կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-15 17:02
Առանց Կատեգորիա

Պատերազմի սպառնալիք` ցայտնոտից

Պատերազմի սպառնալիք` ցայտնոտից

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ հանձնարարել է` հայկական կողմից իրենց բնակավայրերի գնդակոծման դեպքում մեծ տրամաչափի զինատեսակներից կրակ բացել հրաձգային զինատեսակների համար անհասանելի հայկական դիրքերի, ռազմական օբյեկտների և բնակավայրերի ուղղությամբ: Ըստ էության` Հասանովը հանձնարարել է անցնել հրետանային միկրոպատերազմի նոր փուլի: Այսպիսով` Բաքուն հայտարարում է ապրիլից հաստատված հրադադարի ռեժիմից դուրս գալու մասին:

Դա հայկական զինուժի կողմից իբր ադրբեջանական բնակավայրերը, կոնկրետ` Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղը նախօրեին գնդակոծելու` Բաքվի պնդումների հետ ոչ մի կապ չունի: Նախ` այդ գյուղում երեկ տեղի ունեցած` խոշոր տրամաչափի ինչ-որ փամփուշտի կամ արկի պայթյունը, ադրբեջանական լրատվամիջոցների իսկ հավաստմամբ, տեղի է ունեցել գյուղի բնակիչներից մեկի տան բակում կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված` հավանաբար 90-ականներից մնացած արկի հետ անզգույշ վարվելուց: Պաշտոնական Բաքուն այդ միջադեպը պարզապես դարձնում է երկամսյա հարաբերական խաղաղությանը վերջ տալու առիթ: ԼՂՀ ՊԲ-ն այսօր արդեն հաստատեց, որ հակառակորդը երեկ բավականին ակտիվացրել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը` կիրառելով նաև ականանետեր:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տված հրամանը սնվում է ոչ թե այդ միջադեպից, այլ Իլհամ Ալիևի մոտ ի հայտ եկած հիվանդագին մտասևեռումներից: Հուլիսի 14-ին` կառավարության նիստի ժամանակ, Ալիևը կրկնել է իր այն միտքը, թե միջազգային իրավունքի նորմերն այլևս չեն գործում, և դա հիմքեր է ստեղծում հարցը ուժային եղանակով լուծելու համար: «Մեկ շաբաթվա ընթացքում այնտեղ (Հայաստանում-հեղ.) քարը քարին չի մնա: ...Մենք ձեռնարկում ենք մեր միջոցները, և կգա այն օրը, երբ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Իսկ մինչև դա մենք իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքները»,- ասել է նա: Հայկական բնակավայրերը գնդակոծելու` Հասանովի հրամանը լիովին տեղավորվում է այդ «նախապատրաստությունների» տիրույթում:

Ալիևի այս հայտարարությունը վկայում է ԼՂ հարցում Ադրբեջանի կատարյալ ցայտնոտային վիճակի մասին: Դա վտանգավոր է նրանով, որ այդ փակուղային վիճակը ճեղքելու համար Բաքուն կարող է դիմել ռազմական արկածախնդրության: Դրա հնարավոր է համարում նաև ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ինչի մասին է վկայում վերջին մեկ ամսվա ընթացքում նրա գերակտիվ մաքոքային դիվանագիտական գործունեությունը` մյուս համանախագահներին ԱՄՆ հրավիրելը,  ՌԴ արտգործնախարարի հետ հանդիպելու նպատակով Մոսկվա մեկնելը, այնտեղ «Ведомости» թերթին տված հարցազրույցում նման անհանգստության բարձրաձայնումը և հուլիսի 20-ին ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարելիք այցը:

Այդ փակուղայնությունը դրսևորվում է նրանում, որ, չնայած Բաքուն ամեն ինչ անում է բանակցային ներկայիս գործընթացի տրամաբանությունը փոխելու,  Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատն իմաստազրկելու ուղղությամբ, սակայն Արևմուտքը և, մասնավորապես, ԱՄՆ-ն ավելի ու ավելի են հակադրվում նման քաղաքականությանը` դրան գումարած նաև Ադրբեջանում բռնապետական կարգեր սահմանելու հանդեպ միջազգային անհանդուրժողականության խորացումը:

ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովն օրերս հաստատեց ԼՂ-ին մարդասիրական օգնություն տրամադրելու ծրագիրը: Ամենամյա այս հատկացման մեջ էականը ոչ թե գումարի չափն է, այլ այն, որ ի սկզբանե որոշված է եղել այդ հատկացումը կատարել ԼՂ հակամարտության պատճառով տուժած շրջանի վերականգնման և պաշտպանության համար: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը ԼՂ խնդիրը դեռևս դիտարկում է ոչ թե հետևանքների, այլ պատճառների վերացման դաշտում: Որովհետև, այսպիսով, ԼՂՀ-ն, այլ ոչ թե Ադրբեջանն է ընկալվում որպես հակամարտության զոհ, ինչպես փորձում է մատուցել պաշտոնական Բաքուն:

Բացի դրանից`  «Ведомости» թերթին տված հարցազրույցում Ջեյմս Ուորլիքը կատարում է երեք շատ կարևոր նկատառում, որոնք ուղղակիորեն հաստատում են Բաքվի վերջին շրջանի մաքսիմալիստական քաղաքականությունը մերժելու` Վաշինգտոնի տրամադրվածությունը: Նախ` նա հայտարարում է, թե Ադրբեջանի տարածքների վերադարձը չի կարող դիտարկվել ԼՂ կարգավիճակի հստակեցման, խաղաղության երաշխիքների ապահովման և փախստականների վերադարձի հարցի լուծման համատեքստից դուրս: Այլ կերպ ասած` Ուորլիքը հաստատում է, որ ԼՂ կարգավիճակի հարցը, ուզի Բաքուն, թե ոչ, լինելու է բանակցությունների առանցք:

Երկրորդ` նա նշում է, թե Հայաստանը պետք է մասնակցի բանակցություններին, քանի որ միայն այդ կերպ հնարավոր կլինի վերահսկել վտանգավոր ռազմական իրավիճակը: Փաստորեն, ԱՄՆ-ը Հայաստանը դիտարկում է ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորի կարգավիճակում ու, թեև ոչ բացահայտ, բայց հակամարտության իրական կողմ է համարում ԼՂՀ-ն: Սա նախազգուշացում է Բաքվին, որ պատերազմի վերսկսման պարագայում նա կարող է բախվել ԼՂՀ-ի անկախությունը միջազգայնորեն ճանաչվելու իրողությանը: Դրա ուղղակի սպառնալիքն էր պարունակում նաև ԼՂՀ նախագահին Մեծ Բրիտանիա հրավիրելու և խորհրդարանում ելույթ ունենալու հնարավորության ընձեռումը, որն արդեն նախազգուշական ուղերձ էր ԵՄ-ից:

Եվ երրորդ` Ուորլիքը փաստացի զգուշացնում է, որ եթե պատերազմի վերսկսման նպատակը շփման գծում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումն է, ապա ԱՄՆ-ը դա համարելու է Ռուսաստանի կողմից միջազգային հանրության հետ կոնֆրոնտացիայի մի նոր դաշտ ստեղծելու նախաձեռնություն: Սա ուղղված է Ռուսաստանին: Պետք է ենթադրել, որ Ուորլիքը Մոսկվա է մեկնել հենց այս հարցում Կրեմլի նպատակներն ըմբռնելու, գուցե` Ադրբեջանի ձեռքով պատերազմ հրահրելու հետևանքները Մոսկվային հասկանալի դարձնելու նպատակով: Սա ավելի է մեծացնում Ադրբեջանի փակուղայնությունը, որովհետև մի կողմից աքցանների մեջ է վերցվում նաև Մոսկվան, իսկ մյուս կողմից, հատկապես` Հայաստանին ժամանակակից զինտեխնիկա գնելու վարկ տրամադրելուց հետո, Բաքվում այնքան էլ չեն կարողանում վստահել Մոսկվային` հասկանալով, որ նրա նպատակը գուցե ոչ թե ստատուս քվոն փոխելն է, այլ իրավիճակը մշտապես լարված պահելը:

Բաքվին ցայտնոտի մատնող մյուս գործոնը Իրանի` տարածաշրջան վերադառնալու հեռանկարն է: Դա կարող է հանգեցնել տևական ժամանակահատվածում նավթի գների չբարձրացման` խափանելով Հայաստանի հանդեպ ռազմական ահռելի գերազանցություն ստանալու` Ալիևի «նախապատրաստական» ծրագրերը: Իրանը կարող դառնալ Արևմուտքի բնական դաշնակիցը տարածաշրջանում` ռուս-թուրքական տանդեմին հակակաշռելու իմաստով: Նաեւ` դա սպառնում է կատարելապես իմաստազրկել Հայաստանի շրջափակման շարունակումը Թուրքիայի և  Ադրբեջանի կողմից:

Այս գործոններով պայմանավորված` Ադրբեջանին այլ ելք չի մնում, քան պատերազմի վերսկսման սպառնալիքն իրատեսական դարձնելու միջոցով միջազգային հանրության հանդեպ շանտաժի մարտավարությունը խորացնել: Ահա, թե ինչու է Բաքուն որդեգրել սահմանագծին իրադրությունն աստիճանաբար, փուլ առ փուլ սրելու մարտավարությունը:

Գևորգ Դարբինյան