կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-14 20:42
Հասարակություն

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները որոշեցին 3 օր ճանապարհ չփակել

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները որոշեցին 3 օր ճանապարհ չփակել

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան ավարտվեց: Մասնակիցները որոշեցին 3 օր ճանապարհ չփակել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ակցիայի մասնակից Ջիվան Աբրահամյանը:

Հունվարի 14-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի:

Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: