն հանգամանքին, որ կինոքննադատները չեն գրում հոդվածներ, ավելի հեշտ ղեկավարվող մարդկանց են ֆիլմեր տալիս: Կինոն շատ կարևոր զենք է, հատկապես` փոքր ազգերի համար, և մենք իրավունք չունենք այդ զենքը կորցնելու:
Ինչպես է հաջողվում անվճար Երևան բերել 50 000 եվրո հոնորար պահանջող ռեժիսորներին
Չեմ սիրում հրավիրել հյուրեր, որոնք ռեժիսոր չեն: Ես, իհարկե, սիրում եմ դերասաններին, բայց ինձ համար կարևոր է կրթությունը, ռեժիսորների` վարպետության դասերը, որոնք ինչ-որ պաշար են տալիս երիտասարդներին: Մենք չենք գժվում, երբ մարդիկ չեն գալիս այստեղ, որովհետև մենք աշխարհահռչակ դեմքեր ենք բերել Հայաստան, ինչպիսին, օրինակ, Կիմ կի-Դուկն է: Մենք հրավիրում ենք մարդկանց նաև առանց գումարի, և նրանք գալիս են այստեղ` միայն իրենց մրցանակը ստանալու համար: Հայաստան անվճար գալիս են մարդիկ, որոնց` արտերկիր գնալու հոնորարը 50 000 եվրո է, բայց մենք իրավունք չունենք 50 000 եվրո տալ նրանց: Չունենք էլ այդ գումարը…
Ես երջանիկ եմ
Մարդկային հարաբերություններում ինձ համար ամենակարևորն աշխատասեր մարդն է, քանի որ աշխարհը սկսել է դառնալ շատ թամբալ: Գնում եմ գյուղ` Ուշի, որտեղ ես տուն ունեմ, և այն, ինչ տեսնում եմ, ցավ է պատճառում ինձ. տղամարդիկ նստած նարդի են խաղում, իրենց բալն էլ չեն հավաքում: Խոսքս կուզեի եզրափակել` ասելով` երջանիկ եմ և հույս ունեմ` «Ոսկե ծիրանը» երբեք չեմ թողնի:
Կարինե Հարությունյան